
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն օպերատիվ կապ են հաստատել

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ու Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապ է ստեղծվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, և կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին և, եթե իրենց կողմից լինի` ինձ: Այնպես չէ, որ հրադադարի ամեն խախտման դեպքում կապի մեջ ենք մտնում, ըստ անհրաժեշտության»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ սահմանին իրավիճակն աննախադեպ հանգիստ է, ինչը կարելի է կապել Դուշանբեում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ:
«Ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը աննախադեպ հանգիստ է, և դա, ինչ-որ առումով Դուշանբեի համաձայնությունների արդյունք է»,- նշեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը: