«Նոր Հանրային հեռուստաընկերություն չկա և չի կարող լինել». Տիգրան Հակոբյան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն այսօր Երևանում կազմակերպել էր հանրային քննարկում, հասկանալու համար, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ինչպիսին պետք է լինի Հանրային հեռուստաընկերության դերը հայ հասարակության կյանքում։
Քննարկմանը հրավիրված էին լրագրողական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ, իրավաբաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք։
Հանրային ռադիոհեռուստաընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանի կարծիքով՝ այսօր խնդիրներ ունեն բոլոր հեռուստաընկերությունները, սակայն կան որոշակի խնդիրներ, որոնց առջև կանգնած են միայն Հանրային ռադիոն և հեռուստաընկերությունը։
«Հիմնական խնդիրը, իհարկե, համացանցի տարածումն ու լայն օգտագործումն է, մենք ստիպված ենք այս դեպքում մեր աշխատաոճի մեջ շատ բաներ փոխել։ Եթե նախկինում շատերը լուրերին ծանոթանում էին հեռուստաընկերության միջոցով, ապա այսօր տվյալ լուրին ծանոթանում են շատ ավելի վաղ՝ համացանցի միջոցով։ Այստեղ շատ է կարևորվում, թե տվյալ լուրն ինչպես է մատուցվում, կարևորվում են նաև վերլուծական ծրագրերը, որովհետև որքան համացանցը զարգանում է, այնքան հեռուստաընկերության լրատվությունը հնանում է։ Քանի որ մենք համարվում ենք Հանրային հեռուստաընկերություն, ուստի պարտավոր ենք նույնիսկ այդ հնացած լուրը տալ»,- նշեց Ս. Զաքարյանը։
Ըստ նրա՝ այսօր Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է պատրաստել այնպիսի հաղորդումներ, որ մյուս հեռուստաընկերությունները չունեն, քանի որ ունի ժողովրդին կրթելու խնդիր։
«Այս ամենը լուրջ խնդիրներ են, որոնք Հանրայինը պետք է վերանայի»,- ընդգծեց Ստեփան Զաքարյանը։
Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական ծրագրերի տնօրեն Վահագն Թևոսյանը, ով իշխանափոխությունից հետո է ստանձնել պաշտոնը, փաստեց, թե տարիներ շարունակ եղել է այնպիսի կարծիք, որ Հանրային հեռուստաընկերությունն իշխանության շահերը սպասարկող հեռտուստաընկերություն է։
Նրա խոսքով, թե ինչ է եղել իշխանափոխությունից առաջ Հ1-ում, այլ հարց է, սակայն այսօր հեռուստաընկերությունն ունի «ճշմարտությունն ասելու հնարավորություն»։
«Հ1-ը շարունակում է մնալ պետության և իշխանության պաշտոնական դեմքը, սակայն այսօր հեռուստադիտողը, երբ դիտում է լուրերը՝ քիչ է նյարդայնանում։ Պետք է քննարկենք և հասկանանք, թե ինչպես եղավ, որ Հ1-ի լուրերը շարունակում են լինել պետության դեմքն արտացոլող, սակայն դիտողը դրանից չի նեղվում»,- ասաց Վ. Թևոսյանը։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հակադարձելով Վահագն Թևոսյանին՝ նկատեց, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ, մարդկանց ձերբակալեցին ու բաց թողեցին, սակայն Հ1-ի եթերում այդպես էլ չտեսավ որևէ բանավեճային հաղորդում, որտեղ կանդրադառնային այս ամենին։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, հրապարակախոս Տիգրան Հակոբյանը, կաևորելով քննարկումը, նկատեց, որ խտրականություն է խոսել միայն Հ1-ի մասին, մինչդեռ քննարկումը պետք է ծավալվեր հանրային հեռարձակման շուրջ, որի մեջ մտնում են ռադիոն, արբանյակային և մարզային հեռուստաընկերությունները։ Միևնույն ժամանակ նա ներկաներին առաջարկեց դուրս գալ քաղաքական երկխոսությունից, քանի որ Հ1-ի վերաբերյալ քննարկումը պտտվում է քաղաքական խնդիրների շուրջ։
«Խնդրում եմ նաև չհամեմատվել, անցյալը պետք է մոռացվի, Նոր Հանրային հեռուստաընկերություն չկա և չի կարող լինել, հատկապես նման զրույցների արդյունքում։
Հ1-ը ոչ միայն խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության հարթակ է, այլև ունի շատ կարևոր դեր, որի մասին խոսք չեղավ։ Նախկինում հեռուստատեսությունը սահմանափակ ռեսուրս էր, այսօր այդպես չէ, տեխնիկապես այսօր խոսքի ազատությունը սահմանափակել շատ ավելի դժվար է, քան նախկինում։ Երբ երեխաները զրկված են «Բարի գիշեր, մանուկներ» հաղորդումից, այդ հեռուստաընկերությունում կա՞ խոսքի ազատություն։ Հ1-ը կարող է լինել բավականին ազատ բոլորի համար, բայց մանուկները չկարողանան որևէ հաղորդում դիտել, չլինեն կարգին, կրթական հաղորդումներ, և այլն։ Հ1-ն այս վերջին 3-4 ամիսների ընթացքում չի փոխվել»,- եզրափակեց Տիգրան Հակոբյանը։
Զվարթ Խաչատրյան