«Եվրոպացիներն օրինական իրավունք ունեն որոշելու՝ ում հետ բիզնես ու առևտուր վարել, և դա այն է, ինչ մենք անում ենք». Մոգերինի

Եվրամիությունն օրինական իրավունք ունի բիզնես վարել եւ առեւտրական հարաբերռություններ ունենալ բոլոր պետությունների, ներառյալ Իրանի հետ, չնայած ԱՄՆ-ի քաղաքական որոշումներին: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին CNN ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է սեպտեմբերի 25-ին:

«Միացյալ Նահանգները չի կարող իր քաղաքական որոշումները պարտադրել ինքնիշան երկրներին ու կազմակերպություններին»,- նշել է նա: «Եվրոպացիներն օրինական իրավունք ունեն որոշելու՝ ում հետ բիզնես ու առեւտուր վարել, եւ դա այն է, ինչ մենք անում ենք»,- ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը՝ պատասխանելով Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ հարցին: Մոգերինին նաեւ հիշեցրել է, որ ԵՄ-ն Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ պետությունների հետ մշակում է մեխանիզմներ, որոնք «կերաշխավորեին Իրանի հետ առեւտուրը շարունակելու հնարավորությունը»՝ անկախ Թեհրանի դեմ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցներից: Նրա խոսքով՝ նման մեխանիզմների տեխնիկական մանրամասները ներկայում համաձայնեցվում են:

Ինչպես արդեն տեղեկացվել է, իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրն ստորագրած հինգ երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, սեպտեմբերի 24-ին վերահաստատել են հանձնառությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դրույթների կատարմանը, ինչի մասին ասված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած նախարարական հանդիպման արդյունքների վերաբերյալ նրանց համատեղ հայտարարության մեջ:

Դրանում նշվում Է, որ նիստի մասնակիցները հաստատեցին Իրանի հետ գործարար կապերի հետագա զարգացման անհրաժեշտությունը, որոնք վերաբերում են նաեւ Իրանի կողմից նավթի ու գազի արտահանմանը: ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության պայմաններում նիստի մասնակիցներն անհրաժեշտ են համարել ապահովել Իրանի հետ գործարար կապեր իրականացնող ընկերությունների պաշտպանությունը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս