Բաժիններ՝

Ինչո՞ւ ենք հրաժարվում հասանելի գիտելիքից

«Գիտելիքի հանդեպ դիմադրություն» թեման ուսումնասիրելու համար շվեդ հասարակագետներն օրերս ստացել են 5.4 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ։

Գիտնականները փորձելու են հասկանալ, թե ինչո՞ւ մարդիկ չեն ուզում գիտելիքներ ձեռք բերել այն դեպքերում, երբ այդ գիտելիքը հասանելի է։ Տասնամյակներ առաջ թվում էր, թե մարդիկ չեն սովորում, քանի որ գրքերը, ռեսուրսները շատ քչերին են հասանելի։ Այսօր ունենք բոլորովին այլ իրավիճակ։ Գիտելիքն ամենուր է, շատ դեպքերում՝ անվճար, բայց շատ քիչ թվով մարդիկ են օգտվում կրթության հնարավորություններից։

Սա կրթության կարևորագույն առեղծվածներից մեկն է։ Ինչո՞ւ մարդիկ չեն ուզում սովորել գիտելիքի աղբյուրների աննախադեպ առատության պայմաններում։ Պատճառները մի քանիսն են։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ ակադեմիական գրքերի, ուսումնական ռեսուրսների բազմապատկմանը զուգահեռ՝ ավելացել են նաև այլ ռեսուրսները։

Օրինակ՝ ինֆորմացիան, սերիալները, զվարճանքի ինդուստրիան նույնպես շեշտակի աճել են։ Ընդ որում, վերջիններիս ստեղծման համար ծախսվում են շատ ավելի մեծ ֆինանսական միջոցներ, քան կրթության ֆինանսավորման վրա։ Կշեռքի մի նժարի վրա 50-60 հազար աշխատավարձ ստացող ուսուցիչն է և նրա վարած դասը, մյուսն նժարի վրա՝ հսկայական գումարներ ստացող սերիալի կամ ֆուտբոլի ինդուստրիան։ Ինչպե՞ս կարող է ուսուցիչը երեխաներին համոզել սովորել ակադեմիական նյութեր, եթե իր վրա անհամեմատ ավելի քիչ գումար է ներդրվում, քան սերիալի ցուցադրման։ Արդյունքում, ուսուցչի՝ լավ աշխատելու մոտիվացիան նվազում է, ինչն էլ բացասաբար է անդրադառնում գիտելիքի նկատմամբ սովորողներ վերաբերմունքի վրա։

Մյուս պատճառն այն է, որ այսօր կրթական համակարգում ներդրումներ են արվում բովանդակությունը փոխելու, ուսուցիչներին վերապատրաստելու վրա, բայց գրեթե ոչինչ չի արվում երեխաների սովորելու մոտիվացիան բարձրացնելու, ուսումնական նյութերն ավելի հետաքրքիր ու գրավիչ դարձնելու ուղղությամբ։ Այսօր շատ մեծ մրցակցություն է ծավալվել մարդկանց ուշադրությունը գրավելու առումով։ Եվ այս մրցակցությունում կրթությունը պարտվում է։

Երրորդ պատճառն այն է, որ ժամանակակից երեխաները փոխվել են, իսկ կրթական համակարգի մոտեցումները գերազանցապես մնացել են նույնը։ Օրերս Հայաստանի դպրոցներից մեկի տարրական դասարանում արձանագրվել է այսպիսի դեպք։ 2-րդ դասարանի աշակերտը դասի ժամին վեր է կենում և սկսում է դասարանում քայլել։ Երբ ուսուցիչն աշակերտին ասում է, որ նստի իր տեղում, վերջինս պատասխանում է. «Ինչո՞ւ դուք երբ ուզում եք՝ նստում եք, երբ ուզում եք՝ քայլում, իսկ ես չեմ կարող։ Ես էլ եմ մարդ։ Ես էլ ուզում ձեր նման վարվել»։

20-30 տարի առաջ ոչ մի երեխա ոչ միայն նման բան չէր անի, այլև մտքով անգամ չէր անցնի իրեն հավասարեցնել ուսուցչի հետ։ Բայց այսօրվա երեխաները տարբեր են։ Նրանք շատ արագ են ըմբռնում, շատ արագ են հասկանում որոշ բաներ և ուզում են ավելի հավասար լինել մեծերի հետ։ Իսկ մեր մանկավարժությունն ամբողջությամբ կառուցված է անհավասարության վրա։

Գիտնականները պնդում են, որ արագացել է երեխաների ֆիզիոլոգիական աճը, փոխվել է երեխայի ուղեղը։ Արագ աճող երեխաներին մենք ավելի երկար ենք պահում այնպիսի ուսումնական հաստատություններում, որոնք գրեթե չեն փոխվել։ Սա է պատճառը, որ 8-9-րդ դասարանից սկսած երեխաների զգալի մասը սկսում է ձանձրանալ դպրոցներում, իսկ ավագ դպրոցում ունենք հաճախումների լուրջ խնդիր։ Իրավիճակը բարվոք չէ նաև համալսարաններում, որտեղ 3-րդ կուրսից սկսած ուսանողների մի զգալի մասը սկսում է ուսման հաշվին աշխատել, իսկ մի մասն էլ՝ ամուսնանալ։

Խնդիրն այն է, որ մարդու աճն արագացել է, և երեխաները ցանկանում են ներգրավված լինել ավելի մասնակցային գործընթացներում՝ դասարաններում ու լսարաններում պասիվ լսելու փոխարեն։ Այսօրվա 16-17 տարեկան երեխաներն իրենց ֆիզիոլոգիական աճի մակարդակով հավասար են նախկին 19-20 տարեկաններին։ Նման երեխաներին պահել հնաոճ կրթության համակարգում արդյունավետ չէ և ռեսուրսների անիմաստ վատնում է։

Որոնք են լուծման տարբերակները։ Առաջին հերթին՝ կրթության ոլորտում աշխատող մարդիկ պետք է հասկանան, որ երեխաները փոխվել են, ինչի արդյունքում հին աշխատաոճի բազմաթիվ տարրեր այլևս արդյունավետ չեն։ Պետք է ուսուցումը դարձնել ավելի հետաքրքիր և ներգրավող։ Ուսումնական գործընթացում տեսական նյութին զուգընթաց՝ անպայման պետք է լինեն գործնական մոտեցումներ։

Շատ մեծ ուշադրություն է պետք դարձնել դպրոցից, համալսարանից դուրս գտնվող միջավայրը կրթական դարձնելու վրա։ Հեռուստատեսային հաղորդումները, ինտերնետ միջավայրը, քաղաքային միջավայրը պետք է հագեցած լինեն ուսումնական ռեսուրսներով։ Քաղաքներն ու գյուղերը պետք է դառնան սովորող միջավայրեր։ Դպրոցներն ու համալսարանները չեն կարող հաջողության հասնել, եթե արտաքին միջավայրը հակակրթական է։

Պետք է կարևորել վաղ մանկության կրթությունը։ Օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերով այսուհետ կրթությունը 3 տարեկանից կլինի պարտադիր։ Ապացուցված է, որ փոքր տարիքում երեխայի վրա ազդելու հնարավորություններն ավելի մեծ են։ Մինչդեռ Հայաստանում երեխաների կեսը մանկապարտեզ ընդհանրապես չի հաճախում։ Ոչինչ չի արվում նաև կրտսեր դպրոցը զարգացնելու ուղղությամբ։

Հուսով եմ, շվեդ գիտնականների հետազոտության ավարտին «168 Ժամ» թերթի իմ սյունակը դեռ կլինի, և առիթ կունենամ ներկայացնելու, թե ինչ բացահայտումներ արեցին նրանք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս