Վարչապետը արձանագրեց՝ 2019թ. բյուջեով հնարավոր չէ թոշակ ու աշխատավարձ բարձրացնել. Մինչդեռ նման խոստումներ արդեն տրվել են
Սեպտեմբերի 27-ին կառավարությունը հաստատեց 2019թ. բյուջեի նախագիծը: Սա նոր կառավարության առաջին բյուջեն էր: Հետևաբար` պիտի ընդունվեր հատուկ ուշադրությամբ: Ուզող ու չուզող, խոշորացույց ու մանրադիտակ պատրաստ պահած՝ սպասում էին: Անկեղծության համար ասենք, որ նախկինում էլ էր այդպես: Բոլոր նախկին կառավարությունները մեծ շուքով էին «Տարվա գլխավոր տնտեսական փաստաթուղթ» անունով բյուջեն հրապարակ հանում: Ինչ-որ պահից (եթե հիշողությունս չի դավաճանում` 2000թ.) բյուջեի նախագծին կառավարությունները հատուկ անուն էին դնում, օրինակ, «Զարգացման բյուջե»: Հետո մամուլը կամ քաղաքական ընդիմադիր ուժերը դրանք պակաս գրավիչ անունով էին որակում, օրինակ՝ «Գոյատևման բյուջե»: Այս անգամ իշխանությունները երեք օր ավելի համեստ էին` իրենց առաջարկած բյուջեին սոցիալ-տնտեսական սխրանք հիշեցնող որևէ բառով չորակեցին:
Այդ երկու-երեք օրվա ընթացքում նույնքան համեստ վարք դրսևորեցին ընդդիմադիրները, փորձագետներն ու, որքան էլ տարօրինակ լինի` անգամ մամուլը: Հնարավոր երկու բացատրություն կա: Նախ, հավանաբար սպասումը շատ մեծ էր, և հրապարակված բյուջեի նախագիծը բոլորին շոկի մեջ գցեց: Երկրորդ՝ քաղաքական զգայուն իրավիճակում յուրաքանչյուրն առավել պատասխանատու է իր խոսքի ու գնահատականի հարցում: (Համահունչ չինական իմաստնությանը, որ պնդում է՝ «Սովորական ժամանակներում համարձակ եղիր խոսքիդ ու գործիդ մեջ, խառնակ ժամանակներում համարձակ եղիր գործիդ մեջ, իսկ խոսքիդ մեջ` զգուշավոր»):
Փորձագետները, հավանաբար, մանրակրկիտ ուսումնասիրում էին կառավարության պաշտոնական կայքում տեղադրված բյուջեի նախագիծը: Համեմատելու և վերլուծելու բան կար: Մինչև հիմա, համարյա բոլոր փորձագետների կարծիքով, երկրի տնտեսության 40 տոկոսը ստվերային էր: Ստվերային` կոռուպցիոն բոլոր տգեղ հետևանքներով: Հիմա նույնիսկ տնտեսությունից ու տնտեսվարումից հեռու կանգնած մարդը գիտի, որ մեր երկրում կոռուպցիայի գործակիցն անզուսպ տեմպով մոտենում է զրոյական ցուցանիշի: Այս դեպքում թվում էր, որ հնարավորություն է բացվելու տնտեսական նոր իրավիճակի ձևավորման համար:
Կառուցվածքային առումով բյուջեի նոր նախագիծ է ներկայացվելու: Այս փաստաթղթին կցվող ուղերձում պիտի որ բացատրվեր, թե ինչու և ինչ փոփոխությունների է ենթարկվել բյուջեի նախագիծը: Բացատրեր, թե որ ոլորտին որքան ֆինանսական միջոցներ են ուղորդվում և ինչ տեսլական-նպատակով: Սակայն սպասված կառուցվածքային փոփոխությունները չկային: Ավելին՝ չի կարելի ասել, թե բյուջեն սպասված չափով աճել էր: Մեծ թվեր նշելուց խուսափելով՝ ներկայացնենք միայն առաջարկվող 2019թ. բյուջեի հիմնական թվերը՝ 2018թ. բյուջեի համեմատ:
Եկամուտների մասով ենթադրվում է, որ բյուջեն կաճի ընդամենը 118,9 մլրդ դրամով: Խոսքն ընդամենը 9 տոկոսանոց աճի մասին է: Հարկային եկամուտների մասով աճը մի փոքր ավելին է՝ 12 տոկոս: 9 և 12 տոկոսանոց ենթադրվող աճի պարագային բյուջեի ծախսերն ավելանալու են 10 տոկոսով:
Այս փաստից կարելի կլիներ ենթադրել, որ կառավարությունը փորձում է «ձեռքն ընկած» լրացուցիչ ֆինանսները պոպուլիստական ծրագրերով քամուն չտալ, այլ հնարավորինս փոքրացնել թե դեֆիցիտը, թե պետական պարտքը: Բայց այս պարագային պիտի արձանագրենք, որ նախ՝ մենք բոլորս նախկինում թյուրիմացության մեջ ենք եղել: Եվ եթե այդպես է, ապա ստվերային տնտեսությունն այնքան էլ ահռելի մասշտաբներ չի ունեցել նախկինում: Բոլորս էլ ենթադրում էինք, որ հարկային համակարգում կոռուպցիա-կաշառակերություն վերացնելու դեպքում հարկային մուտքերը 10-12 տոկոսից շատ ավելի մեծ ցուցանիշով պիտի աճեին:
Կարծում եմ, որ ճիշտ էինք ենթադրում: Սակայն նախկին իշխանությունները, տարեկան բյուջեից բացի, միջնաժամկետ ծախսերի ծրագիր էլ էին կազմել, որի հետ համեմատած՝ բյուջեի 2019թ. նախագիծը շատ ավելի համեստ տեսք ունի: Եվ մակրոտնտեսական ցուցանիշների համեմատության մեջ, և տնտեսական ակտիվության հնարավոր կանխատեսման: Սակայն ո՛չ իշխանամետ, ո՛չ ընդդիմադիր փորձագետները չհասցրեցին համեմատել, վերլուծել, քննադատել կամ պաշտպանել բյուջեի նախագիծը:
Պատճառն ամենևին էլ հոկտեմբերի 2-ի հասկանալի (կամ` անհասկանալի) քաղաքական (կամ` քաղաքականամերձ) դեպքերը չեն: Դրանց պատճառով չէ, որ բյուջե 2019-ի նախագիծն անվանակոչության չարժանացավ: Սեպտեմբերի 30-ին Հայաստան վերադարձավ վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ինքը ձեռնամուխ եղավ բյուջեի նախագծի այպանման գործին:
Հիշեցնում եմ, մինչև վարչապետի հրապարակային գնահատականը, մամուլում նախագիծը բնութագրող ամենաթունդ ձևակերպումը «համեստ բյուջեն» էր: Իսկ վարչապետը սեփական կառավարության հավանությանն արժանացած բյուջեն նախ անվանեց «իներցիոն»:
Մինչ փորձագետներն ուշքի կգային՝ հետևեց շարունակությունը: Սա «մեր կառավարության բյուջեն չէ, այլ նախկին կառավարության բյուջեի ուրվականը»,- պնդեց վարչապետը: Ապա արձանագրեց, որ դրանով հնարավոր չէ թոշակ ու աշխատավարձ բարձրացնել: Մինչդեռ նման խոստումներ արդեն տրվել են: Ակնհայտ դարձավ, որ մամուլը չի հասցնի մրցակցել բյուջեին բնութագրող (կամ, եթե կուզեք, պախարակող) անուն կպցնելու հարցում՝ վարչապետի հետ: Նաև այն պատճառով, որ երկու օր անց սկսվեցին զանգվածային դեպքերը: Դրանք նորից տնտեսական խնդիրները ետին պլան մղեցին:
Կրկին հրապուրիչը բոլորիս ձանձրացրած խորհրդարանի լուծարման ժամկետների հարցն է: Բայց դա արդեն քաղաքական թեմաներով զբաղվողների խնդիր է` ուր ես անելիք, առավել ևս՝ ասելիք չունեմ: