Բաժիններ՝

Կամուրջ Հայաստանի և Սիլիկոնային հովտի միջև. կայացել է HIVE համաժողովը

Արդեն 4-րդ անգամ անընդմեջ HIVE համաժողովը Երևանում էր: ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տասներեք բանախոսներ, ներառյալ՝ Սիլիկոնային հովտի մեծ վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, ուսանողներին և ոլորտի մասնագետներին տալիս էին խորհրդատվություն, կիսվում էին նեղ մասնագիտական հմտություններով՝ ներկայացնելով իրենց փորձը:

HIVE Ventures-ը, առհասարակ, ներդրումներ է  կատարում և համագործակցում է ամբողջ աշխարհում գործող ստարտափների հետ, որոնք գտնվում են սաղմնային փուլում: Ֆոնդի աշխարհագրությունը շատ լայն է՝ Սիլիկոնային հովտից մինչև Հայաստան: Ֆոնդի ներկայացուցիչները նշում են, որ իրենց առաքելությունն է՝ աջակցել գլոբալ հայկական տեխնոլոգիական էկոհամակարգին, ներդրումներ կատարել հայկական հիմնադրամներում:

«Մենք տրամադրում ենք ֆինանսավորում, գործառնական ուղեցույց և մուտք դեպի համաշխարհային կարգի տաղանդի և խորհրդատուների մեր  ցանց: Մենք նաև խթանում ենք նորարարությունը և ձեռներեցությունն առաջադեմ հիմնադիրների հաջորդ սերնդի շրջանում՝ միջոցառումների և սեմինարների միջոցով»,- նշում են համաժողովի կազմակերպիչները:

Index Ventures-ի տնօրեն Նինա Աչաջյանը նշում է, որ համաժողովի հիմնական նպատակն ու առաքելությունը Հայաստանի և Սիլիկոնային հովտի միջև գործնական կապեր և կամուրջ հաստատելն է:

Այս տարի ևս միջոցառման ընթացքում սկսնակ ձեռներեցներին խորհուրդներ էին տալիս Սիլիկոնային հովտի թոփ ընկերությունների ներկայացուցիչները:

Այս տարի ելույթ ունեցավ նաև Ջեֆ Ռալսթոնը, ով հայտնի Y Combinator վենչուրային ֆոնդն է ներկայացնում: Նա ելույթի միջոցով ներկայացնում էր հայ ստարտափերներին, թե ինչպես կարող են նրանք մասնակցել Y Combinator-ի աքսելերացիոն ծրագրերին:

Ջեֆ Ռալսթոնը մեզ հետ զրույցում նշում է, որ հայկական ստարտափ էկոհամակարգը շատ արագ է փոփոխվում, և փոփոխությունները նկատելի են:

«Հայաստանում նկատելի է հսկայական պոտենցիալ, որը շատ մոտ է իրական դառնալու փուլին: Հայաստանում կա աճի հնարավորություն: Ոչ թե մեկ հնարավորություն, այլ բազում հնարավորություններ, ճկուն էկոհամակարգ և զարգանալու հեռանկարներ: Հայաստանն ունի փոքր շուկա, բայց լայն հնարավորություններ: Պետք է անընդհատ համագործակցել, փորձել հաղթահարել բոլոր խոչընդոտները, ընդարձակ մտածողություն ունենալ ու անընդհատ առաջ նայել»,- նշում է Ռալսթոնը:

Հայաստանի տեխնոլոգիական զարգացմամբ և լայն հնարավորություններով տպավորված էր նաև Kleiner Perkins-ը ներկայացնող Իլյա Ֆուշմանը: Նա նշում է, որ ինքն ապշած էր Հայաստանի տեխնոլոգիական զարգացման լայն ընդգրկումներով և գլոբալ ընկերություններ ստեղծելու հայկական ձգտմամբ:

Նշենք նաև, որ համաժողովի ընթացքում ներդրում ստացավ SuperAnnotate AI-ի ստարտափը: Այն, կիրառելով արհեստական բանականությունը, մշակել է պատկերների դասակարգման 10-20 անգամ արագ և չափազանց ճշգրիտ տեխնոլոգիա:  Ներդրումը կազմում է 25.000 ԱՄՆ դոլար: Ներդրում ստանալու հնարավորություն ունեին միայն 6 սկսնակ ընկերություններ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս