Հայկ Մարությանն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ ղեկավարին
Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Արաբկիր վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Դանիելյանին: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մասով ներկայացնելով իր դիտարկումները՝ Երևանի քաղաքապետը կարևորել է նաև բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելումն ու ոլորտի կանոնակարգումը:
Աշխատանքում հաջողություն գրանցելու և խոստացված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու հարցում քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է բնակիչների հետ համագործակցված մոտեցումը: Երևանի քաղաքապետը նշել է, որ արվելու է հնարավոր ամեն ինչ՝ բնակիչների հույսերն ու սպասելիքներն արդարացնելու համար:
«Մենք պետք է անենք այնպես, որ մեր բնակիչները ոչ թե միայն պահանջատեր լինեն, այլ նաև մասնակից դառնան բոլոր գործընթացներին: Ես ձեզ վստահեցնում եմ, որ միայն այդ դեպքում կարող ենք հաջողության հասնել»,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի ղեկավարի նախկին պաշտոնակատար Արտակ Միսկարյանին և աշխատակիցներին վարչական շրջանում կատարած աշխատանքի համար՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ իր կողմից միշտ է գնահատվում այն ամենը, ինչն արվել է Երևանի զարգացման ու բնակիչների հարմարավետության համար:
Հայկ Մարությանը շնորհավորել է Արամ Դանիելյանին՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել նրան բեղմնավոր աշխատանք:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն