«Մասնակցել Իրանի դեմ որոշակի գործողությունների, պարզապես մահացու կլինի Հայաստանի համար». իրանագետ

Նոյեմբերի 1-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում խոսելով հայ-թուրքական սահմանից՝ նշել էր, որ այս պահին Հայաստանն ունի երկու կիսաբաց սահման։

Ըստ նրա՝ հայ-իրանական սահմանը դե ֆակտո կարող է ամեն պահի փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, իսկ հայ-վրացական սահմանը դե ֆակտո կարող է փակվել, օրինակ՝ վատ եղանակային պայմանների պատճառով։ Նա Հայաստանը համարել էր կղզի՝ առանց ծովի։

Իրանագետ Ահարոն Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն վտանգներին, որոնք կարող են առաջանալ հայ-իրանական սահմանի հնարավոր փակման դեպքում, նկատեց, որ Իրանի հետ Հայաստանի սահմանի փակումը պետք է բացառել, քանի որ այն Հայաստանի համար  ունի կենսական նշանակություն։

«Կարծում եմ՝ վարչապետի պաշտոնակատարը խոսում էր եկող մարտահրավերներից, ժամանակի և իրավիճակների բերումուով  աշխարհաքաղաքական իրադարձություններից և ըստ իս, խոսքն այստեղ սահմանի հավանական փակման մասին չէր։ Սահմանի փակումը պետք է բացառել, սա շատ լավ հասկանում են կառավարությունում և անձամբ վարչապետի պաշտոնակատարը»,- նշեց իրանագետը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին  և այդ համատեքստում Իրանի նկատմամբ Հայաստանի դիրքորոշմանը, Ահարոն Վարդանյանն ասաց, որ Հայաստանն ու Իրանն ունեն բարեկամական, այդ թվում՝ ռազմավարական հարաբերություններ, և Իրանի նկատմամբ կիրառված նախկին պատժամիջոցների ժամանակ Հայաստանը կարողացել է ներկայացնել հստակ դիրքորոշում։

«Հայաստանը չի մասնակցել Իրանի դեմ իրականացվող որևէ գործողության, բացատրել ենք այն կարևորությունը, որ Իրանն ունի մեր երկրի համար, կարողացել ենք միջազգային մեր գործընկերներին ներկայացնել Հայաստանի իրավիճակը։ Քանի որ ունենք արևելքից և արմուտքից ամբողջովին փակ սահմաններ, իսկ Վրաստանի հետ սահմանը, ինչպես ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ կիսաբաց է, քանի որ տարբեր իրավիճակներից ելնելով՝ այն կարող է փակվել։ Այս պարագայում մասնակցել Իրանի դեմ որոշակի գործողությունների՝ պարզապես մահացու կլինի Հայաստանի համար։ Այս դեպքում միջազգային մեր գործընկերներն այլընտրանք չունեն, կարծում եմ՝ հայ դիվանագետները կկարողանան բացատրել իրավիճակը, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն ոչ թե տասնամյակների պատմություն, այլ գալիս են դարերի խորքից, և երկու երկրները միմյանց համար շատ կարևոր են»,- շեշտեց Ա. Վարդանյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե այս իրավիճակում Իրանը Հայաստանի ղեկավար մարմիններից որևէ պաշտոնական հայտարարության սպասո՞ւմ է՝  հայ-իրանական ներկայիս հարաբերությունների հետ կապված, թե՞ այդ հարաբերություններն արդեն պարզ են Իրանի համար, Ահարոն Վարդանյանը պատասխանեց, որ Իրանի կողմից հայ-իրանական հարաբերություններն ընկալելի են, և այն բավականին բարձր են գնահատում։

«Այս ամենի վկայությունը նաև վերջերս ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հանդիպումն էր ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ, որի ընթացքում դեսպանը Զ. Մնացականյանին էր փոխանցել Իրանի արտգործնախարար Մուհհամադ Ջավադ Զարիֆի շնորհակալությունը և նշել, որ Իրանն ու Հայաստանն ունեն բարձր մակարդակի հարաբերություններ, երբեք միմյանց դեմ գործողություններ չեն արել և այդպես էլ շարունակելու են։ Սա արդեն վկայում է այն մասին, որ հայ-իրանական հարաբերությունները ներկայումս գտնվում են բավականին բարձր մակարդակում, ունեն լավ հարբերություններ, և այդպես շարունակելու են»,- նշեց Ահարոն Վարդանյանը։

Իրանագետի կարծիքով՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավորություններ են ստեղծվելու հայ-իրանական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս