«18-65 տարեկան անձինք պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. անվտանգության հարցեր կարող են առաջանալ». տնտեսագետ
Պետեկամուտների կոմիտեն մտադիր է առաջարկել փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որի արդյունքում նույնականացման ID քարտերը (հանրային ծառայությունների համարանիշ) կուտակային կդառնան. տարեկան կտրվածքով կատարված առևտրից քարտատիրոջը տոկոս կվերադարձվի (cashback):
18-65 տարեկան ID քարտ ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները համակարգի ներդրման առաջին տարում հետ կստանան կատարած գնումների 1%-ը, երկրորդ տարում՝ 2%-ը, երրորդում` 3%-ը, և այդպես շարունակ:
Հսկիչ դրամարկղային մեքենաները (ՀԴՄ) կնույնականացնեն գնորդին:
«Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն հանրային ծառայությունների համարանիշ` ID քարտեր, բոլորի համար պատրաստվելու է հայտարարագիր։ ID քարտերը համատարած հայտարարվելու են կուտակիչներ, պետությունը հայտարարելու է, որ սա կուտակիչ քարտ է։ Մենք բոլորին կբաժանենք ID քարտը «կարդալու» սարքավորում, հաշվիչ դրամարկղային մեքենան կնույնականացնի գնորդին, ու երբ դուք կգնաք օրվա հացը առնելու, ՊԵԿ-ում դա կգրանցվի որպես գնված արժեք»,- ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ այս նորամուծության արդյունքում ամբողջ ազգը կդառնա հսկիչ դրամարկղային մեքենաների նկատմամբ հսկողություն իրականացնող անձ։
Տնտեսագետ Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ թեզը հնչեցվել է, բայց չկա գործիքակազմը:
«Այս ցանկությունը շատ կարևոր և ողջունելի է ստվերի կրճատման համար, բայց ինչպե՞ս է այդ ամբողջ հաշվառումն արվելու, և ի՞նչ մեթոդներ են կիրառվելու: Այսինքն` վաճառքի կետերում, որտեղ ՀԴՄ է կիրառվում, պետք է զինված լինեն գործիքներով, որոնք պետք է կապված լինեն այն սերվերի հետ, որտեղ ներդրված են ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները: Որքանո՞վ է նպատակահարմար բացել սերվերը: Անվտանգության հարցեր կարող են առաջանալ՝ կապված մարդու անձնական տվյալների հետ: ժամանակին ունեցել ենք հսկիչ դրամարկղային մեքենաներով առևտրի ամբղջական պատկերը ցուցադրելու գործիքներ, որոնք անարդյունավետ են եղել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Գրիգորյանը:
Տնտեսագետը հարց է բարձրացնում՝ մարդը կարող է ունենալ ID քարտ, բայց առևտուրն անձամբ չանել, կամ չաշխատել և անել, կարող է ծախսն ավելի բարձր լինի, քան եկամուտները: Ինչպե ՞ս է այս հարցը լուծվելու:
«Ենթադրենք՝ մարդն առձեռն ստանում է 100.000 դրամ, տարեկան եկամուտը կազմում է մեկ միլիոն 200.000 դրամ, բայց ծախսում է մեկ միլիոն 500.000 դրամ: Բնական է, չէ՞, որ 300.000 դրամ տվել է ընտանիքի անդամը կամ փոխանցումների միջոցով է ստացել և այլն: Հիմա մեկ տոկոսը մեկ միլիոն 200.000-ից, թե՞ 500.000-ից են վերադարձնելու, եթե ծախսն ավելի բարձր է, քան եկամուտները: Չկա գործիքակազմը, թե ի՞նչ մեխանիզմներով են հարկելու: Մեկ խնդիր էլ կա.շատ եկամուտ ունեցողն ու ծախսողը շատ կկուտակի, քիչը՝ քիչ: Բևեռացում կլինի»,-նշեց Արմեն Գրիգորյանը:
«ID քարտով վերահսկողություն կատարել, այն ներդնել, որպեսզի հսկիչ դրամարկղային մեքենաներով առևտրի ցուցանիշները բարձրանան, այնքան էլ լավ գործիք չէ: Կարելի է այլ հարկային գործիքներ կիրառել, այնպիսի մեխանիզմներ ներդնել, որպեսզի տնտեսվարողները հարկային շրջանառությունն ամբողջությամբ սպիտակ դաշտ հանեն: Շատ տեղերում մարդիկ պարտքով են առևտուր անում, սակայն, փաստացի առաջարկվում է, որ 2020 թվականից գնանք ամբողջական հայտարարագրման, ֆիզիկական անձինք հայտարարագրեն իրենց եկամուտները: Կարող ենք կորցնել վարձու աշխատողների ինչ-որ զանգված: Հնարավոր է՝ հաշվարկի արդյունքում մարդիկ որոշեն տարեկան եկամուտ ստանալու համար մեկնել արտագնա աշխատանքի»,-ընդգծեց տնտեսագետը:
Անի Կարապետյան