
«Եթե մենք չկարողանանք այն ներմուծել՝ ինչո՞վ եմ ես ձմռանը տաքացնելու մեր ժողովրդին». Էրդողանը մտադիր չէ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով հրաժարվել իրանական գազից

Թուրքիան չի պլանավորում դադարեցնել Իրանից գազի ներմուծումը Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության պատճառով: Անկարայի այս դիրքորոշումը սեպտեմբերի 26-ին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հնչեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի խոսքից մեջբերումներ է արել Haber Turk հեռուստաալիքը:
«Ավելի վաղ Բարաք Օբամայի օրոք էլ եղել են նման իրավիճակներ: Բայց եթե մենք չկարողանանք այն ներմուծել՝ ինչո՞վ եմ ես ձմռանը տաքացնելու մեր ժողովրդին: Այժմ գազի 50 տոկոսը մենք գնում ենք Ռուսաստանից, մնացած ծավալը՝ Ադրբեջանից, Իրանից, Իրաքից ու երբեմն էլ՝ Ալժիրից»,-ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ վառելիքի գնման հարցերում իր երկիրը «գործելու է ներքին պահանջմունքներին համապատասխան»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից՝ գործարքից, որը կնքվել էր 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից կիրառվող միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման փոխարեն: Վաշինգտոնը խոստացել է Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցները վերականգնել նոյեմբերի 4-ին, ինչպես նաեւ կոչ է արել իր բոլոր դաշնակիցներին՝ նավթ չգնել Իրանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: