Արա Գյուլերի աճյունը տեղափոխվել է Ստամբուլի 3 խորան հայկական եկեղեցի
Հոկտեմբերի 17-ի երեկոյան Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացած աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աճյունը դիահերձարանից տեղափոխվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող 3 խորան հայկական եկեղեցի:
Թուրքական լրատվամիջոցների տեսախցիկները ֆիքսել են տեղափոխությունը և հրապարակել տեսագրությունը:
Գյուլերի հոգեհանգստի և հուղարկավորության օրվա ու ժամի վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյողլու շրջանում բնակվող հայկական ընտանիքում: Իսկական անունն է Արամ Գյուլերյան։ Նրա հայրը Տաճատ Գյուլերանն է, իսկ մայրը՝ Վերժինե Գյուլերյան։ Գյուլերը դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և զուգահեռ հաճախել թատերական դասընթացների: 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ սովորելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում:
1958թ. դարձել է ամերկյան «Time life», «Paris-Match» և «Der Stern» հանդեսների թղթակիցը։ 1961թ. վերջացնելով զինծառայությունը թուրքական բանակում՝ նա աշխատանքի է անցել «Hayat» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը:
1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում:
https://www.youtube.com/watch?v=dVYw1ik8p8A
Արա Գյուլերին կոչում էին «Ստամբուլի աչք», «լավագույն ֆոտոպատմաբան» մականուններով: «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրան Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում:
Վերջրերս Գյուլերի 90-ամյակի առթիվ Ստամբուլում բացվել էր մեծանուն արվեստագետի թանգարանը: