Ինչո՞ւ պետք է ընտրողն իր ձայնը տա միայն երկրորդ տեղին հավակնող ուժերին
Հարցազրույց քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ
– Պարոն Վարդանյան, մոտ մեկ շաբաթից սկսվելու է քարոզարշավը, առաջադրվել են 9 կուսակցություն և 2 դաշինք: Ինչպե՞ս կբնորոշեք այս իրավիճակը, ու ի՞նչ է սպասվում:
– Թավշյա հեղափոխությանը հաջորդող քաղաքական իրավիճակին, ըստ էության, համարժեք նախաքարոզարշավային իրավիճակ է ստեղծված, երբ այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են հեղափոխությանը, եղել են հեղափոխության շարժիչ ուժը: Նրանք, բնականաբար, փորձում են դիրքավորել իրենց՝ որպես այնպիսի քաղաքական ուժեր, որոնք ընտրվելու դեպքում շարունակելու են խորացնել ու ամրապնդել հեղափոխության արդյունքները և հնարավորինս վերացնելու են առկա թերությունները, լուծել այնպիսի խնդիրներ, որոնք մինչ այժմ չի հաջողվել լուծել:
Այս առումով, բնականաբար, առանձնանում է «Իմ քայլը» դաշիքը, որն ակնհայտ ֆավորիտն է այս ընտրությունների և այդ դաշինքն իրեն դիրքավորում է՝ որպես հեղափոխական դաշինք: Եվ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, ունի բոլոր շանսերը՝ շարունակելու կառավարել երկիրը:
Այլ քաղաքական ուժերը, որոնք նույնպես դիրքավորում են իրենց՝ որպես հեղափոխական քաղաքական ուժեր, նպատակ ունեն պատրաստել հանրությանն այնպիսի որոշման, որ հեղափոխությունը պետք է ամրապնդել, որ կան չլուծված խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է, որ քաղաքական դաշտում լինի լուրջ մրցակցություն, անհրաժեշտ է վերահսկողություն իշխանությունների նկատմամբ, և անհրաժեշտ է, որ ընդդիմությունը լինի լեգիտիմ, որը հեղափոխության գաղափարին աջակցում է, և մոտիվացնելու են իրենց ընտրողներին՝ քվեարկել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինեն դեմոկրատական ուժեր և վերահսկեն իշխանություններին, մրցակցություն ապահովեն, և փորձելու են իրենց ընտրողներին համոզել, որ տարբեր հարցերում նրանք ավելի լավ լուծումներ ունեն և ավելի հաստատակամ են, և այդպես ստանան ձայներ:
Իսկ այն ուժերը, որոնք հանրության ընկալումներում չեն ասոցիացվում հեղափոխության հետ, իրենց խնդիրը չափազանց բարդ է: Նրանք մի կողմից՝ պետք է փորձեն մրցել 2-րդ, 3-րդ տեղի համար պայքարող, հեղափոխությանը սատարած ուժերի հետ, մյուս կողմից էլ՝ պետք է ցույց տան այն բացթողումները, որ առկա են եղել այս վեց ամսվա ընթացքում: Նրանք նաև հասկանում են, որ, եթե քննադատեն հեղափոխությանը սատարած ուժերին, հակադրվում են հանրության մեծամասնությանը, որը սատարում է հեղափոխությանը: Եվ հույս ունենալ, որ այդ տակտիկայով լուրջ տոկոսներ կվերցնեն, իհարկե, արդարացված հույս չէ: ՀՀԿ-ն առանձնանում է նրանով, որ ակնհայտ հակադրվում է հեղափոխությանը և ուղղակի փորձում է ցույց տալ, որ ինքն այն ուժն է, որն ունակ է հակակշռել իշխանություններին: ՀՀԿ-ն հայտարարում է, որ իշխող ուժը մրցակցությունից դուրս է, և ինքը պայքարում է երկրորդ տեղի համար, և փորձում է ցույց տալ, որ քաղաքական դաշտում երկու բևեռ կա՝ իշխող ուժը և իրենք, մնացածը լուրջ ուժեր չեն, նրանց պետք չէ հաշվի առնել: Դա ՀՀԿ քարոզչության հիմնական մեխն է:
– Բացի ՀՀԿ-ից, մյուս ուժերն էլ են ասում, որ պայքարելու են երկրորդ տեղի համար: Հասկանալի է, Փաշինյանը լայն զանգվածների համակրանքն ունի, բայց քաղաքական ուժերի համար արդյոք դա ճի՞շտ ռազմավարություն է, չէ՞ որ նրանք 5-ամյա ծրագրեր պետք է ներկայացնեն, ընտրողն ի՞նչ ընտրություն պետք է կատարի:
– Այո, մարտավարության տեսակետից դա ճիշտ քայլ չէ, թեև հասկանալի է, թե ինչու են այդպես անում: Դու պետք է մոտիվացնես քո պոտենցիալ ընտրողին, որպեսզի քեզ ձայն տա: Եթե միայն երկրորդ տեղին են հավակնում, ինչո՞ւ պետք է ընտրողն իր ձայնը տա: Քաղաքացին միշտ ուզում է հաղթած տեսնել այն քաղաքական ուժին, որին աջակցում է: Եվ դա բնական է:
Այսինքն՝ դա հոգեբանական գործոն է: Այս դեպքում պետք է շատ հզոր մոտիվացիա գտնել՝ ընտրողին համոզելու համար, որ՝ այո, մաքսիմում երկրորդ տեղը կարող եմ գրավել, բայց դու ինձ ընտրիր, որովհետև դա շատ մեծ օգուտ կլինի քեզ և երկրին, հակառակ դեպքում՝ մեծ վնաս կլինի: Եվ դա շատ դժվար է լինելու: Բայց ոչ բոլոր քաղաքական ուժերն են այդպես միանշանակ ասում, որ երկրորդ տեղի համար են պայքարում: ՀՀԿ-ին դնում ենք մի կողմ, դա այլ պատմություն է: Ինչո՞ւ է այլ պատմություն: Նրանք չեն հավակնում «Իմ քայլը» դաշինքի պոտեցիալ ընտրողների ձայնը ստանալ, այլ պայքարում են մնացած ձայների համար, որոնց համար պայքարում են նաև մյուս ուժերը: Այսինքն՝ իրականում ՀՀԿ-ն մյուս ուժերի դեմ է պայքարում, բայց ուզում է ցույց տալ, թե պայքարում է միայն «Իմ քայլի» դեմ, այսինքն՝ դա մարտավարական հնարք է:
– Հայտարարություններ եղան, որ «Իմ քայլի» կարգախոսը լինելու է «Նիկոլ վարչապետ», հետո նշվեց, որ դա քննարկվող տարբերակներից մեկն է: Դա ճի՞շտ կարգախոս է:
– Դա իրականում կարող է լինել կարգախոսներից մեկը: Գիտենք, որ ՀՀ կառավարման խորհրդարանական մոդելը միայն մեկ ընտրություն է ենթադրում՝ խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ձևավորվում է նաև գործադիր իշխանությունը, ու ընտրում ենք վարչապետին: Այսինքն՝ քաղաքական ուժերը պետք է շատ մեծ նշանակություն տան վարչապետի թեկնածուին, և բնական է, որ «Նիկոլ վարչապետ» կարգախոսը տեղավորվում է այդ տրամաբանության շրջանակներում, հատկապես, որ մարդիկ շատ լուրջ աջակցություն են ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին, նա անձնապես ունի շատ բարձր վարկանիշ, ու բնական է, որ քաղաքական ուժը պետք է շեշտը դնի իր ամենաբարձր վարկանիշ ունեցող թեկնածուի վրա: