Ի՞նչն է խանգարում տնտեսության զարգացմանը

Վերջերս կարդում էի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գիրքը: Կարդում էի ոչ թե նրա համար, որ Ֆրանկոֆոնիայի համաժողովից հետո մեր երկրում Մակրոնը մոդայիկ է, այլ՝ որովհետև Մակրոնը և ես նույն մասնագիտությունն ունենք. նա ևս տնտեսագետ է, ֆինանսիստ և իր մենագրության մեջ անդրադառնում է տնտեսական հեղափոխությանը, որը պետք է տնտեսության զարգացման լոկոմոտիվը դառնա:

Ակամայից զուգահեռներ ենք անցկացնում մեր ներկայիս տնտեսական իրավիճակի հետ: Այսպես՝ վերջին շրջանում տնտեսության արձանագրած անկումային ցուցանիշները կրկին արթնացրեցին խոսակցություններն այն մասին, թե ինչ պետք է անել առաջացած տնտեսական խնդիրները լուծելու համար: Թեմայից անմասն չմնաց նաև գործող իշխանությունը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մակարդակով. նախ, քննադատելով նախկին ժամանակահատվածի աճը՝ այն համարելով ընդերքը քանդել-ծախելու շնորհիվ ապահովված աճ, այնուհետև իրավիճակի մեղքը բաժին հասավ 800 հազար գործազուրկներին: Հնչեցին տարբեր մասնագիտական կարծիքներ, առաջարկություններ, իսկ ոմանք էլ առաջիկա ժամանակահատվածի համար ունեն ավելի վատ կանխատեսումներ:

Մի կողմ թողնելով տարբեր տեսակետները, պետք է արձանագրենք, որ տնտեսությունը կանգնել է մի պատնեշի առջև, որը խանգարում է տնտեսության կայուն զարգացում ապահովելուն: Հայաստանի տնտեսական ցուցանիշներն ուսումնասիրելով՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ տնտեսությունը կարծես շնչահեղձ է լինում, չկա նախկին լավ «մարզավիճակը», որը հնարավորություն էր տալիս արագ հաղթահարել տնտեսական վազքուղին:

Սա հնարավորություն է տալիս ենթադրել, որ տնտեսության մեջ ինչ-որ առանցքային խնդիր կա, առանց որի լուծման՝ տնտեսության կայուն զարգացում և, առավել ևս՝ տնտեսական թռիչք անհնար է արձանագրել: Սա հասկանում են բոլորը, այդ թվում՝ նաև ներկայիս և նախկին իշխանությունները: Բանն այն է, որ երկրի տնտեսության զարգացման համար կան առանցքային մի քանի մոդելներ:

Օրինակ՝  Խորհրդային Հայաստանի զարգացման համար ընտրվել էր արդյունաբերական մոդելը, որը ենթադրում էր, որ ամբողջ ներուժն ուղղվում էր արդյունաբերության զարգացմանը, որին փոխկապակցված՝ զարգանում էին նաև մնացած ճյուղերը: Արդեն 2000-ական թվականների տնտեսական բումի ժամանակ շեշտադրումն արված էր շինարարության զարգացման վրա, որի շնորհիվ 6 տարի շարունակ երկնիշ տնտեսական աճ արձանագրվեց:

Գալով արդեն մեր օրեր, պետք է արձանագրենք, որ վերոնշյալ երկու մոդելներն էլ այժմ անաշխատունակ են, ինչը պայմանավորված է մեր տնտեսության առանձնահատկություններով և տնտեսաքաղաքական արդի պայմաններով, և եթե ուզում ենք առաջիկայում լուրջ տնտեսական զարգացումներ ապահովել, ապա պետք է տնտեսության մեջ հեղափոխական միջոցառումներ իրականացնենք:

Ի դեպ, հեղափոխական միջոցառումները բացարձակապես կապ չունեն քաղաքական հեղափոխության հետ, դրանք անհրաժեշտ էին անգամ առանց հեղափոխության, և հենց այս նպատակով էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել երկրի տնտեսական բլոկի ղեկավարի պաշտոնում: Բանն այն է, որ նախկին իշխանություններն էլ հասկանում էին, որ գործող տնտեսական մոդելը հնացած է, և այն նորոգելն այլևս անօգուտ է: Պետք է ստեղծել լրիվ նորը, այլ ոչ թե գնալ հնի կատարելագործման ճանապարհով: Այստեղ պետք է փաստենք նաև, որ Կարապետյանի կառավարությանը հաջողվում էր դա անել, որի վառ ապացույցը նախորդ տարվա և այս տարվա առաջին եռամսյակի բարձր տնտեսական աճն է: Եվս մի կարևոր հանգամանք. երբ այսօր բուռն կերպով քննադատում ենք հունիս-հուլիս ամիսների ծառայությունների ոլորտի բարձր աճերը՝ դրանք համարելով ոչ իրական, ապա պետք է հարց ուղղել՝ իսկ ո՞վ է ասում, որ դա Հայաստանի զարգացման նոր մոդելը չէ: Միգուցե հենց դա՞ պետք է հանդիսանա տնտեսության զարգացման լոկոմոտիվը և  դառնա գերակա ոլորտ:

Ասվածը ենթադրում է, որ իշխանությունը չպետք է վախենա համարձակ փոփոխությունների գնալ, որովհետև դա է միակ ելքը: Հակառակ դեպքում՝ մեր տնտեսությունը շարունակելու է «սահել դանակի շեղբի վրայով», որտեղ ամեն պահի կարող է վնասվել և սայթաքել ցած:

«Հեղափոխություն» գրքում Մակրոնը, խոսելով Գերմանիայի արձանագրած տնտեսական առաջընթացի մասին, այսպիսի համեմատություն է անում. 20-րդ դարում Գերմանիան չվախեցավ գնալ մեքենաշինության մեջ ռոբոտների կիրառությանը, որի արդյունքում նկատվեց գործազրկության բարձրացում, իսկ Ֆրանսիան նախընտրեց պահել աշխատատեղերը: Արդյունքում՝ ընդամենը 20 տարի անց Գերմանիայում արդեն կար աշխատուժի պակաս, իսկ Ֆրանսիան, բացի այն, որ տնտեսապես զգալի զիջում էր Գերմանիային, նաև օրեցօր ահագնանում էր գործազրկության խնդիրը:

Սա լավ օրինակ է՝ հասկանալու համար, որ վաղվա տնտեսական զարգացումը, ինչո՞ւ չէ, նաև տնտեսական թռիչքը կախված է այսօրվա վարվող քաղաքականությունից, քաղաքական պատասխանատվությունից և համարձակ գործողություններից:   Եվ այստեղ պետք է ոչ թե սպասել հրաշքի, այլ պարզապես մտածել, հաշվարկել, ուղեղ մաշեցնել, պարզել, թե ինչն է խանգարում տնտեսության զարգացմանը, և գտնել այն տնտեսական փոփոխության ճանապարհը, որը երկիրը կդնի զարգացման ռելսերի վրա: Այդպես արել է Սինգապուրը, այդպես արել է Գերմանիան, այդպես պետք է կարողանանք անել նաև մենք:

Հայկ Բեջանյան

Տեսանյութեր

Լրահոս