Ծովահեններն ու աստվածները

Ծովահենները սովորական ավազակներ են, որոնք կողոպտում են նավերը և խլում ուրիշի հարստությունը: Ինչո՞ւ է այդ դեպքում նրանց շուրջ ստեղծված ռոմանտիկ լեգենդ, ինչո՞ւ է ծովահենների կերպարը գրավիչ, ինչո՞ւ է ամեն տղա մանուկ հասակի իր երազանքներում նախընտրում լինել ծովահեն, այլ ոչ թե, օրինակ՝ սրբակենցաղ մեկը (մեղավորը, թերևս, ինչպես միշտ կանայք են, որոնք հազարամյակների ընթացքում ընտրել են ու «բազմացրել» նման, այլ ոչ թե հակառակ երազանքներ ունեցող տղամարդկանց): Ո՞րն է ծովահնների սև գանգակիր դրոշի ձգողականությունը:

Ծովահենները կյանքի հակառակ կողմն են:

Կյանքն ունի երկու կողմ: Մեկում սրբերն են ու սրբերի պաշտամունքը: Սրբերը մարմնավորում են սկզբունքներ, սկզբունքներին հավատարիմ անշեղ վարքագիծ: Սկզբունքը կյանքի անշարժ, անփոփոխ, կայունացնող կողմն է: Կյանքի մյուս կողմում ծովահեններն են: Դա կյանքի շարժունակ, փոփոխական, ընթացք հաղորդող կողմն է: Ինչպես ծովը, որը ծովահենների տարերքն է, անընդատ շարժման մեջ է, անկայուն, անհաստատ է, այդպես էլ ծովահեններն ապահովում են ընթացքը, փոփոխությունը, հոսունությունը:

Սրբերը կյանքի պաշտամունքային, պաշտոնական մասում են, ծովահենները՝ ոչ պաշտոնական, սահմաններն անցնող՝ զանցառու հատվածում: Դրա համար պաշտոնապես ընդունում ենք սրբերի օրինակելիությունը, և ժխտում ծովահեններինը: Բայց ոչ պաշտոնապես, լռելյայն ընդունում ենք նաև ծովահենների գոյությունն ու ձգողականությունը: Ծովահեններն ավելի ձգողական են, որովհետև կյանքի շարժունակ, փոփոխական, արկածային կողմն է այդպիսին:

Սրբերը սահմանում են կանոնները, ձևակերպում են նպատակները, իդեալները: Բայց այդ ամենի իրացնողները ծովահեններն են: Սկզբունքայնությունը ենթադրում է անշարժություն, անփոփոխելիություն, սահմաններից դուրս չգալ, իսկ անշարժունակությունը չի կարող իրագործել և ստեղծագործել: Դրա համար պետք է շարժվել, ճամփորդել, անցնել և խախտել սահմանները: Այս է պատճառը սրբերի և ծովահենների գաղտնի համագործակցության, լռելյայն համաձայնության՝ մեկը չի կարող առանց մյուսի:

Երբ որևէ նպատակ, որևէ գաղափար, որևէ ուժ իր սկզբնավորման փուլում է, երբ այն դեռ թույլ է և պետք է հաստատի իր ինքնուրույնությունը, իր անկախությունը, իր իշխանությունը, երբ պետք է ազատվի, ստեղծի իր տարածքը, տարածվի, նա կարիք ունի ծովահենների: Օրենքն ուժեղների կողմն է, գծված է ուժեղների կողմից, սպասարկում է ուժեղներին: Թույլերի զենքն են՝ ծովահեններն ընդդեմ ուժեղի, գերիշխողի, կայացածի, ընդդեմ գերիշխանության կապանքների:

Մ.թ.ա. 1-ն դարում Պոմպեոսը հաղթեց Կիլիկիայի ծովահեններին, որոնք մի պահ գրեթե մի պետություն էին Միջերկրականի հյուսիս-արևելքում և վերահսկում էին ծովային ուղիները: Պարտվելուց նրանք գերեվարվեցին Հռոմ, և ըստ ավանդույթի՝ նրանց միջոցով Հռումում տարածվեց, սփռվեց Հռոմի համար նոր կրոնական ուսմունքը՝ միհրականությունը: Դա շուտով դարձավ հռոմեական բանակի նախընտրելի հոգևոր ուսումնքը, տարածվեց նաև կայսրերի մեջ, և իր շատ տարրերով ազդեց հետագայում քրիստոնեության վրա: Ծովահենները դարձան այդու միհրական սրբերի նախահայրերը, միհրականության՝ լույսի պաշտամունքի սփռողները, տարածողներն աշխարհով մեկ:

Երբ արդիականության վաղորդայնին Իսպանիան տիրում էր ծովերին, իսպանական գերիշխանության դեմ անգլիացիներն ու հոլանդացիները կռվում էին ծովահենների օգնությամբ: Այս շրջանում և այս պայքարի շնորհիվ ստեղծվել է ծովահենների մասին գեղեցիկ ավանդույթը: Ծովահենները դարձան Անգլիայի հերոսները: Նրանք ապահովեցին անգլիական գերիշխանությն սկզիբը ծովերում, և դրանով իսկ՝ աշխարհում: Անգլիական գերիշխանությամբ ստեղծվեց ներկայիս աշխարհը, որը երբեք չէր լինի այսօրվանը, եթե չլիներ անգլիական, եթե հիմքում չլինեին ծովահենները: Ծովերից Անգլիա դիզվող հարստությունը ստեղծեց ժամանակակից տնտեսությունը, ժամանակակից տնտեսական հիմքով ձևավորվեց արդի տեխնիկան և գիտությունը, արդի տեխնիկան և գիտությունը ապահովեց մարդկության աննախադեպ աճը, հաղթահարեց հիվանդությունները, ապահովեց կյանքի հարմարավետությունը, միով բանիվ՝ այսօրվա քաղաքակրթությունը՝ իր բոլոր լուսավոր և ստվերոտ կողմերով: Միայն շատ միամիտները չգիտեն, որ համաշխարհային բարգավաճման հիմքում ծովահենների թալանն է:

Անգլիական ծովահենները միջազգային իրավունքի տեսակետից նույնիսկ ռազմագերի չէին, այլ սովորական հանցագործներ: Դատապարտելի էր այն պետությունը, որը նման ստոր, անօրինական միջոցով պայքարում էր իր շահերի և նպատակների համար: Բայց օրենքներն ինչպես միշտ՝ նման դեպքերում կեղծում և նենգում են: Որովհետև արդեն կայացած ուժեղներն ի զորու են իրենց նպատակներին հասնել օրինական միջոցներով, բայց նրանք, ովքեր պայքարում են գերիշխանության դեմ, ովքեր դեռ պետք է հաստատեն սեփականը, դատապարտված են, եթե պայքարեն միայն օրինական միջոցներով:

Երբ նույն անգլիացիները գրավեցին գերիշխող դիրքեր ծովում և աշխարհում, նրանք դարձան ծովային իրավունքի և սահմանողները, և բարձագույն ջատագովները, օրենքի և իրավունքի ասպետները: Ծովային իրավունքի ողջ ուժն անգլիացիները թափեցին գերմանացիների վրա, որոնք պայքարում էին անգլիական գերիշխանության դեմ, և որպես գոյության համար պայքարող, որպես գերիշխանության կապանքների դեմ ապստամբողներ, որպես ավելի թույլեր՝ ստիպված էին դիմել ծովահենության՝ սուզանավային պատերազմի: Եթե հաղթած, հաջողության հասած ծովահենները դառնում են հերոսներ, թեկուզ ոչ պաշտոնապես, ապա վա՜յ պարտվածներին՝ նրանք անիծվում են հավիտյանս հավետ, ինչպես նզովվեցին գերմանացիները՝ աշխարհակալությանը մարտահրավեր նետած վերջին երկու փորձերի հեղինակները:

Ինչպես հնում ստեղծվեց Իսպանիայի մասին սև լեգենդը՝ գերիշխանության պայքարում հաղթած անգլիացիների կողմից, այնպես էլ ստեղծվեց նույն սև լեգենդը՝ գերմանական դիմադրության, հանուն ազատության և գոյության պայքարի մասին:

Կյանքն առաջ է շարժվում հակասություններով: Ամեն խաղաղության հիմքում մի պատերազմ է, և ամեն խաղաղության ընդերքում հասունանում է մի պատերազմ՝ խաղաղ տարիներին կուտակվող հակասությունների պայթյունը: Առաջընթացն ապահովվել է պատերազմներով: Առաջին համաշխարհային պատերազմի բովից դուրս եկավ համընդհանուր ընտրական իրավունքի տարածումն ու հատկապես՝ կանանց իրավունքների ճանաչումը, որովհետև համաշխարհային պատերազմի ամբողջական, տոտալ բնույթը ճակատ տարավ հասուն և առողջ տղամարդկանց մեծ մասին, և կանայք զբաղեցրեցին տղամարդկանց տեղը գործարաններում և այլուր: Ամենօրյա տանջանքով կանայք հասան իրենց իրավունքների ճանաչմանը:

Նույն պատերազմի արդյունքներով բանվորները պահանջեցին սոցիալական բարեփոխումների և հեղափոխությունների իրացում՝ 8-օրյա աշխատանքային ժամ, հանգստյան օրեր, և այլն, և այլն, ի հատուցում պատերազմի ընթացքում նրանց մասնակցությանն ու հավատարմությանը հայրենիքներին: Պատերազմներից կամ ռազմական կարիքներից դուրս եկան բազմաթիվ տեխնիկական գյուտեր՝ ատոմային էներգիա, ռեակտիվ շարժիչներ, տիեզերագնացություն, համացանց…..: Եվրոպական երկրների բարեկեցությունը, սկզբնական հարստությունը ստեղծվեց ու կուտակվեց գաղութային երկրների թալանով:

Միամիտները կարող են կարծել, իհարկե, որ բարեկեցության հիմքն ինչ-որ հատուկ հասարակարգերն են, ինչպես միջնադարում նույն միամիտները կարծում էին, որ Աստված և սրբերն անձամբ են գլխավորում ժողովուրդների պատերազմները միմյանց դեմ: Այսօր էլ եվրոպական դեմոկրատիան գոյություն ունի միայն այն պատճառով, որ ամերիկյան ավիակիրները շրջում են համաշխարհային օվկիանոսով, և չկա ոչ մի ծովահեն ուժ, որ մարտահրավեր նետի այդ ծովային հսկաներին:

Աստվածներն իրոք տնօրինում են պատմությունը: Այս հարցում հները չեն սխալվել: Սխալվում են նորերը: Աստվածներն արդար են: Բայց նրանց արդարությունը կապ չունի մարդկային օրենքների և բարոյականության հետ: Աստվածայինն է ուժային արդարությունը: Աստվածներին հետաքրքիր է միայն ավելի ու ավելի հզոր ուժը, ուժի ավելացումը, ուժի աճը: Բանականության առաջընթացն այստեղ միայն ածանցյալ է ուժի, զորության աճից:

Ուժի աճը միակն է, որով հնարավոր է բացատրել թե՛ բնության, թե՛ մարդկության պատմությունը, էվոլյուցիան: Ոչ թե բանականության աճ, այլ ուժի, ոչ թե բարոյականության, այլ հզորության: Ավելի ու ավելի հզոր գերիշխանություններ: Ավելի ու ավելի հզոր ինքնիշխանություններ: Աստվածները չափում են ուժն ու թուլությունն և վճիռներ կայացնում: Նրանց նպատակն է ավելի ուժեղի ստեղծումը: Բայց աստվածներն էլ ունեն իրենց մյուս կողմը, իրենց «խորամանկությունը»: Նրանք միաժամանակ հսկում են, որ որևէ մարդ, որևէ մարդկային էակ երբեք չանցնի չափը, երբեք չմոտենա աստվածային զորության հնարավորություններին:

Դրա համար, մի ձեռքով աստվածները հսկում են ավելի ուժեղին, իսկ մյուսով ուղարկում են նրա դեմ և պահպանում են ծովահենին՝ ուժեղին մարտահրավեր նետողին, գերիշխանությունը վիճարկողին, հանուն ինքնիշխանության պայքարողին: Անմահների խաղն է մարդկանց պատմությունը և ճակատագիրը: Ով չի հավատում սրան, ոչինչ չի հասկացել կյանքից և նույնիսկ մոտիկ չէ հասկանալուն:

«Լիութիւն պարարտութեան յարոյն Արամազդայ, խնամակալութիւն յԱնահիտ տիկնոջէ, և քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ ամենայն Հայոց աշխարհիս» («լիություն և պարարտություն արի Արամազդից, խնամակալություն Անահիտ թագուհուց և քաջություն հասնի ձեզ քաջ Վահագնից՝ ամենայն Հայոց աշխարհիս»):

Տեսանյութեր

Լրահոս