Օտարերկրյա ուսանողները չեն ցանկանում սովորել Մեծ Բրիտանիայի համալսարաններում
Բրիտանական կրթությունը աշխարհում կորցնում է ժողովրդականությունը: I թերթը պատմում է Մեծ Բրիտանիայում արտասահմանցի ուսանողների հարցերով միջխորհրդարանական խմբի հաշվետվության հոռետեսական արդյունքների մասին, տեղեկացնում է BBC-ին: Ներգաղթի խիստ քաղաքականությունը, որը վերջին տարիներին գործում է երկրում եւ իրականացվում կառավարող Պահպանողական կուսակցության կողմից, բրիտանական համալսարանները նվազ գրավիչ է դարձրել օտարերկրացիների համար եւ հանգեցրել համալսարանների զգալի ֆինանսական կորուստների:
Հաշվետվության տվյալները ցույց են տալիս, որ առնվազն երեք համալսարաններ սնանկացման եզրին են օտարերկրացի ուսանողների թվի նվազման պատճառով:
Եվ ընդհանուր առմամբ այն փողերի ազդեցությունը, որոնք երկիր են բերում օտարերկրացի ուսանողները, բավականին զգալի է Բրիտանիայի ողջ տնտեսության համար:
Խորհրդարանականների հաշվետվության մեջ համեմատության համար ցույց է տրվում, որ 2012-ից մինչեւ 2015 թվականը ԱՄՆ-ում արտասահմանցի ուսանողների թիվն աճել Է 22,5 տոկոսով, Կանադայում՝ 26,9 տոկոսով, իսկ Ավստրալիայում՝ 18 տոկոսով այն դեպքում, երբ Միացյալ Թագավորությունում աճ գրեթե չկա, այն 1 տոկոսից էլ պակաս է:
Թերթը նշում է, որ Չինաստանի եւ Հնդկաստանի տնտեսությունների կանխատեսվող աճի կապակցությամբ այս երկրներից սպասվում է նաեւ այն ուսանողների թվի զգալի ավելացում, որոնք սովորելու են մեկնում արտասահման:
Բայց արդեն այժմ, ինչպես նշել են խորհրդարանականները, Հնդկաստանից դիմորդներն ընտրում են Կանադան, այլ ոչ թե Մեծ Բրիտանիան: Հաշվետվության արդյունքներով՝ պատգամավորները կառավարությանը կոչ են անում ոչ միայն փոխել ուսանողների համար սահմանված ներգաղթի կանոնները, մեղմացնելով պահանջները եւ նրանց հատուկ աշխատանքային այցագրեր առաջարկելով բրիտանական համալսարաններն ավարտելուց հետո աշխատանքի տեղավորման համար, այլեւ հրաժարվել հականերգաղթային հռետորաբանությունից, որպեսզի ուսանողներն զգան, որ իրենց համար ուրախ են»: