«Հայաստանը ստեղծագործ ոլորտում ունի համապատասխան կարողություններ, որոնք պետք է պահպանի և արտահանի». ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան
Արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում անցկացվում է Կառավարման և առաջնորդության համաժողով, որը նախաձեռնում է «ԱՅ ԷՅ ԲԻ» ակադեմիան՝ Հայաստանում Բրիտանիայի դեսպանության և Բրիտանական խորհրդի աջակցությամբ։
Համաժողովի նպատակն է՝ Հայաստանում բարձրացնել ստեղծարար ոլորտներում առաջնորդության և կառավարման արժեքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը և նպաստել կառավարման և առաջնորդության ոլորտում պրակտիկ մասնագետների և ակադեմիական հանրության միջև համագործակցության զարգացմանը։
Համաժողովի բացմանը ներկա էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը, ինչպես նաև տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետներ և այլք։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով համաժողովին՝ նկատեց, որ սա ևս մեկ առիթ է խոսելու այն կարևոր հարցի շուրջ, ինչպիսին է, օրինակ՝ գիտելիքը կառավարման բնագավառում։
«Բրիտանիայի կառավարությունն աջակցում է հասարակական և պրոֆեսիոնալ կազմակերպություններին՝ կառավարչական հմտություններ փոխանցել Հայաստանում առկա կառավարիչներին, հաշվի առնելով այն լավագույն փորձը, որն առկա է Արևմուտքում։ Սա լավ հնարավորություն է մեզ համար՝ ունենալ այնպիսի կառավարիչներ, որոնք տիրապետում են ժամանակակից գիտելիքներին, տեխնոլոգիաներին։ Այսինքն՝ նրանք մեր մասնավոր և պետական հատվածը ներկայացնող կառավարիչներն են, որոնք իրենց աշխատավայրերում նոր տեխնոլոգիաներով զինված պետք է ավելի արդյունավետ կառավարեն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։
Նրա խոսքով՝ համաժողովը շարունակական գործընթաց է և արժեքավոր է հենց շարունակականության մեջ։
Նա նաև նշեց, որ այսօր Հայաստանն ունի մեծ հնարավորություն՝ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ շարունակել ժամանակակից կառավարման բնագավառում նորագույն գիտելիքները Հայաստանի գործող կառավարիչներին փոխանցելու համար։
«Այս ամենի համար պետք է շնորհակալ լինենք, գնահատենք և օգտագործենք այս հնարավորությունը։ Պետական և մասնավոր բնագավառներում կառավարիչների դերը մեծ է, միշտ պետք է լինի ինքնաքննադատություն, որովհետև պետք է գիտակցենք, որ փորձելու և ավելի արդյունավետ լինելու հնարավորությունները սպառված չեն։ Ներկա փուլում, երբ մենք թևակոխել ենք փոփոխությունների շրջան, և սպասումները բարձր են, այդ հարցի նկատմամբ պատասխանատվությունն ավելի մեծ է։ Կառավարման համակարգում ունենք որակյալ կառավարիչների պակաս»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։
Ողջունելով ներկաներին, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը հիշեցրեց, որ արդեն երկրորդ տարին է, որ Հայաստանում անցկացվում է այս համաժողովը, և արդեն տեսանելի են փոփոխությունները։
«Հայաստանը ստեղծագործ ոլորտում ունի համապատասխան կարողություններ, որոնք պետք է պահպանի և արտահանի, հավատում եմ, որ ստեղծագործ միջավայրում այդ ունակությունները կարող են վերածվել հաջողակ բիզնեսի։ Մեծ Բրիտանիան մեծ ուշադրություն է դարձնում ստեղծագործ միջավայրին, և մենք ցանկանում ենք մեր փորձը կիսել Հայաստանի հետ»,- նշեց դեսպանը։
Մեծ Բրիտանիայից ստեղծարար ոլորտների միջազգային առաջատար փորձագետ
Անամարիա Ուիլսի բնորոշմամբ՝ ստեղծագործ ոլորտներում փոփոխություններն արագ են տեղի ունենում, ուստի մարդիկ պետք է ցուցաբերեն ճկուն մոտեցումներ, որպեսզի այդ փոփոխությունները հարմարեցնեն իրենց կամ իրենք հարմարվեն փոփոխություններին։
Զվարթ Խաչատրյան