«Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, Ջոն Բոլթոնը և ընդհանրապես որևէ մեկը չի կարող խոսել իմ անունից». Նիկոլ Փաշինյան
«Ամեն մեկը կարող է խոսել ինքն իր անունից, Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, Ջոն Բոլթոնը և ընդհանրապես որևէ մեկը չի կարող խոսել իմ անունից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան 168.am-ի հիշեցմանը, որ Բոլթոնն ասել է, որ ՀՀ-ում դեկտեմբերի ընտրություններից հետո ավելի հնարավոր կլինի Արցախի հարցում վճռական քայլեր իրականացնել:
Ըստ նրա՝ չի կարող լինել որևէ լուծում, որը ընդունելի չի լինի Հայաստանի, Արցախի ժողովուրդների ու Արցախի իշխանությունների համար. «Համացանցում ոմանք մինի-փոթորիկներ են կազմակերպում, եկեք պայմանավորվենք՝ չի կարող լինել լուծում, որ ընդունելի չէ հայ ժողովրդի համար»:
Հարցին՝ ՀՀ-ն ԱՄՆ-ից զենք ձեռք կբերի՞, Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ կառավարությունը սահմանափակված չէ, եթե ԱՄՆ-ից կլինի շահավետ առաջարկ, կքննարկեն:
Անդրադառնալով Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե կառավարությունը մի քանի ամսում քանդում է այն, ինչ նախորդ իշխանությունը տասնամյակներ կառուցել է, Փաշինյանը հակադարձեց, որ եթե Վ.Սարգսյանը սովոր է, որ ՀՀ իշխանությունները պետք է «ծուռ վզով և կիսածնկած» արտաքին քաղաքականություն վարեն, և դա է նրա պատկերացրած արտաքին քաղաքականությունը, ապա ինքը պետք է հիասթափեցնի Վիգեն Սարգսյանին և բոլոր գործընկերներին.
«ՀՀ իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ, արժանապատիվ երկրին վայել արժանաատիվ քաղաքականություն»: