«Հայ-ամերիկյան օրակարգը զարգացնելու լուրջ հեռանկար կա». մի քանի օրից Հայաստան կժամանի Դոնալդ Թրամփի մեկ այլ խորհրդական

Հայ-ամերիկյան օրակարգը զարգացնելու լուրջ հեռանկար կա, մի քանի օրից Հայաստան կժամանի Դոնալդ Թրամփի մեկ այլ խորհրդական: Ընդ որում՝ այս անգամ այցը տարածաշրջանային չէ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

168.am-ի հետ զրույցում Սարգսյանը հրաժարվեց նշել, թե ո՞վ է ապագա հյուրը, քանի դեռ այցը չի հաստատվել։

Մեր երկիր ամերիկյան դիվանագետների այցելությունների ակտիվացումը Ս.Սարգսյանը չպայմանավորեց առանձին օրակարգով։ Նրա համոզմամբ՝ այս պահին ամենակարևոր այցը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցն է, որը տարածաշրջանային է և մեկնարկելու է հոկտեմբերի 20-ին.

«Բոլթոնը Վաշինգտոնի ամենազդեցիկ գործիչներից և պետական պաշտոնյաներից մեկն է և, նույնիսկ եթե հիերարխիայով նայենք, միգուցե քարտուղարներից ավելի ցածր է իր կարգավիճակը, բայց այդուհանդերձ, նա ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից է և լուրջ ազդեցություն ունի նաև նախագահ Թրամփի և Սպիտակ տան վրա, ընդհանրապես՝ արտաքին քաղաքականության ճարտարապետներից մեկն է»,-ասաց մեր զրուցակիցը։

Պետքարտուղարի ներկայացուցչի այցը, որ օրեր առաջ էր, Ս. Սարգսյանը համարում է ընթացիկ աշխատանքային, որպիսիք հաճախ են լինում և որևէ զարմանալու բան չկա։

Ս.Սարգսյանը նշեց, որ Բոլթոնը լինելու է Մոսկվայում և Հարավային Կովկասի երեք մայրաքաղաքներում, նաև չհաստատված տեղեկություններ կան, որ լինելու է Կիևում, հնարավոր է նաև Թուրքիա գնա, բայց այս պահին այդ տեղեկությունները չեն հաստատվել։

«Մենք Բոլթոնի հետ քննարկելու լուրջ օրակարգ պետք է ունենանք և լուրջ հարցեր կարողանանք առաջ քաշել ու քննարկել։ Շատ կարևոր է, որ Բոլթոնի հետ ուղիղ կոնտակտը միշտ պահվի, Սպիտակ տան ու Հայաստանի միջև կոնտակտ-անձը հենց Բոլթոնը լինի ու նրա հետ այդ ուղիղ կապն անձամբ վարչապետը պահի, որովհետև, կրկնեմ, Բոլթոնը Վաշինգտոնում ամենակարևոր ու ազդեցիկ գործիչներից է, և նրա հետ կապի պահումն ավելի արդյունավետ կլինի»,- ասաց Ս.Սարգսյանը։

Ըստ նրա՝ ամերիկյան կողմի ակտիվացումը, առավել ևս Ղարաբաղյան հիմնախնդրի, գրավյալ տարածքների մասին ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարության ֆոնին, կապ չունի Արցախյան հակամարտության հարցի հետ և այդ ուղղությամբ որևէ զարգացումներ չեն սպասվում։ Միջազգայնագետի կարծիքով՝ հատկապես Բոլթոնը գալիս է՝ քննարկելու տարածաշրջանում ԱՄՆ հետաքրքրությունները, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի խնդիրները, Վրաստանի և Ադրբեջանի հետ նաև երկկողմ լուրջ հարաբերություններ կան, հատկապես՝ ռազմական համակագործակցության ոլորտում, իսկ Հայաստանի հետ կքննարկեն նոր օրակարգն ու առաջարկները, եթե այդպիսիք հայկական կողմը ներկայացնի.
«Չեմ բացառում, իհարկե, որ Ղարաբաղյան հարցը ևս կքննարկվի, հատկապես՝ Ադրբեջանում, որը միշտ օգտվում է նման հնարավորություններից»։

Թե ինչպիսի՞ նոր օրակարգ կարող է առաջարկել Հայաստանը, Սուրեն Սարգսյանը նշեց, որ այժմ չափազանց կարևոր իրավիճակ է, որովհետև Հայաստանը մասնակցելու է Սիրիայում մարդասիրական առաքելությանը.

«Կարևոր է, որ կարողանանք բալանս պահել, որովհետև Սիրիա մեր գնալը բավականին լուրջ խնդիրներ է առաջացրել մեզ համար ԱՄՆ-ում, և մենք կարող ենք ԱՄՆ-ին աջակցություն առաջարկել Աֆղանստանում։ Եվ Բոլթոնը չափազանց կարևոր մարդ է, որ հենց նրան առաջարկենք այդ աջակցությունը, որովհետև նա որոշում կայացնող մարդ է Վաշինգտոնում։ Նման առաջարկը մի քանի կարևոր թիրախների կխփի։ Հայտնի է, որ Աֆղանստանը լուրջ խնդիրներ ունի Պակիստանի հետ, որը չի ճանաչում Հայաստանին, և Ադրբեջանին վերաբերում է որպես ռազմավարական դաշնակից։ Բացի դա, հայտնի է, որ Աֆղանստանը ԱՄՆ-ի պատմության ամենաերկարատև պատերազմներից է, նախագահ Թրամփի համար լուրջ մարտահրավեր է և, ընդհանրապես բալանսի բերելու համար, կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ Հայաստանը Միացյալ Նահանգներին, նաև երկկողմ օրակարգը հաշվի առնելով, Աֆղանստանում առաջարկի իր որոշակի օգնությունը»։

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթի հայտարարությանը, որ Փաշինյան-Թրամփ հանդիպում տեղի կունենա, բայց հայտնի չէ, թե երբ, Ս. Սարգսյանը նշեց, որ դեռ այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի կունենա Փաշինյան-Թրամփ հանդիպում, ինքը բացառել էր դա, քանի որ չափազանց բարդ է նման միջոցառման շրջանակներում այդպիսի հանդիպում կազմակերպել։ Սակայն, միջազգայնագետը վստահեցրեց՝ երկու երկրների ղեկավարների հանդիպում կլինի.

«Եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի։ Այնպես որ, կարծում եմ, այստեղ ավելի կարևոր է կենտրոնանալ օրակարգային հարցերի վրա, քան բուն հանդիպման»։

Տեսանյութեր

Լրահոս