«Ներդրումների համար հեղափոխությունը բրենդ չէ». Ռոբերտ Քոչարյան

armworld.am-ը զրուցել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ

Արցախի հարցում դեռ հստակ դիրքորոշում չեմ տեսնում

Պարոն Քոչարյան, նախ, ինչպե՞ս եք գնահատում Արցախի հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակը: Մի կողմից կարծես բանակցային գործընթացի տեւական տեղապտույտի հերթական փուլի մեջ ենք ընկղմվում, մյուս կողմից՝ պարզ է, որ նման վիճակը չի կարող անվերջ շարունակվել: Ի լրումն՝ պահպանվում է հակառակորդի կողմից ագրեսիայի փորձը կրկնելու վտանգը: Չենք խոսում արդեն ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ տարածքների վերաբերյալ հայտարարության մասին:

-Մինչեւ չլուծվի ԼՂՀ կարգավիճակի հարցը, խաղաղություն չի լինելու: Անհրաժեշտ է խաղաղ կարգավորման վերաբերյալ փաթեթային համընդգրկուն համաձայնություն, դրա հետ մեկտեղ փաթեթի տարբեր էլեմենտներ կարող են լուծում ստանալ փուլերով:
Կարծում եմ՝ դեսպանը խաղաղություն բառի տակ այնուամենայնիվ նկատի ունի կարգավորման ավելի լայն կոնտեքստ: Գնացող ԱՄՆ դեսպանի հայտարարությունն իր անձնական կարծիքը չէ: Դա լինելու է նաեւ նրան հաջորդող դեսպանի կարծիքը, եւ դա ԱՄՆ պետքարտուղարության կարծիքն է:

Կարդացեք նաև

Ավելին ասեմ՝ դա բոլոր համանախագահողների կարծիքն է, որ որոշ տարածքներ բանակցությունների առարկա են: Սա է իրականությունը: Համենայն դեպս Մինսկի խմբի համանախագահների կարծիքը տարածքների վերաբերյալ միշտ եղել է այս կոնտեքստի մեջ:
Ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանությունը դրա մեջ է, եւ կարծում եմ, որ դա իշխանությունների համար այն մարտահրավերն է լինելու, որի նկատմամբ իրենց դիրքորոշումը պետք է հստակեցնեն:

Պատերազմի վերսկսման վտանգը միշտ եղել է, կա եւ լինելու է: Եվ ամենից մեծ խնդիրը մենք ունենալու ենք այն ժամանակ, երբ սկսենք մտածել, թե այդ վտանգը գոյություն չունի կամ նվազել է: Նման մոտեցումն անպայման կբերի ավելի թույլ ջանքերի՝ առաջին գիծն ամուր պահելու, բանակի մարտունակությունն ապահովելու ուղղությամբ:

Այսօր, երբ զինադադարն ամրապնդված չէ որեւէ լուրջ վերահսկման մեխանիզմով, զինադադարի պահպանման ամենից մեծ երաշխիքը ուժերի բալանսն է: Որեւէ բաղադրիչի թուլացումը կարող է լուրջ վտանգ դառնալ՝ մարտական գործողությունների վերսկսման տեսանկյունից: Սա եւս ակներեւ է:

– Սակայն մեր հանրության տիրապետող դիրքորոշումն այն է, որ մենք զիջելու տարածք չունենք:

– Հանրային ընկալումն իրոք այնպիսին է, որ որեւէ տարածք պետք չէ զիջել:
Նշանակում է իշխանությունները պետք է կա՛մ ամբողջությամբ վերանայեն բանակցային գործընթացը, կա՛մ բանաձեւ գտնեն, որը նաեւ ընկալելի կլինի մեր հանրության համար: Սրա հետ մեկտեղ անշուշտ կրեն պատասխանատվություն հետեւանքների համար:

– Փաշինյանը կարծեք հենց վերանայման փորձից էլ սկսեց, բայց հետո, այսպես ասեմ՝ փոքրիկ ալիքներով սկսեցին նահանջել այդ դիրքորոշումից:

-Իմ կարծիքով, ամենից մեծ վտանգը կլինի այն, եթե իշխանությունները վերադառնան այն թեզին, որը ժամանակին կիրառել է Տեր-Պետրոսյանը: Թեզը հետեւյալն էր՝ պատրաստ ենք լուծման յուրաքանչյուր տարբերակի, որին համաձայն է Արցախի ղեկավարությունը: Այդ մոտեցումը, հիշեցնեմ, ավարտվեց ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովի՝ Հայաստանի համար չափազանց անբարենպաստ բանաձեւով:

Այդ թեզը արտաքուստ հեշտ տարբերակ է՝ պատասխանատվությունից խուսափելու համար, բայց այդ մոտեցումն Արցախին մեն-մենակ է թողնում բանակցային գործընթացում: Եվ բանակցություններում Արցախի առանձնացված ռեսուրսը բնականաբար շատ ավելի նվազ է, քան հայկական կողմի միասնական ռեսուրսը:

Միեւնույն է, Հայաստանը չի կարող խուսափել Արցախի համար պատասխանատվությունից, հատկապես անվտանգության ոլորտում: Բոլորը գիտեն Հայաստանի ներգրավվածության աստիճանը:

Բայց երբ որ դու բանակցային գործընթացի կարեւորագույն հարցի՝ կարգավիճակի, խնդրի կարգավորման բանաձեւի վերաբերյալ ասում ես՝ մենք համաձայն ենք ամեն ինչին, ինչին համաձայն կլինի Ղարաբաղը, դու այդ բանաձեւը կարգավորելու քո ռեսուրսը հենց ինքդ ես չեզոքացնում: Եվ ի վերջո անպայման ստանալու ես մի բանաձեւ, որին չի կարողանալու համաձայնել Արցախը եւ ստիպված մերժելու ես նաեւ դու, եւ ավելի մեծ խնդիր ես ստանալու:

Իհարկե, պետք է ձգտել Արցախը վերադարձնել բանակցային գործընթաց: Եվ, նկատեմ. վերջին անգամ Արցախը բանակցային սեղանի շուրջ եղել է 1996 թվականի նոյեմբերին, Մինսկի խմբի շրջանակներում Հելսինկիում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ:

Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահ ես դարձել եմ 1998 թվականին:
Վերադառնալով առկա իրողություններին, կարծում եմ, նոր իշխանությունները, նախ, պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը Արցախի հարցում:

Այսինքն, ձեր տպավորությամբ օրվա իշխանությունն Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում չունի՞ հստակ դիրքորոշում:

– Միգուցե ինչ-որ բան բաց եմ թողել, բայց համենայն դեպս չեմ տեսել հստակ դիրքորոշում հարցի վերաբերյալ:

Ավելի շատ խոսվում է զինադադարի ամրապնդման մասին, ինչը շատ լավ է, եթե հաջողվի հասնել: Զինադադարի ամրապնդման մասով խոսքը միշտ պետք է լինի այն մեխանիզմների մասին, որոնք հնարավորություն կտան անկախ դիտորդների կողմից գնահատել խախտման դեպքերը: Դա լուրջ զսպող հանգամանք կլինի: Եվ հայկական կողմը միշտ ձգտել է դրան, ադրբեջանական կողմը միշտ մերժել է այդ հնարավորությունը:

Փաշինյանը հայտարարեց, որ Դուշանբեում զինադադարի պահպանման մասով Ալիեւի հետ պայմանավորվածություն է եղել, օրերս էլ նշեց, որ նաեւ օպերատիվ կապ է ապահովված ադրբեջանական կողմի հետ:

-Եթե հիմա ադրբեջանական կողմը համաձայնել է պահպանել հրադադարը, շատ լավ է: Բայց կասկածներ ունեմ, որ եթե նրանք համաձայնել են, ապա ինչի՞ դիմաց, ի՞նչ ակնկալիքով: Ու այս հարցերը, կարծում եմ, առաջիկայում դեռ կծագեն: Քանի դեռ շփման գծում կրակում են նույն ինտենսիվությամբ:

Պետք է ձգտել որոշակի դերակատարում ունենալ

-Պարոն նախագահ, Հայաստանի համար կարեւոր շատ հարցեր հանգում են մեր տարածաշրջանում դիտարկվող զարգացումներին, վերաբերեն դրանք ԱՄՆ-Իրան հարաբերություններում թարմացված լարվածությանը, ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը թե Սիրիայի հետ կապված անցուդարձին: Դուք ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում, եւ պետության ղեկավարի ձեր փորձառությունն ի՞նչ է հուշում՝ դրանց արդյունավետ դիմակայելու տեսանկյունից:

-Վիճակը տարածաշրջանում այսօր շատ ավելի բարդ է, քան իմ պաշտոնավարման շրջանում էր: Սա ակնհայտ է: Այն ժամանակ Թուրքիան շատ ավելի կանխատեսելի էր, քանի որ ձգտում էր անդամակցել Եվրամիությանը, ԱՄՆ-Իրան հարաբերությունները լարված էին, բայց ոչ այս աստիճանի: Բացի դրանից, ավելացել է Սիրիայի իրավիճակի գործոնը:

Այսինքն՝ կան մի շարք նոր գործոններ, որոնք միայն բարդացրել են իրավիճակը: Ի լրումն, այս ամենը տեղի է ունենում ուժային կենտրոնների՝ Արեւմուտքի, Ռուսաստանի գլոբալ հակամարտության խորապատկերում: Շատ ավելի դժվար է հիմա կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն իրականացնել, քանի որ այդ դաշտը չափազանց փոքրանում է:

Մոտեցումներից մեկը՝ ընդհանրապես մեկուսանալ այդ ամենից, չփորձել որեւէ դերակատարություն ունենալ այդ գործընթացներում: Մյուս մոտեցումը՝ այս բարդ վիճակում այնուամենայնիվ փորձել եզրեր գտնել՝ որոշակի դերակատարության համար: Դա ենթադրում է շատ մեծ դիվանագիտական վարպետություն:

Կգտնի՞ այսօրվա իշխանությունը այդ հնարավորությունը, պատրա՞ստ է գնալ դրան, կա՞ այդ դիվանագիտական փորձը, գիտե՞ն՝ ինչ պիտի անել, թե՞ ոչ: Դժվարանում եմ ասել, որովհետեւ հրապարակային ձեւով որեւէ կերպ իրենք դեռ չեն արտահայտվել այս հարցերի շուրջ:

Վիճակն իսկապես բարդ է, եւ եթե լուծումներ չգտնեն, ես որեւէ մեկին չեմ մեղադրի:
Բայց համարում եմ, որ ամենից վատ տարբերակը կլինի՝ ընդհանրապես չփորձել որեւէ դերակատարում ունենալ, որովհետեւ այդ դեպքում դու տարածաշրջանում զարգացող իրադարձությունների պասիվ օբյեկտ ես լինելու:

Ինչ վերաբերում է առկա մարտահրավերներին, ապա ես կգումարեի նաեւ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումը, ինչը շատ մեծ խնդիրներ կարող է առաջացնել՝ Ռուսաստանի հետ մեր ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված: Սա չափազանց լուրջ մարտահրավեր է լինելու: Եվ, եթե դիտարկում ենք ընդհանուր հնարավոր վտանգները, ապա սա միշտ պետք է աչքի առաջ ունենանք:

– Դա միայն իշխանությունների՞ խնդիրն է, թե՞ ընդհանուր քաղաքական դաշտի, այսպես ասեմ՝ քաղաքական միտքը պետք է ներգրավվի:

-Իշխանությունները պետք է պրակտիկ քաղաքականություն իրականացնեն: Միգուցե սա այն դեպքն է, երբ արժե որոշակի շրջանակներում քննարկումներ ունենալ, եւ դրանց ընթացքում, հնարավոր է, որոշ գաղափարներ ծագեն, որոնք կարող են ուղեցույց լինել պրակտիկ քաղաքականությունն իրականացնելիս:

Դա կհանգեցնի միայն խառնաշփոթի

-Պարոն Քոչարյան, վերադառնալով մեր իրողություններին, նկատենք, որ միայն վերջին կես տարվա ընթացքում երրորդ անգամ կառավարություն ու նախարարներ են փոխվում կամ փոխվելու: Ու սա էլ դեռ վերջը չէ, եթե նկատի ունենանք ԱԺ արտահերթ ընտրությունները, որից հետո էլի կառավարություն է ձեւավորվելու: Կադրային նման հոսքը ի՞նչ հետեւանքներ կարող է թողնել ինչպես պետական կառավարման համակարգի, այնպես էլ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա:
Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, մի խոսքով, մանավանդ որ եկող տարվա բյուջեն էլ կարծես հենց եկող տարի կարող է ընդունվել:

-Միայն խառնաշփոթի կհանգեցնի: Իմ փորձով կարող եմ ասել, որ ամենից արդյունավետը եղել են 2000-2008 թվականները, երբ կառավարության շատ կայուն կազմ ենք ունեցել: Եվ նախարարների մեծ մասը աշխատել է 7-8 տարի, փորձ կուտակելով: Ես տեսել եմ, որ պաշտոնավարման երկրորդ-երրորդ տարում էին նրանք հասնում իրենց արդյունավետության գագաթին։

Ամենից կարեւորը՝ արդյունավետությունն ապահովվել է բարեփոխումների ընթացքում հետեւողական լինելու շնորհիվ: Չկան այնպիսի բարեփոխումներ, որոնք կարող ես կես տարում իրականացնել: Որեւէ ոլորտում լուրջ բարեփոխումները ժամանակ են պահանջում, ամենաքիչը 3 տարի։

Հիմա պատկերացրեք, եթե ամեն տարի կամ տարին երկու անգամ նախարար է փոխվում, եւ ամեն մի գործիչ այդ պաշտոնին գալիս է իր մոտեցումներով, ընդ որում, նրանց մեծ մասը այսօր այդ փորձը չունի, ժամանակ է պետք, որպեսզի հասկանան, թե որտեղ են հայտնվել եւ ինչ է պետք անել, ինչը միանգամայն բնական է:

Արդյունք չեմ սպասում, քանի որ նման կարգի հաճախակի փոփոխությունները չեն կարող արդյունավետ կառավարման մասին խոսել, չեն կարող խթանել արդյունավետությունը: Այստեղ ես մեծ խնդիր եմ տեսնում:

Մենք նաեւ այլ խնդիրներ կունենանք, որովհետեւ ունենալու ենք նոր ԱԺ, որքան պատկերացնում եմ՝ նաեւ անփորձ օրենսդիր իշխանություն ենք ունենալու: Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, բայց այնտեղ բարեփոխումների օրենսդրական ձեւակերպումը հաստատ դանդաղելու է, կամ դրա որակն է հարցականի տակ ընկնելու: Ժամանակ է պետք, որ սովորեն, որոշումներ կայացնելու տեխնոլոգիային սկսեն տիրապետել:

Շարունակելի

Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

Տեսանյութեր

Լրահոս