Բաժիններ՝

Ովքեր են ազատազրկված մեր երկրում

Նյութականացավ վերջին ամիսների ամենասպասված իրավական փաստաթուղթը: Նյութականացավ ՀՀ օրենքի տեսքով: Խոսքը նոր ընտրական օրենսգրքի մասին չէ, այլ համաներման: Հանրապետության 100-ամյա հոբելյանի տոնակատարություններն էին հետին պլան մղվել: Համաներման օրենքին անդրադառնալու համար մեր գործադիր ու օրենսդիր իշխանությունները հոկտեմբերին ժամանակ գտան: Բայց կարծես ցայտնոտի պայմաններում նախապատրաստված այս օրենքը հասցրեցին վավերացնել:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը խորհրդարանում հետաքրքիր փաստեր հրապարակեց: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա 2888 դատապարտված: Փաստորեն, մեր «բանտերն» ամենևին էլ գերբեռնված չեն: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ մեր քրեակատարողական հիմնարկները նախատեսված են շատ ավելի մեծ քանակով մարդկանց համար (պաշտոնապես այդ հիմնարկները հաշվարկված են 5336 անձի համար):

Համաներման օրենքի արդյունքում ազատ կարձակվի մոտ 660 մարդ: Սրան գումարած՝ քննչական վարույթում գտնվող մոտ 6000 գործից 1096-ը կդադարեցվի: Ահա այսպիսին է համաներման թվային պատկերը:

Իրավական վիճակագրության համաձայն՝ վերջին տարիներին նկատելի նվազել է ազատազրկման դատապարտված անձանց քանակը: Ի տարբերություն հանցագործությունների արձանագրվող աճի՝ վերջին տարիներին դատապարտվողների քանակը մշտապես նվազում է:

Տեսեք՝ 2012թ. ՀՀ դատական համակարգով դատապարտվել է 3727 անձ, 2013 թվականին` 3481, 2014 թվականին` 2944, 2015 թվականին` 2844, 2016 և 2017 թվականներին՝ մոտ 2530 անձ: Դատապարտվածների 57- 63 տոկոսը դատապարտվում է ազատազրկման: Ազատազրկված անձանց թիվն ամենամեծն էր 2012 թվականին` 2191 մարդ: Հետո նրանց թիվը տարեցտարի նվազելով՝ 2017-ին արդեն 1410 մարդ էր:

Հայաստանում հրապարակվում է բավական թափանցիկ, մատչելի ու հասկանալի իրավական և դատական վիճակագրություն: Դրանց ուսումնասիրությունը բավական ամբողջական պատկեր կարող է տալ: Օրինակ, կարելի է տեսնել, որ կանայք կազմում են ազատազրկման դատապարտվածների ութ տոկոսը: Անչափահասների (14-17 տարեկան) քանակն ազատազրկման դատապարտվածների երեք տոկոսն է կազմում: Իրավական վիճակագրությունը նաև հնարավորություն է տալիս պարզել, թե ազատազրկվածների մեջ ինչ «խոշոր խմբեր» կան:

Այսինքն՝ որ հոդվածներով են ավելի շատ մարդիկ դատապարտվում դատական վճիռներով: Մեր երկրում արձանագրված հանցագործությունների (2017-ին՝ 18.764 դեպք) մոտ 30 տոկոսը գողություն է: Հետևաբար՝ դատավճռով դատապարտվածների ամենամեծ խումբը հենց գողություն կատարած անձինք են: Նրանք ազատազրկվածների մոտ 19 տոկոսն են կազմուն: Ազատազրկվածների հաջորդ խոշոր խումբը թմրամիջոցների հետ առնչություն ունեցողներն են (11 տոկոս): Երրորդ խումբը, որքան էլ տարօրինակ լինի՝ տրանսպորտային պատահարների հետ կապված անձինք են:

Հայաստանում վերջին տարիներին 700-1000 ճանապարհատրանսպորտային պատահար որակվում է՝ որպես քրեական հանցագործություն: Մեր դատական համակարգով ազատազրկման դատապարտվածների հինգ տոկոսն այդ ոլորտում հանցագործություն կատարած անձինք են: Այստեղ կարելի է նշել, որ, ի տարբերություն դատական և իրավական վիճակագրության՝ մեր ճանապարհային ոստիկանությունը լուրջ թերացում ունի վիճակագրության վարման հարցում: Համացանցում կարելի է գտնել բոլոր խոշոր քաղաքների ճանապարհատրանսպորտային վիճակագրության տվյալները, ուր անգամ վթարները հաշվարկված են շաբաթվա օրերի կտրվածքով:

Երևանում, հավանաբար, նման վիճակագրություն չի վարվում: Հավանաբար այդ պատճառով էլ ավտոմեքենաների քանակի ավելացմանը զուգահեռ՝ ավելի ու ավելի է բարդանում երթևեկը մայրաքաղաքում:

Վերադառնալով իրավական վիճակագրությանը՝ նշենք, որ ազատազրկման դատապարտվածների տարիքային հիմնական խմբերում ընդգրկված են 18-50 տարեկան անձինք (ազատազրկվածների մոտ 80 տոկոսը): Ըստ վիճակագրության՝ ազատազրկվածների կեսից ավելին ոչ մի տեղ չաշխատող կամ չսովորող անձինք են: Ասեք, որ սա բավական տիպական ու տրամաբանական պատկեր է:

Իրավական վիճակագրությունը մի տարօրինակ փաստ է արձանագրում: Ի տարբերություն նախորդ տարիների, վերջին երկու տարում ազատազրկման դատապարտվածների միայն երկու տոկոսն է նախկինում դատված եղել (նախկինում այս ցուցանիշը գերազանցում էր 10 տոկոսը): Զուտ այս փաստից ելնելով՝ համաներման դեպքը կարելի է գնահատել՝ որպես մարդասիրական ակտ: Որպես սայթաքած մարդուն ուշքի գալու հնարավորություն, եթե կուղղեք: Հատկապես, որ համաներումն ընդգրկում է նվազ` չորս տարուց պակաս պատժաժամկետի դատապարտվածներին:

Ավելի բարձր` վեց տարվա պատժաժամկետ ունեցողների համար համաներման օրենքն առանձին պայմաններ է սահմանել: Դրանք էլ իրենց բնույթով նույնպես մարդասիրական են: Ազատազրկված բարեկամ ու ընկեր չունենալու պարագային՝ կհանդգնեմ պնդել, որ այս համաներումը մեր պետության հոբելյանի առիթով ձեռնարկված ամենաազդեցիկ միջոցառումն է: Պարզ մարդասիրությունից զատ, այն իրավագիտության ոլորտում պետական կյանքի կառավարման բազմաթիվ հարցերի պատասխան կտա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս