«Ինչո՞ւ հայկական կողմը միչև հիմա մոլորվող հովիվների համար ապահով կերպով չի իրականացնում սահմանի վերահսկողությունը». ադրբեջանագետ
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) շրջանում նոյեմբերի 20-ին տեղի է ունենալու Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի դատավարությունը, ով 2018թ. հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։
ՀՀ քաղաքացուն Ադրբեջանում առաջադրված է 5 մեղադրանք՝ կյանքի և առողջության, հանրային անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության, հասարակական կարգի դեմ, ինչպես նաև տնտեսական գործունեության ոլորտում հանցագործություններ գործելու հոդվածներով:
Կարեն Ղազարյանի դատավարությունն ընթանալու է ծանր հանցագործությունների համար նախատեսված ադրբեջանական դատարանում։
«Ադրբեջանը բոլոր ոլորտներում ունի հետևողական քաղաքականություն: Ե՛վ արտաքին, և՛ ներքին քաղաքականության ոլորտում որոշակի գիծ է պահպանում: Այս պարագայում Արցախում են ադրբեջանցի Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, ովքեր անօրինական կերպով մուտք են գործել հանրապետության տարածք և քրեական հանցանքներ գործել: Ադրբեջանը, փաստացի հովանավորելով նման դիվերսիոն գործողությունները, որոնք եղել են առաջ, կլինեն հետո, գերելով հայ խաղաղ քաղաքացուն՝ ներկայացնում է՝ որպես գրոհային, ցանկանալով փոխանակել ադրբեջանցի հանցագործների հետ: Դատական թատերական շոուն սրա համար են սարքել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
«Շատ կարևոր անհանգստացնող հարց կա. այս տարիների ընթացքում բազմիցս ենք նման դեպքերի ականատես եղել: Ով ընկավ Ադրբեջան գերի՝ միանգամից հայտարարվեց հոգեկան հիվանդ: Չեմ հասկանում, մի՞թե այդքան դժվար է, ինչո՞ւ հայկական կողմը մինչև հիմա մոլորվող հովիվների համար ապահով կերպով չի իրականացնում սահմանի վերահսկողությունը, որ պատահաբար չանցնեն: Այդ ինչպե՞ս են սահմանը վերահսկում: Բա որ հայ հովվի փոխարեն՝ լինի, ասենք թե, ադրբեջանցի դիվերսանտ ու աննկատ մուտք գործի ՀՀ տարածք, դրա համար ո՞վ է պատասխանատու: Դեպքերը կրկնվում ու կրկնվում են, սակայն միջոցներ չեն ձեռնարկում»,- հավելեց ադրբեջանագետը:
Նրա խոսքով՝ հայ գերիների վիճակը շատ տխուր է:
«Ենթարկվում են անմարդկային խոշտանգումների, ստորացվում: Մեծամասնությունը, որոնցից տարիներ շարունակ լուր չունենք, հավանական է, որ դաժանորեն տանջամահ են արվել: Նման հակառակորդի հետ դժվար է բանակցել ու ինչ-որ եզրահանգման գալ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը փորձում է, չէ՞, զոհված և վիրավորված կանանց ներգրավմամբ մի բան անել, սակայն ադրբեջանական իրականության պայմաններում հազիվ թե այդ քայլն ընդունվի՝ ինչպես հարկն է»,- նշեց Գրիգորի Այվազյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի առավոտյան Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը, ով չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում, հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Նա ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:
Նշենք, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։
Անի Կարապետյան