Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները
Հայկական դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի թղթադրամները: ՀՀ Կենտրոնական բանկը նոր թղթադրամների մասին պատմող տեսանյութ է տարածել:
Նոր սերնդի թղթադրամները տպագրված են բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, ինչի արդյունքում թղթադրամները կարող են օգտագործվել միջինում 3-4 անգամ ավելի երկար: Նոր սերնդի թղթադրամները իրենց մեջ ներառում են այս պահին գործող լավագույն պաշտպանական հատկանիշները՝ թղթադրամի հումքի մեջ ներառված տեսանելի և անտեսանելի մանրաթելեր, պաշտպանական ներկից, պաշտպանական մանրագծեր, որոնք թղթադրամի սկանավորման կամ պատճենահանման դեպքում աղավաղում են պատկերը, ինչպես նաև լուսածորող ներկով տպագրված հատվածներ, որոնք տեսանելի են միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո:
Թղթադրամների վրա առկա են նաև մանրատառաշար և մանրապատկերներ, որոնք տեսանելի են միայն խոշորացույցով դիտելիս, ինչպես նաև թափանցիկ պատուհան: Նոր թղթադրամների վրա առկա են որոշ թվանշաններ, բառեր և պատկերներ, ինչպես նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված հատկանիշ, որոնք արված են խորը տպագրությամբ ունեն բարձր մակերես և հստակ շոշափվում են:
1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա պատկերված է Պարույր Սևակը, 5000 դրամի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 դրամի վրա՝ Կոմիտասը, 20 հազար դրամի վրա՝ Հովհաննես Այվազովսկին, 50 հազար դրամի վրա՝ Գրիգոր Լուսավորիչը: Շրջանառության մեջ կմտնի նաև նոր՝ 2000 դրամ անվանակն արժեքով թղթադրամը՝ Տիգրան Պետրոսյանի պատկերով:
Նոր թղթադրամների հետ շրջանառության մեջ կմնան 100 հազար դրամ անվանական արժեքով Աբգար արքայի պատկերով թղթադրամը և այժմ գործող նախորդ սերնդի թղթադրամները, որոնք շրջանառությունից դուրս կգան բնական մաշվածությամբ: