Գոնե մեդիայի մակարդակով ՀՀԿ-ն հասել է հաջողության՝ ներկայանալով՝ որպես «Իմ քայլի» հիմնական ընդդիմախոսը

Երևանի մամուլի ակումբն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ 6 համապետական հեռուստաընկերության և 2 բարձր վարկանիշ ունեցող օնլայն ԶԼՄ-ների շրջանակում իրականացրել է հերթական մոնիտորինգը՝ դիտարկման համար ընտրելով նոյեմբերի 9-ից մինչ 18-ն ընկած ժամանակահատվածը։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ընդգծելով, որ մոնիտորինգն իրականացրել են՝ ինչպես ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների, այնպես էլ՝ վարչապետի պաշտոնակատարի և կառավարության գործունեության շրջանակում։

«Ըստ արդյունքերի՝ վարչապետի պաշտոնակատարն ու կառավարությունն առավել շատ են լուսաբանվել, որոնց հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Իմ քայլը» դաշինքը, բայց «Իմ քայլի» երկրորդ տեղը պայմանական կարող ենք համարել, որովհետև վարչապետի գործունեությունն այս կամ այն կերպ անդրադառնում է լսարանի վրա՝ «Իմ քայլի» հաշվով։ Եթե պայմանականորեն  ընտրություններին մասնակցող 11 կուսակցություններին և դաշինքներին բաժանենք 3 խմբի, ապա 1-ին խմբում կլինեն ՀՀԿ-ն, «Իմ քայլը»,  ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, 2-րդ խումբը կազմում են՝ «Լուսավոր Հայաստանը», «Մենքը», «Սասնա Ծռերը», 3-րդ խմբում առավել քիչ լուսաբանված ուժերն են՝ ՕԵԿ-ը, «Ազգային առաջընթաց որոշումը», «Քաղաքացու որոշումը», «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը»»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս տարբերությամբ քաղաքական ուժերին լուսաբանումը կհամարվի օրենքի խախտում, քանի որ այսօրվանից մշտադիտարկում է սկսում նաև ՀՌԱՀ-ը:

Նավասարդյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն և «Իմ քայլը» դաշինքն առավել սկզբունքային մոտեցմամբ են լուսաբանվել ԶԼՄ-ների կողմից՝ ներկայացվելով ոչ թե չեզոք, այլ բացասական և դրական համատեքստում՝ ի տարբերություն մյուս ուժերի.

«Սա կարելի է համարել ՀՀԿ-ի հաջողությունը՝ քարոզչական առումով, որովհետև գոնե մեդիայի մակարդակով հասել են հաջողության՝ լսարանին ներկայանալով՝ որպես «Իմ քայլը» դաշինքի հետ բանավեճի մտած հիմնական քաղաքական ուժ: ՀՀԿ-ին շատ չի հետաքրքրում, որ իրենց բացասական հիշատակումներն ավելին են, քան դրականները, որովհետև հասկանալի է, որ բացասական հիշատակումներն այն համատեքստում են, որտեղ նրանք քննադատվում են «Իմ քայլի» կամ մյուս հակառակորդների կողմից: «Իմ քայլը» նույնպես ավելի բացասական համատեքստում հիշատակումներ ունի, և, եթե նորից պրոյեկտենք նրա լուսաբանումը վարչապետի պաշտոնակատարի և կառավարության լուսաբանման հետ, որտեղ նույնպես բացասականն ավելի շատ է, քան դրականը, ապա կարելի է ասել, որ դա գումարվում է ընդհանուր տպավորություններին»:

Անդրադառնալով ԶԼՄ-ների կողմից մասնակից քաղաքական ուժերին տրվող դրական, բացասական և չեզոք գնահատականներին՝ Բորիս Նավասարդյանն ասաց, որ որքան էլ ՀՀ օրենսդրությամբ արգելված են կուսակցական հեռուստաընկերությունները, սակայն իրական պատկերն այլ է:

Տեսանյութեր

Լրահոս