«ՀՀ-ԵՄ հարաբերություններում որևէ դինամիկա հնարավոր չէ նկատել». Գերմանացի քաղաքագետ
«Վերջին ամիսներին Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցության հարցում աղքատիկ արդյունք են ունեցել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը` անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկային վերջին ամիսներին և Հայաստանում ծավալվող նախընտրական գործընթացներին:
Սյուզան Ստյուարտի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններում որևէ դինամիկա հնարավոր չէ նկատել: «Ինչպես ես եմ հասցրել նկատել, միակ դրական հանգամանքը ՀՀ վարչապետի այցն էր Բրյուսել, որտեղ նա բազմակողմանի հանդիպումներ ունեցավ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, քննարկվեց երկկողմ համագործակցությունը, հեռանկարները, բայց առարկայական այլ արդյունքներ ինձ հասանելի չեն: Սակայն այս ամիսներն այն փուլն էր, երբ պետք է մասնակիորեն ներդրվեր ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, սակայն, ինչպես հայտնի է՝ այս ամիսների ընթացքում մշակվել է ներդրման միայն ճանապարհային քարտեզը:
Սա բավականին աղքատիկ արդյունք է: Սակայն հաշվի առնելով այն, որ Հայաստանը նախընտրական փուլում է գտնվում, և այս ամիսների ընթացքում Կառավարությունը կենտրոնացած էր ներքին խնդիրները լուծելու վրա, այդքան էլ զարմանալի չէ: Պետք է նշեմ, որ եվրոպական ուղղությամբ պասիվության ֆոնին նկատվեցին ակտիվ շփումներ եվրասիական ուղղությամբ` բազմաթիվ այցեր, հանդիպումներ, հեռախոսային զրույցներ: Հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը, դա հասկանալի է, սակայն նկատելի է առաջնահերթությունների միջև տարբերություն»,- ասաց Սյուզան Ստյուարտը:
Ըստ նրա, եվրոպական կողմը հասկանում է և ակնկալում էր, որ պետք է ընտրություններ անցկացվեին Հայաստանում, քանի որ ներկայիս փուլում, երբ հեղափոխությունից հետո հապճեպ նշանակումներ են կատարվում սովորաբար, ներքաղաքական կյանքը քաոտիկ իրավիճակում է, դժվար է սպասել արդյունավետ աշխատանք, այնպիսի աշխատանք, որը պահանջում է համաձայնագիրը:
«Իրավիճակը բարդացնում է նաև այն հանգամանքը, որ փոխվել է Կառավարության կազմը, և գուցե շատերը, որոնք նախկինում մասնակցել են այս համաձայնագրի կազմմանը, պատկերացում ունեին, թե ինչպես այն պետք է իրականացնեն, այլևս նույն պաշտոնում չեն: Այսինքն` կան նաև խոչընդտոներ, որոնք պայմանավորված են ներկայիս իրավիճակով: Հուսանք, որ ընտրություններից հետո իրավիճակն էլ ավելի լավը կլինի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ընտրություններից հետո արտաքին քաղաքական առաջնահերթություններին` Սյուզան Ստյուարտն ասաց, որ Հայաստանի համար արտաքին քաղաքական մարտահրավերները քիչ չեն: «Ուստի Արևմուտքում որևէ մեկը Հայաստանից չի ակնկալում այնպիսի քաղաքականություն, որն իր շահերը կդնի հարվածի տակ: Սակայն ԵՄ-ն, որպես կառույց, մշտապես աջակցել է, այսօր ևս աջակցում է ընտրական գործընթացներին, որը համապատասխան քաղաքական գործակցություն ևս պահանջում է: Ընտրություններից հետո շատ հարցեր ավելի որոշակի կդառնան: Կարծում եմ` ԵՄ-ում սպասում են ընտրություններին հաջորդող փուլին»,- ասաց նա:
Գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը կարծում է, որ առաջիկա ընտրություններում, հաշվի առնելով շարունակվող հեղափոխական տրամադրությունները, որոնք ՀՀ վարչապետը կարողացավ պահպանել, իշխող ուժը կստանա ձայների մեծամասնությունը: «Այլ կանխատեսումներ անել չեմ կարող: Կարծում եմ` գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք խորհրդարանում կհայտնվի՞ նախկին իշխանական կուսակցությունը, որը ներկայումս իրեն դիրքավորում է՝ որպես ընդդիմություն»,- ասաց նա: