
Թուրքմենստանի նախագահը չեղարկեց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի և աղի անվճար սպառումը

Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը որոշում է ստորագրել, որի համաձայն, 2019 թվականի հունվարի 1-ից այլեւս չի լինելու էլեկտրաէներգիայի, գազի, խմելաջրի եւ աղի անվճար տրամադրում: Այդ մասին հայտնել է «Թուրքմենստանն այսօր» գործակալությունը:
«Հավանություն տալ Թուրքմենստանում սոցիալական արտոնությունների տրամադրման համակարգի հետագա կատարելագործման վերաբերյալ Թուրքմենստանի տեղական խորհուրդների նիստերի մասնակիցների առաջարկություններին եւ 2019 թվականի հունվարի 1-ից Թուրքմենստանի բնակչությանը էլեկտրաէներգիայով, գազով, խմելաջրով եւ կերակրի աղով ապահովել վճարովի հիման վրա՝ արտոնյալ գներով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել է «Չեզոք Թուրքմենստան» թերթը, հանրապետությունում էլեկտրականությունը, գազը եւ ջուրն անվճար են, բայց սպառման լիմիտի շրջանակներում: Դրանից ավելի ծախսվածը ենթակա էր վճարման, բայց այնքան ցածր գնով, որ համարվում էր խորհրդանշական:
Բնակչության համար բնական գազի, էլեկտրաէներգիայի, ջրի ու կերակրի աղի անվճար տարիֆները Թուրքմենստանում սահմանվել էին 1993 թվականին երկրի առաջին նախագահ Սափարմուրադ Նիազովի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: