Որքանով ԱՄՆ-ն կկարողանա Իրանի դեմ պատժամիջոցներ գործադրելու արդյունքում Հայաստանի վրա տնտեսական ճնշումները մեղմել

Նոյեմբերի 1-ին խորհրդարանում  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։ Իսկ հայ-վրացական սահմանը դե ֆակտո կարող է փակվել, օրինակ՝ վատ եղանակային պայմանների պատճառով, աշխարհաքաղաքական պայմանների պատճառով: Նրա խոսքով՝ ՀՀ-ն կղզի է՝ առանց ծովի, և այս պայմաններում ինչպե՞ս պետք է վարվի Հայաստանը։

Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման շուրջ 168.am-ը զրուցել է ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։

– Պարոն Ղևոնդյան, Նիկոլ Փաշինյանը խոսեց հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին, իրատեսակա՞ն եք համարում դա, և փակվելու դեպքում ի՞նչ վտանգների առջև է կանգնելու Հայաստանը։

– ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կարելի է դիտարկել՝ որպես հնարավոր ռիսկի արձանագրում։ Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, փորձ է արվում հասկանալ աշխարհաքաղաքական իրավիճակն առհասարակ։

ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ արդեն գործարկվել է պատժամիջոցների երկրորդ փաթեթը, հետևաբար՝ Իրանում և Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները կարող են անկանխատեսելի լինել։ Մեծ հաշվով, Իրանն իր քաղաքական պատմության մեջ հաճախ է առնչվել պատժամիջոցների հետ, սակայն ամեն մի փուլում ինչ-որ ձևով կարողացել է դրանց դիմագրավել։ Թե ինչպես կդիմագրավի այս անգամ  կամ կկարողանա՞ դիմագրավել՝ ժամանակը ցույց կտա։ Իրանի շուրջ ամերիկյան քաղաքականությունն օբյեկտիվորեն սրվել է, և մենք տեսնում ենք, որ դա փաստ է։

Մյուս կողմից՝ այդ քաղաքականության փոփոխությունը դեպի արմատական ճնշումների դաշտ, մեզ վրա, այսպես թե այնպես, անդրադառնալու է, որովհետև մենք Իրանի հետ սահմանակից երկիր ենք և ունենք ջերմ բարիդրացիական հարաբերություններ։ Մեզ համար Իրանի կարևորությունը միշտ եղել է բավականին մեծ, ընդ որում, կարելի է դիտարկել, որ սա ունի երկկողմանի միտում, այսինքն՝ մեր կարևորությունն Իրանի համար նույնպես եղել է բավարար չափով մեծ։

Իրանը Մեծ Մերձավոր Արևելքում մրցակից երկիր է ԱՄՆ-ի համար, այն մեծ հավակնություններ ունեցող երկիր է նաև մեր տարածաշրջանային մակարդակում։ Այն բավականին ազդեցիկ է դառնում, և նրա մոտեցումները ոչ միշտ են ընկալելի Արևմուտքում, հատկապես՝ Միացյալ Նահանգներում։ Այս համատեքստում ԱՄՆ-ը օբյեկտիվորեն ցանկանում է ճնշում գործադրել, որպեսզի Իրանն ԱՄՆ շահերի դիրքերից լինի ընկալելի և ընդունելի։ Իհարկե, Իրանի համար սա ընդունելի մոտեցում չէ, որովհետև այն հազարամյակների դիրքերից է պետական քաղաքականության և ազգային շահերին նայում,  հետևաբար՝ արդեն տասնամյակներ շարունակ կա այսպիսի հակամարտություն, որը ֆունդամենտալ է։

Պետք է նշել մեկ կարևոր հանգամանք, որ որքան էլ Իրանի ներսում խնդիրներ լինեն, առաջին հերթին մոբիլիզացվում է, երբ ի հայտ են գալիս արտաքին վտանգի գործոններ։ Այս տեսանկյունից Իրանն ունի բավականին մեծ ներուժ և դիմագրավման մեծ փորձ։ Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից կարևոր է, որ մեր երկու կարևոր գործընկերները, ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ՝ Իրանը, ունենան կայուն հարաբերություններ, որովհետև այդ հարաբերությունների ազդեցությունն օբյեկտիվ է լինելու մեր տնտեսության, զբոսաշրջության վրա։ Վերջիվերջո, եթե Իրանում բանը հասնի ներքին անկայունության դրսևորումների, ապա այն կարող է ինչ-որ ձևով տարածվել նաև հարակից շրջաններ, որի արդյունքում կարող ենք ունենալ որոշակի փոփոխություններ, օրինակ՝ սահմանային ռեժիմի, փախստականների հետ կապված, այստեղ նշում եմ ծայրահեղ սցենարը։

Ընդանուր առմամբ մեր շահերի տեսանկյունից ընդունելի է հավասարակշռված և կայուն կանխատեսելի վիճակ։

– Այս պարագայում Հայաստանն ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն պետք է վարի, որպեսզի և՛ Միացյալ Նահանգների հետ զարգացնի հարաբերությունները, և՛ Իրանի հետ պահպանի բարիդրացիական հարաբերություները։ Հայաստանը կկարողանա՞ վարել ճկուն քաղաքականություն։

– Հայաստանն օբյեկտիվորեն դատապարտված է վարել ճկուն քաղաքականություն, քանի որ գտնվում ենք շատ բարդ տարածաշրջանում։ Մենք Իրանի շուրջ ձևավորված իրավիճակի ծանրության մասով մեկ անգամ նախադեպ ունեցել ենք 1990-ականներին, երբ Իրանը պատժամիջոցների տակ էր և ԱՄՆ նախագահի մակարդակով նամակ էր եկել ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ըստ որի՝ Հայաստանը պետք է դադարեցներ իր շփումներն Իրանի հետ, որովհետև Իրանն ինչ-ինչ հարցերի շուրջ մեղադրում էր ԱՄՆ քաղաքականությանը։ Հայաստանի պատասխանն այն եղավ, որ գտնվում է պատերազմի և շրջափակման մեջ, Վրաստանի հետ ունի անկայուն փոխադրումների սահման, և Իրանի սահմանի միջոցով առևտուրն ու կապը արտաքին աշխարհի հետ կենսական է։

ԱՄՆ-ում սա, իհարկե, հասկացան և գոնե այդ ժամանակահատվածում ձեռնամուխ չեղան նման բան կրկնել։ Այսօր մենք ունենք նման իրավիճակ, և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցը կապված էր դրա հետ: ԱՄՆ-ը շատ լավ հասկանում է Հայաստանի տնտեսական, քաղաքական իրավիճակը, սթափ գնահատում են Հայաստանի ռեսուրսների և խուսանավման հնարավորությունները։

Այցի ժամանակ ԱՄՆ-ը հավանաբար ավելի շուտ ուզում էր տեղեկացնել, որ գործընթացներ են տեղի ունենալու, և ուզում էր հասկանալ, թե Հայաստանում նոր ձևավորված պետական էլիտայի դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ ինչպիսին են։ Իսկ այդ դիրքորոշումներն այնպիսին են, որ մեզ համար կենսական է տարածաշրջանի կայունությունը, կենսական է, որ հարևան երկրներում չլինեն ճգնաժամեր։ Հավանաբար այս մասին տեղեկացել է Ջ.Բոլթոնը։

Կարծում եմ՝ նա տեսել է այն խնդիրներն ու ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ ԱՄՆ պատժամիջոցները գործարկելիս։ Սա անխուսափելի է, սակայն խնդիրն այն է, թե որքանով Միացյալ Նահանգները կկարողանա Իրանի դեմ պատժամիջոցներ գործադրելու արդյունքում Հայաստանի վրա տնտեսական ճնշումները մեղմել՝ իր ռեսուրսներով, հնարավորություններով և առաջարկած տարբերակներով։ Ըստ իս, սա քննարկելի հարց պետք է լինի։ Իսկ լուծումների մասով առաջիկայում հավանաբար կտեսնենք, եթե տեսանելի քայլեր լինեն, որ Իրանի հետ պատժամիջոցների արդյունքում տուժած երկրները կստանան որոշակի աջակցություն կամ այլընտրանքային լուծումներ, եթե ոչ, ապա մենք կունենանք խնդիրներ։

–  Նախիջևանի գործոնը հաշվի առնելով՝ հայ-իրանական սահմանի փակման անկանխատեսելի սցենարների դեպքում ի՞նչ իրավիճակ կստեղծվի հայ-ադրբեջանական սահմանին, հնարավո՞ր է՝ Ադրբեջանը Նախիջևանի մասով գործարքի գնա Իրանի հետ։

– Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների առաջին դրույթներից մեկն այն է, որ որոշ երկրներ պետք է դադարեցնեն Իրանից նավթ գնելը, Ադրբեջանը հենց այդ երկրներից մեկն է, որը դադարեցրել է Իրանից նավթի ներմուծումը և փորձում է՝ որպես այլընտրանքային ճանապարհ, «Գազպրոմից» ներմուծել։ Սա արդեն խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չնայած Իրանի հետ բավականին ազնիվ տնտեսական հարաբերությունների մեջ է, սակայն ամերիկյան քաղաքականության շրջանակներում ձեռնարկել է ինչ-որ քայլեր։

Չեմ բացառում, որ սա նախապես քննարկել են նաև Իրանի հետ, որովհետև կարծում եմ, որ փոքր երկրները մեծ այլընտրանքների հնարավորություն չունեն։

Ինչ վերաբերում է Նախիջևանի հետ կապված վերը նշած տարբերակին, դրան թերահավատ եմ մոտենում, քանի որ Իրանի սահմանում նման քայլ ձեռնարկելը կարող է բավականին մեծ հետևանքներ ունենալ։ Չեմ կարծում, որ մոտ ժամանակներում նման սցենարներն իրատեսական են, քանի որ տարածաշրջանում մի քանի անկայունության դաշտերը կարող են ընդհանուր քաոսային իրավիճակ ստեղծել։ Իսկ ուժերի կենտրոննների, այդ թվում՝ գլոբալ ուժային կենտրոնների դիրքերից անկառավարելիության ռիսկեր կարող են ի հայտ գալ։

Հետևաբար՝ նման օրակարգ, դիտարկում միգուցե ինչ-որ փուլում կարելի է հաշվի առնել՝ ռիսկերի գնահատման դիրքերից, բայց այս փուլում  նման օրակարգի ի հայտ գալն իրատեսական չեմ համարում։ Կարծում եմ՝ Իրանն ավելի շատ այլ խնդիրներ ունի, և Նախիջևանն օրակարգ մտցնել Իրանի միջոցով՝ Ադրբեջանի դիրքերից՝ իրատեսական չէ։

– Հայ-իրանական սահմանի հնարավոր փակումը և ընդհանրապես հայ-իրանական հարաբերությունների ոչ ճիշտ ընթացքն ի՞նչ անդրադարձ կարող է ունենալ Արցախի հիմնախնդրի վրա։

– Ընդհանուր առմամբ Իրանը շահագրգիռ է, որ Իրանի շուրջ լինի կայունություն, որովհետև այն բազմազգ երկիր է, և ամեն պահի հնարավոր է, որ երկրի ներսում կենտրոնախույզ ինչ-որ ուժեր փորձեն անկայունության և պառակտումների քայլեր ձեռնարկել։ Իրանի շուրջ կայունությունը կարևոր է, որովհետև Իրանի հյուսիսային հատվածում բնակվող ազերիները նույնպես խնդիր են Իրանի համար, քանի որ նրանք կարող են քաղաքական տարբեր ազդեցությունների ներքո խնդիր ստեղծել պետության և գործող վարչակարգի համար։ Հետևաբար՝ Արցախի խնդրի լուծումը ոչ ռազմական ճանապարհով՝ Իրանի համար շահեկան է։

Մյուս կողմից էլ՝ Իրանն իր քաղաքականության մեջ հրապարակայնորեն չի կարող դուրս գալ մի շարք ֆորմալ հայտարարությունների շրջանակից։ Սովորաբար Իրանի մոտեցումը հետևյալն է, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, միայն այս հանգամանքը ցույց է տալիս մեր  ու Իրանի մոտեցումների նմանությունն այս բաղադրիչի մասով։

Պետք է ֆիքսել, որ Արցախի ինքնորոշման իրավունքը մի կողմից՝ պետք է որ շահեկան լինի  Իրանի համար, մյուս կողմից՝ կարող է հավելյալ ռիսկեր ստեղծել, հաշվի առնելով Իրանում, երբեմն՝ նաև քաղաքական պատվերով ինքնորոշման իրավունքի հավակնորդ  որոշ ազգերի, ազգությունների գործոնը։ Իրանը չի փորձում ներկայացնել հստակ  ու միանշանակ մոտեցում, որովհետև այդ մոտեցումը երբեմն բումերանգի էֆեկտով վերադառնալու է և իր համար խնդիրներ ստեղծի։ Կրկնում եմ՝ Իրանի նման երկրի համար առաջնահերթ շահն այս պարագայում տարածաշրջանային կայունությունն է և կանխատեսելիությունը։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս