
Նախնական տեղեկություններով՝ Ինդոնեզիայում վթարված ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն եղել

Հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի թվում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն եղել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հոկտեմբերի 29-ին աղետի է ենթարկվել Lion Air ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռը, որը Ջակարտայից մեկնել էր Պանկալպինանգ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը հղում անելով Ինդոնեզիայի փրկարարական ծառայություններին:
Flightradar24 մոնիթորինգային ծառայության տեղեկատվության համաձայն՝ Ջակարտայից Պանկալպինանգ չվերթն իրականացնում էր Boeing 737 MAX 8 ինքնաթիռը: Ըստ վերջին տվյալների՝ օդանավում եղել է 188 մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամները: Ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել էր թռիչքից 13 րոպե անց: Lion Air-ի ղեկավար Էդվարդ Սիրաիթը հրաժարվել է մեկնաբանել իրադրությունը: «Ներկայում մենք չենք կարող մեկնաբանություններ տալ:
Մենք փորձում ենք հավաքել ամբողջ տեղեկատվությունն ու տվյալները»,- հայտարարել է նա: Dekik պորտալը վկայակոչելով Որոնման ու փրկման ազգային գործակալության ղեկավար Մոհամադ Սայուգիի հայտարարությունը, հայտնել է, որ Ինդոնեզիայի իշխանությունները երեք նավ ու ուղղաթիռ են ուղարկել ինքնաթիռի աղետի գոտի: Գործակալության ներկայացուցիչը հայտնել է, որ փրկարարները գտել են մարդատար ինքնաթիռի կործանման վայրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: