«Հարվածներ կստանա ոչ թե ՀՀԿ-ն, այլ այսօրվա իշխանությունը». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ-ի ցուցակը տրամաբանական է որակում՝ ի տարբերություն «Իմ քայլ» դաշինքի ցուցակի, որը նա «աջապսանդալ» էր բնորոշել: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ «Իմ քայլում» տեսել է շատերին, որոնք կուրծք էին ծեծում, որ ՀՀ-ն դուրս գա ԵԱՏՄ-ից և այլն, իսկ այսօր նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հակառակ քաղաքականությունն է վարում:
Նա դրվատանքով խոսեց Դավիթ Շահնազարյանի ներկայության մասին իրենց ցուցակում: Ըստ նրա՝ Շահնազարյանը Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկն է, և կարևոր է նրա խոսքը հասցնել հանրությանը:
Հարցին՝ ձեր ցուցակում բոլորը ավանդական արժեքների կրո՞ղ են, Շարմազանովը վստահ պատասխանեց. «Այո»:
Հաջորդ հարցին՝ Մենուա Հարությունյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողն է, բայց հաշվի առնելով, որ հարվածները շատ կլինեն, ո՞վ է լինելու դարպասապահը, Շարմազանովը պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ հարվածներ կստանա ոչ թե ՀՀԿ-ն, այլ այսօրվա իշխանությունը, որը 6 ամսվա ընթացքում ունեցել է բազմաթիվ բացթողումներ: Ընդդիմությունն է հարցեր տալիս, ոչ թե ընդդիմությունն է հարցերին պատասխանում: Մենք պատրաստվում ենք լիքը հարցեր տանք ու կլսենք իշխանության պատասխանները»: