«2019-ի բյուջեն չընդունվելու դեպքում էլ երկրագունդն իր ուղեծրից դուրս չի գա». Ատոմ Ջանջուղազյան

Հարցազրույց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի հետ

– Պարոն Ջանջուղազյան, Ազգային ժողովի հանձնաժողովներում ավարտվեցին 2019թ. բյուջեի նախագծի քննարկումները: Ի՞նչ եք կարծում՝ ներկայիս քաղաքական իրողությունների պայմաններում կընդունվի՞ այս բյուջեն:

– Ես հավատում եմ, որ մեր երկրում ինստիտուցիոնալ փոփոխությունները բոլորիս այն վիճակի են բերել, որ պետության շահը գերադասվում է բոլոր տեսակի շահերից, այդ թվում՝ նեղ անձնական կամ կուսակցական: Իսկ պետության շահը հուշում է, որ ավելի լավ է նոր բյուջետային տարին սկսել հաստատված բյուջեով, քան առանց դրա: Հուսանք՝ այս ընկալումը շատերի մոտ է, նաև՝ նրանց, ումից կախված է բյուջեի ընդունումը: Թեպետ, չընդունվելու դեպքում էլ երկրագունդն իր ուղեծրից դուրս չի գա, դրա համար էլ կարգավորումներ կան:

– Չընդունվելու դեպքում առաջնորդվելու ենք 2018-ի բյուջեո՞վ:

Կարդացեք նաև

– Դրա համամասնություններով կշարունակենք կատարել բյուջեն:

– Հաջորդ տարվա բյուջեն կառավարությունն «իներցիոն» է անվանում, սակայն անկախ տնտեսագետները գտնում են, որ այս կառավարությունն ավելի զգուշավոր է, քան նախկինն էր: Դուք Ֆինանսների նախարարությունում նոր մարդ չեք, մոտեցումն իսկապե՞ս ավելի զգուշավոր է դարձել:

– Հիշեցնում եք, իհարկե, որ նոր չեմ, ես հիշում եմ դա: Կդժվարանամ ասել՝ ավելի կամ պակաս, որովհետև մշտապես Ֆինանսների նախարարությունն ունի այդպիսի առաքելություն՝ լինել զգուշավոր, որովհետև մենք չենք կարող մեզ արկածախնդրություն թույլ տալ և տեղափոխվել հայտարարությունների դաշտ, ասել, որ սա շատ լավ կլինի, որովհետև ասելուց հետո պետք է դրան հասնելու ճանապարհը և գործողությունները ցույց տալ: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք հակված ենք արգելակել առաջընթացը: Ճիշտ հակառակը՝ մենք հակված ենք հավասարակաշռված առաջընթաց ունենալուն:

Այսինքն՝ արկածախնդրությունն անհամատեղելի է Ֆինանսների նախարարության հետ: Ազատ մտքի թռիչք ունեցող և պարտավորություն չունեցող մարդու համար, իհարկե, հեշտ է լավ մտքեր գեներացնելը, բայց երբ այդ լավ մտքերը վերածվում են արյան և մսի, պետք է կարողանալ բացահայտել կապն արյան ու մսի և այդ լավ մտքերի միջև: Քանի դեռ դա չեք արել, ստացվում է, որ դրանք ցանկությունների տիրույթում են: Թող տպավորություն չստեղծվի, թե մեր երևակայությունը բավարար չի, մենք էլ կարող ենք լավ երազել տարբեր արդյունքների մասին, բայց պետք է իրատես լինել: Այնպես որ, այնքան էլ համաձայն չեմ այն մոտեցմանը, որ ավելի կամ պակաս զգուշավոր է:

– Կառավարությունը խոստանում է 2019թ. հավաքել 0.4%-ով ավելի շատ հարկ, քան այս տարի, սակայն դա ավելի քիչ է, քան ՄԺԾԾ-ով կանխատեսում էր նախորդ կառավարությունը։ Նույնը վերաբերում է տնտեսական աճին: Ի՞նչն է խնդիրը:

– Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 0.3-0.4%-ը մշտապես եղել է այն թիրախը, որին որևէ կառավարություն փորձել է ձգտել: Արդյոք պե՞տք է, որ մենք դուրս գանք իրատեսության դաշտից, և միայն նրա համար, որ մարդկանց մոտ դրական սպասումներ ձևավորվեն, հայտարարություն անենք, որ, ենթադրենք՝ մյուս տարվա տնտեսական աճը ոչ թե 4.9% է լինելու, այլ՝ պատիկով ավելի: Կարծում եմ՝ ոչ: Որովհետև թե՛ նախկինում, թե՛ հիմա մեր կանխատեսումները հիմնված են այն վիճակագրության վրա, որ նախկինից ունենք կուտակված, և այն մաթեմատիկական համակարգի, դատողություների վրա, որ ունենք, իսկ դա այսօր կարող ենք արձանագրել, որ ժամանակակից մեթոդներով կանխատեսված աշխատանքներ են:

Ինչո՞ւ է բյուջեն իներցիոն: Մենք չենք կարող հաշվի չառնել մեր ունեցած պատմությունը: Այսինքն՝ մեր վիճակագրությունը մեզ բերել-հասցրել է այս կետին, որտեղ այս վիճակագրությունն ու դատողությունների համակարգը կիրառելով՝ կանխատեսում ենք մեր ապագան: Տրամաբանությունը սա է: Հետևաբար՝ չէինք կարող հաշվի չառնել նախորդ ժամանակահատվածի զարգացումները: Հիմա այլ զարգացումներ կլինեն, մենք փոխված վիճակագրություն կունենանք, և դրան համարժեք՝ նոր կանխատեսումներ կլինեն: Այստեղ շատ կարևոր է, որ մենք ոչ թե մտածենք նրա մասին, թե ով ավելի լավ բաներ կարող է ասել, այլ՝ թե ով ավելի լավ բաներ կարող է անել: Ասելը մի քիչ ավելի հեշտ է, հատկապես՝ պատասխանատվություն չունենալու դեպքում:

– ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր քննադատել բյուջեն՝ ասելով, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 22.2%-ից (2017թ.) իջել է 22.1%, ինչը վկայում է, որ կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար իրականում չկա: Ի՞նչ կհակադարձեք:

– Չեմ ուզում հակադարձել: Ես կարծում եմ, որ պետք չէ այդ ճանապարհով գնալ, որ ինքը քննադատի, հետո մենք իր քննադատությունը քննադատենք: Դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է:

– Ձեր գնահատականով՝ իրադրությունն ինչպիսի՞ն է:

– Կարծում եմ՝ պարոն Բագրատյանը հնարավորություն չի ունեցել մանրամասներին ծանոթանալու, որովհետև միայն վերևի երևացող թվերով դժվար է գնահատական տալ, թե հարկեր/ՀՆԱ-ն աճել է, կամ նվազել: Որովհետև եթե միայն այդ մի թիվը վերցնենք և հաշվի չառնենք, որ 2018թ. հունվարի 1-ից Հարկային օրենսգիրք է մտել ուժի մեջ, մենք արդեն ըստ էության այլ վիճակագրություն ունենք, որովհետև այդ ժամանակ նաև փոխվել է վերաբերմունքը, հարկերի միասնական հաշիվ հասկացություն է մտել, և նախկին վիճակի հետ համեմատած՝ տարբերություն կա, երբ որպես հարկ՝ ճանաչվում էին բոլոր վճարումները, որ կատարված էին հաշիվներին, այս դեպքում դա սկզբունքորեն է տարբերվում, որովհետև հարկերի միասնական հաշվից որպես հարկ՝ ճանաչվում է և հարկատեսակի հաշվին փոխանցվում է միայն այն գումարը, որը հաշվետվությունով հիմնավորված է, ի տարբերություն նախորդ իրավիճակի, երբ կարող էին լինել նաև գերավճարներ, կամ հաշվետվություններով չհիմնավորված լրացուցիչ վճարներ:

Հետևաբար՝ նախագծում կա, թե ինչո՞վ է դարձված համադրելի այս տարին անցյալ տարվանից, և ինչո՞ւ հարկեր/ՀՆԱ-ն չի նվազում, այլ կանխատեսվում է, որ կաճի 0.4 տոկոսային կետով, և որն այլ հավասար պայմաններում գնահատվում է, որ կաճի ստվերի կրճատման հաշվին:

Բացի դրանից, վերլուծությունում մանրամասնված է, թե աճի ո՞ր մասն է բացատրվում տնտեսական զարգացումներով, ո՞ր մասը՝ օրենսդրության փոփոխությամբ, ո՞ր մասը՝ ստվերի կրճատման կամ վարչարարության լրացուցիչ միջոցառումների հաշվին: Նաև ներկայացված է, թե ինչպես են չափում ռիսկերը, այսինքն՝ արդյոք 4.9%-ն ամենալավ կանխատեսո՞ւմն է, թե՞ ոչ, ինչո՞ւ այդքան, և ոչ՝ 6% կամ 2%: Վերլուծության հետ կարելի է չհամաձայնել, տարբեր հետազոտողներ նույն հարցը կարող են քննարկել ու այլ եզրահանգման գալ:

Սակայն, ի դեպ, միջազգային ֆինանսական կառույցների գնահատականները համադրելի են, այսինքն՝ սկզբունքային էական տարբերություններ չկան, ինչը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ճշմարիտ ուղու վրա ենք: Ես նորմալ եմ վերաբերվում այդ քննադատությանը, որովհետև դա մեզ ևս մի անգամ մտածելու հնարավորություն է տալիս, և այնպես չէ, որ մենք մտածում ենք, որ ինչ անում ենք, դա վերջին ատյանի ճշմարտություն է: Բացարձակապես ոչ: Մենք պատրաստ ենք և լսել քննադատություններ, և դրանցից հետևություններ անել:

Տեսանյութեր

Լրահոս