«Արևմտամետ ուժերի ներկայությունն օգնելու է իշխանությանը լուծել հայ-ռուսական հարաբերություններում առաջացող խնդիրները»

Նոյեմբերի 26-ին պաշտոնապես մեկնարկեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, որը կավարտվի դեկտեմբերի 7-ին:

Այս ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր» համահայկական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Այս համապետական ընտրությունները կարևորվում են թե ներքին բաղադրիչով, որովհետև այն կլինի թավշյա հեղափոխությունից հետո առաջին համապետական ընտրությունը Հայաստանում և առաջին լուրջ ընտրական փորձությունը ՀՀ ներկայիս իշխանությունների, քաղաքական ուժերի համար, թե՛ արտաքին բաղադրիչով, քանի որ ընտրարշավին մասնակցող ուժերն ունեն արտաքին քաղաքական նախընտրություններ ևս:

Ներկայումս հայաստանյան քաղաքական դաշտում կան թե՛ ռուսամետ, թե՛ արևմտամետ ուժեր, սակայն առավել ազդեցիկ են ուժերը, որոնք իրենց դիրքավորում են՝ որպես արևմտամետ, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների հավասարակշռման անհրաժեշտության հարցը ռուսամետ ուժերի նկատմամբ բացասական վերաբերմունք է ձևավորել հայ հասարակության շրջանում:

«Մենք» դաշինքը, համահայկական «Սասնա ծռեր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն իրենց դիրքավորում են՝ որպես արևմտամետ ուժեր՝ առաջարկելով հասարակությանը եվրոպական մոդելի պետություն: Երկրի զարգացման նման տեսլականներ հայ հասարակությունը լսել է դեռ նախորդ տարբեր ընտրաշրջանների ընթացքում, ուստի եվրոպական մոդելի պետություն զարգացնելու և հայ-ռուսական հարաբերությունները հավասարակշռելու հրամայականն ամենևին էլ նոր չէ հայ հասարակության համար:

Սակայն դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններն է՛լ ավելի ինտրիգային ու առանձնահատուկ են, քանի որ քաղաքական թատերաբեմում հայտնված նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունն աչքի է ընկնում խիստ և կտրուկ հակառուսական դիրքորոշմամբ՝ նշելով, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան վտանգ է ՀՀ ինքնիշխանության համար, պետք է ազատագրվել ռուսական գաղութատիրությունից:

Ավելին՝ կուսակցության համագումարի ընթացքում Վարուժան Ավետիսյանն ասել էր, որ զուգահեռաբար 4 ուղղություններով պետք է առաջ շարժվեն, որոնցից մեկը հետևյալն է` առաջադրել Նախիջևանի և Քուռ գետի աջ ափի տարածքների վրա միջազգային իրավունքին համապատասխան նոր հանրապետության իրավազորության հաստատումը՝ որպես այս գործընթացի հերթական քայլ, և ձեռնամուխ լինել դրա իրականացմանը, ինչի շնորհիվ նոր հանրապետությունն ամբողջ իր տարածքի վրա կձևավորվի որպես Քուռ-Արաքսյան Հանրապետություն:

«168 Ժամը» օտարերկրյա փորձագետների հետ քննարկել է այս ընտրություններին ընդառաջ երևակվող արտաքին քաղաքական պահանջները, դրանց իրատեսականությունն ու հեռանկարայնությունը:

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Հայաստանում միշտ են եղել արևմտամետ ուժեր, հնչեցրել են ԵԱՏՄ-ից դուրս գալու, Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները կամ հարաբերությունների որակը վերանայելու պահանջներ, քանի որ հայ-ռուսական հարաբերություններում եղել են խնդիրներ, այդ թվում՝ հարուցված Ռուսաստանի կողմից:

«Այսինքն` եղել են խնդիրներ, որոնք դժգոհության և պաշտոնական մակարդակում համապատասխան քննարկումների արդյունքում, կարծում եմ, վերանայվել են և դեռ կվերանայվեն: Բայց նման արմատական պահանջներ երբեք չեն հնչել, թեև զարմանալի չէ, որ նման պահանջներ հնչեցնում են «Սասնա ծռերը», որոնց մենք տեղյակ ենք հայտնի իրադարձությունների միջոցով: Ես չեմ կարծում, որ ընդհանրապես հակառուսական այդ պահանջները և նրանց մյուս արտաքին քաղաքական պահանջներն աջակցություն են գտնելու հասարակության շրջանում, քանի որ դրանք դուրս են իրատեսականությունից: Այդ պահանջներին լուրջ չեն վերաբերվի:

Արտաքին քաղաքականությունը մշակվում է՝ ելնելով փաստերից, իրողություններից և հնարավորություններից, նման ծրագրերը դուրս են այդ կոնցեպտից»,- նման կարծիք հայտնեց Ստանիսլավ Տարասովը: Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները, որոնք նախկինում ԵԱՏՄ անդամակցությունը դադարեցնելու կոչով հանդես եկող ալյանսում էին, հրաժարվեցին այդ պահանջից, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ-ռուսական սերտ հարաբերություններն անհրաժեշտ են ՀՀ-ին, քանի որ կան լուրջ խնդիրներ այս տարածաշրջանում:

«Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին և արևմտամետ ուժերին, ապա այդ ուժերի ներկայությունն օգնելու է ՀՀ իշխանությանը հայ-ռուսական հարաբերություններում առաջացող խնդիրները լուծելու համար: Բայց հայ-ռուսական հարաբերություններում որակական փոփոխություններ չեմ ակնկալում, առաջանում են խնդիրներ, առաջիկայում ևս գուցե առաջանան, քանի որ դեռ վստահություն չի ձևավորվել հարաբերություններում»,- ասաց Տարասովը:

Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնի գնահատմամբ՝ սպասվում է ապագաղափարական պայքար, որի ընթացքում նույնիսկ էական էլ չէ, թե որ ուժն ինչպիսի ներքին և արտաքին քաղաքական տեսլական է առաջ քաշում, քանի որ դրանք կարևոր չեն հասարակության համար: Ըստ նրա, հասարակությունն այսպես թե այնպես ընտրելու է հեղափոխություն իրականացրած ուժին, քանի որ այդ ուժն է միավորել նախկինի դեմ՝ պայքարը հասցնելով հաղթանակի: Մաքֆարլեյնի որակմամբ, նոր «հաղթանակները», ըստ հասարակության, դեռ առջևում են:

«Այս պահին արտաքին քաղաքական կողմնորոշումներն առավել ուշագրավ են մեզ` վերլուծաբաններիս համար, քան հասարակության, որովհետև հասարակությունն իր քվեն տալու է իշխող ուժին՝ առանց նրա ծրագրերին ականջալուր լինելու: Կարծում եմ` այդ առումով որևէ նորություն չկա ոչ մեկի համար:

Հայաստանում միշտ եղել են արևմտամետ տրամադրություններ, ուժեր, բայց ի վերջո ստացվել է այնպես, որ ԵՄ-ի հետ հարաբերություններն այնքան էլ գոհացնող ընթացքով չեն զարգացել: Այսինքն` այդ ուժերի պահանջը, ազդեցությունը բավարար չի եղել, կամ հավակնություններն ավելին չեն եղել, քան իշխանությունների հավակնությունները, քանի որ իշխանությունները հնարավորն արել են Եվրամիության ուղղությամբ՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթն ու ՌԴ ներկայիս իշխանությունների տեսակը»,- նման տեսակետ հայտնեց Նեյլ Մաքֆարլեյնը:

Նա նշեց, որ ՀՀ ներկայիս իշխանությունները որևէ կերպ չեն ցուցադրել ԵՄ-ի հետ հարաբերություններն առաջ մղելու քաղաքական կամք:

«Ուստի ես առհասարակ որևէ փոփոխություն չեմ ակնկալում ՀՀ արտաքին քաղաքական կյանքում, քանի որ հաշվի առնելով Հարավային Կովկասում Ռուսաստանի դերակատարությունը՝ Հայաստանը չի ցանկանա փոխել հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, քանի որ կա չկարգավորված ԼՂ հակամարտությունը»,- ասաց նա:

Գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարն ասաց, որ առաջիկա ընտրությունների արդյունքները չափազանց կանխատեսելի են:

«Սակայն հետաքրքիր ընտրարշավ է սպասվում, քանի որ նաև ընդդիմադիր ուժեր են մասնակցում, որոնց ներկայությունն այս խորհրդարանում մեծ կարևորություն է ունենալու իշխանության զսպման տեսանկյունից, քանի որ իշխանությունները լուրջ վարկանիշ ունեն հասարակության շրջանում: Կարծում եմ` ընդդիմությունը՝ ի դեմս նախորդ իշխանությունը ներկայացնող ուժի, կլինի խորհրդարանում»,- ասաց Ալեքսանդր Ռարը:

Ալեքսանդր Ռարը ևս կարծում է, որ արտաքին քաղաքական ուղերձները չեն կարևորվելու: «Հայաստանի արտաքին գործընկերները ևս սպասում են ակտիվ գործընթացների ավարտին, որպեսզի ներկայիս իշխանության քաղաքականությունն է՛լ ավելի հստակ ընկալվի, քանի որ կա տպավորություն, որ ուշադրությունը կենտրոնացած է այս գործընթացների կազմակերպման վրա: Բայց կա նաև տպավորություն, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում խմբագրումներ են տեղի ունենալու, քանի որ իր վարչապետության ընթացքում Փաշինյանը խոսեց ներքին գործերին չմիջամտելու անհրաժեշտության, ինքնիշխանության նկատմամբ հարգանքի մասին, որոնք ուղղված էին Ռուսաստանին:

Ընտրություններից հետո, կախված նրանից, թե ինչպիսի աջակցություն կստանա Փաշինյանը հասարակությունից, շատ ավելի տեսանելի կլինեն նրա արտաքին քաղաքական առաջնահերթությունները»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հակառուսական պահանջներին` Ռարն ասաց, որ ոչ իրատեսական պահանջներն անլրջացնում են նաև այն պայքարը, որը փորձելու են ծավալել այլ ուժեր արևմտամետության ուղղությամբ:

«Ավելի լավ է լինել զգուշավոր ծրագրերում՝ դիտարկվելով թույլ, քան ուժեղ, բայց անիրատեսական ծրագրերով»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս