«Ելք» խմբակցության պատգամավորների հետ դեռ չենք քննարկել՝ պե՞տք է վարչապետի թեկնածու առաջադրվի, թե՞ ոչ. Արարատ Միրզոյան
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խորհրդարանի լուծարման հնարավոր ուղիներին և պնդումներին, որ եթե վարչապետի թեկնածու չառաջադրվի, ապա երկրորդ փուլը փակուղում կհայտնվի:
«Երկու մեկնաբանություն կա այդ դրույթի, Սահմանադրությունում «քվեարկություն» բառ կա, գրված է, որ, եթե քվեարկության արդյունքում չի ընտրվում վարչապետ, ապա քվերակությունից 7 օր հետո երկրորդ շրջափուլն է սկսվում: Իրավաբանների հիմնական մասը պնդում է, որ պետք է առաջնորդվել իրավունքի և Սահմանադրության ոգով և տրամաբանությամբ, իսկ այստեղ տրամաբանությունը հուշում է, որ որևէ ձևով չի կայանում ընտրությունը, կապ չունի՝ կա՞ թեկնածու, թե՞ չկա, դա տեխնիկական դետալ է: Իրավաբանների մյուս խումբը պնդում է, որ պետք է տառացի մեկնաբանությամբ առաջնորդվել, այդ դեպքում նշանակում է, որ պետք է լինի վարչապետի թեկնածու, որը չի ընտրվի: Եթե, այնուամենայնիվ, սա է ճիշտ տարբերակը, ապա կարծում եմ՝ կլինի Նիկոլ Փաշինյան վարչապետի թեկնածու, որին առաջին փուլում պատգամավորները դեմ կամ ձեռնպահ կքվեարկեն, որ չլինի վարչապետ, լինի երկրորդ փուլ, դա էլ չլինի, և լինեն ԱԺ արտահերթ ընտրություններ»,- ասաց Ա.Միրզոյանը:
Նա նշեց, որ «Ելք» խմբակցության պատգամավորների հետ դեռ չեն քննարկել՝ պե՞տք է վարչապետի թեկնածու առաջադրվի, թե՞ ոչ: