«Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել». փորձագետները ռեալ հնարավորություններ են տեսնում

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ 150 դոլարը գազի համար լավ գին է, բայց բնակիչ-բաժանորդներին հասնում է կրկնապատկված, ինչը, ըստ նրա՝ խնդիր է. «Ռուսական «Գազպրոմի» համար այն բավականին զորեղ լծակ է՝ աշխարհաքաղաքականություն իրականացնելու այդ ընկերության միջոցով։ Բայց ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Բելառուսը 1000 խմ-ն կարող է ստանալ 129 դոլարով, բնակչին հասնելու է՝ 160 դոլարով, իսկ Հայաստանում այս վիճակն է։ ԵՏՄ անդամ երկրների մրցակցային դիրքերը չպետք է խաթարվեն, դա պայմանագրով է ամրագրված։ Եթե ՌԴ-ում միջին հաշվով 80 դոլար է, և այդպիսի սակագնով բիզնեսը ստանում է գազ և արտադրում որևէ պրոդուկտ, Հայաստանում նույն պրոդուկտն արտադրողն ի՞նչ մրցակցային դիրք կարող է ունենալ»։

Տնտեսագետի խոսքով՝ գազն աշխարհաքաղաքականություն է, և քաղաքական կոմպոնենտը, ըստ նրա՝ կարող է այլ ձևակերպումներ ունենալ ռուսական կողմից. «Ես համաձայն եմ, որ կա ծանր բանակցությունների թեմա, թե ինչպիսի գումարելիներ կունենա այս ամբողջ թնջուկը, առաջիկայում կերևա։ Բայց գազի գինը կարելի  իջեցնել առնվազն 10%-ով՝ ներքին շուկայի համար։ Սահմանին էլ պետք է իջեցնել սակագինը՝ դարձնելով մինչև 135 դոլարի սահմաններում»։

Ասուլիսի մյուս բանախոս, էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանն էլ նշեց, որ հանգամանքը, որ Բելառուսը ռուսական գազն ավելի էժան է ստանում, քան Հայաստանը, ունի աշխարհաքաղաքական բացատրություն. «Բնական է, որ Բելառուսն ավելի էժան է ստանում։ Գազի արժեքն 135 դոլարի իջեցնելու հնարավորությունները կան, դա «Գազպրոմի» համար խնդիր չէ։ Հիմնական խնդիրները կապված են քաղաքական գործընթացների հետ, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ, որոնք, անշուշտ, իրենց ազդեցությունը կթողնեն գալիք բանակցությունների վրա։ Չեմ կարծում, թե Հայաստանի և Ռուսաստանի մեջ խնդիրներ չկան. դրանք առկա են»։

Նա հիշեցրեց, որ սկսած 2007թվականից և հատկապես 2015թ. ՀՀ կառավարությունը և պատկան մարմինները թերացան կատարել իրենց ֆունկցիան. «Հասարակությունը պահանջում էր բացատրել՝ ինչու է գոյանում այդ հսկայական գազի գնի տարբերությունը։ 10 տարվա ընթացքում ՀՀ իշխանությունը չկարողացավ հստակ և ըմբռնելի բացատրություն տալ այդ հարցի վերաբերյալ։ Այդ իրավիճակին գումարվեցին քաղաքական զարգացումները, իշխանափոխությունը, և հիմա նրանք փորձում են իրենց պատասխանները գտնել, թե ինչու է այդքան հսկայական արժեք ձևավորվել»։

Տեսանյութեր

Լրահոս