«Սահմանադրությունը չի սահմանափակում մասնագիտացված դատարան­ների շրջանակը». Գագիկ Հարությունյան

Վերջին շրջանում շատ իրավագետներ են մամուլում անդրադարձել անցումային արդարադատության թեմային, տրվել են տարակերպ մեկնաբանություններ: Այդ թեմայի առնչությամբ «Արմենպրես»-ը փորձեց պարզել Բարձրագույն դատական խորհրդի նախա­գահ Գագիկ Հարությունյանի մոտեցումները:

– Պարոն Հարությունյան, Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է արդիական մեր երկրի համար անցումային արդարադատության ներդրումը:

– Կարծում եմ՝ նախ պետք է հստակեցնել, թե ինչի մասին է խոսքը: «Անցումային արդա­րադատություն» հասկացությունը շատ ընդհանրական ու ընդգրկուն է, քանի որ դրա դրսևորման բազ­մաթիվ տարատեսակներ գույություն ունեն: Եթե չեմ սխալվում, մեզանում հայտա­րարվել է միայն գաղափարի շուրջ մտորումների մասին: Քննարկումները միշտ էլ օգտակար են: Սակայն կարծիք կարելի է հայտնել միայն կոնկրետ տարբերակի կամ մոտեցուման վերաբերյալ:

Ինչ վերաբերում է արդիականությանը, ապա կա մի կարևոր սկզբունք՝ առկա խնդիր­­ների լուծմանը  համահունչ պետք է լինի ընտրվող գործիքակազմը: Վերջերս ընթեր­ցում էի Սինգապուրի լեգենդ դարձած վարչապետ Լի Կուան Յուի հուշագրությունները: Ուշագրավ է այն հանգամանքը, թե ինչպես են փորձել յուրաքանչյուր խնդրի լուծման համար ընտրել համարժեք, հաճախ ոչ ավանդական գոր­ծիքակազմ ու համա­կարգային մոտեցմամբ այն լուծել: Դա վերաբերում է հանրային կյանքի բոլոր ոլորտ­ներին: Առավել ակնառու  այն դրսևորվել է կոռուպցիայի դեմ պայքարում:

– Որքան ինձ հայտնի է Սինգապուրն այսօր կոռուպցիայի հաղթահարման հարցում աշխարհում առաջնակարգ տեղ է զբաղեցնում: 

– Միանգամայն ճիշտ եք: Միջազգային վերլուծական կենտրոնների տվյալներով աշխարհի միայն չորս երկրներում է, որ պետական իշխանությունների կոռումպացվածության մակարդակը 10 տոկոսից ցածր է: Դրանք են Դանիան, Նորվեգիան, Շվե­դիան և Սինգապուրը:

– Իսկ ի՞նչ է հուշում միջազգային փորձը հատկապես այն երկրներում կոռուպցիայի հաղթահարման առնչությամբ, որտեղ այս չարիքը մետաստազի է վերաճել:

– Այս հարցի պատասխանն առնչվում է նաև Ձեր առաջին հարցադրմանը: Հիմնախնդրի բնույթից, ընդգրկումից, ծավալման միտումներից ելնելով պետք է ընտրվեն դրա լուծման համարժեք մոտեցումները: 2006 թվականին մի հոդված հրապարակեցի, որը վեր­նագրել էի «Կորպորատիվ ժողովրդավարության վտանգները»: Դրանում վեր­լուծված էր անցումային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, քաղաքական, տնտե­սական ու վարչական ներուժի սերտաճման միտումները: Հետագայում բազմիցս առիթ ունեցել եմ շեշտել, որ մեզանում նման սերտաճումն ազգային անվտանգության սպառ­նալիք է դարձել: Դրա դեմ պայքարը համարժեք մոտեցում էր պահանջում:

Նույնիսկ դասական ժողովրդավարության երկրներում են փորձում նման մոտեցում դրսևորել: Տիպական է Ֆրանսիայի օրինակը: Այս երկրում 1993 թվականին սահ­մանադրական փոփոխություն կատարվեց և լրացվեց 10-րդ գլուխը շատ հետաքրքիր վերնագրով՝ «Կառավարության անդամների քրեական պատասխանատվության մա­սին»: Այդ գլխում ներառված 68-1, 68-2 և 68-3-րդ հոդվածներով նախատեսվեց ներդնել արդարադատական բոլորովին նոր համակարգ՝ ստեղծելով Հանրապետության արդա­րադատության պալատը, որը կոչված էր քրեական պատաս­խանատվության ենթարկել պաշտոնական պարտականությունների հետ կապված հանցավոր վարքագիծ դրսևո­րած կառավարության անդամներին:

Սահմանադրական զարգացումների միջազգային պրակտիկան վկայում է, որ վերջին տասնամյակներում մեծ տեղ է հատկացվում հատկապես  կոռուպցիայի դեմ պայքարի և սահմանադրական պատասխանատվության արդարադատական ինստիտուտների ար­մատա­վոր­մանը:

Նշված օրինակից բացի հանրային իշխանության սահմանադրական պատասխա­նատվության հար­­­ցե­րին են նվիրված նաև 1997թ. ապրիլի 2-ին ընդունված Լե­հաս­տանի նոր Սահմա­նա­դրու­­թյան 198-201-րդ հոդվածները, Պորտուգալիայի Սահմա­նադ­րու­թյան 22 եւ 117-րդ հոդվածները, Հունաստանի Սահմանադրության 85 եւ 86-րդ հոդված­ները, Ֆինլան­դիայի Սահմանադրության 101-րդ պարագրաֆը, Ռումինիայի Սահմա­նադրու­թյան 108-րդ հոդվածը, Խորվաթիայի Սահմա­նա­դրու­թյան 111-րդ հոդ­վածը եւ այլն։

Իրավակարգավորումները վերաբերում են քաղաքական, սահմանադրական եւ քրեա­կան պատաս­խա­նատվությանը։ Նման իրավակարգավորումների ժամանակ գլխավոր խնդիրն է  հստակեցնել`

ա/ սահմանադրական պատասխանատվության սուբյեկտ հանդիսացող անձանց շրջանակը,

բ/ նման պատասխանատվության հարցը բարձրացնող սուբյեկտների շրջանակը,

գ/ օրենքի հիման վրա ստեղծված ինստիտուտը, որն իրավասու է նման հարց քննության առնել եւ որոշում կայացնել։

Միջազգային փորձը վկայում է նաև, որ տարբեր երկրներում ստեղծվում են առան­ձին մասնագիտացված դատարններ, որոնք քննության են առնում բացառապես պաշտոնատար անձանց կոռուպ­ցիայի հետ կապված քրեական պատասխանատվության հարցերը: Արևելյան Եվրոպայի երկրներից նման դատարաններ են ստեղծվել Սլո­վա­կիայում, Խորվաթիայում, Բուլղարիայում: 2018 թվականի հունիսին ուժի մեջ մտավ Ուկրաինայի օրենքը՝ «Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի մասին»:

Նման ինստիտուտները նույնպես իրենց բնույթով կարող են դիտարկվել որպես ան­ցու­մային արդարադատության տարատեսակ:

 – Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավոր է Հայաստանում նման դատարանի ստեղծումը, նկատի ունենալով կոռուպցիայի դեմ ներկայումս ծավալվող պայքարի մաս­տաբները: 

– Հայաստանյան իրողություններն հաշվի առնելով, նկատի ունենալով, որ վերջին տասնամյակներում մեր երկրում քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճումն իրոք դարձել էր երկրի ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք, որին ժամանակին անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանը, իրոք անհր­ժեշտություն է առաջանում արմատական քայլեր կատարել սահ­մա­նադրական պատասխանատվության և հակակոռուպցիոն արդարադատության հա­մա­կարգային նոր ու ամբողջական լուծումներ գտնելու ուղղությամբ:

Խնդիրն այն է, թե որքանո՞վ են Հայաստանի Հանրապետությունում առկա սահմանադրական իրա­վակարգավորումները հնարավոր դարձնում այս հարցում կոնկ­րետ քայլեր ձեռ­նար­կելը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ անփոփոխելի հոդվածով սահմանված է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկա­նում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:

Նման ձևակերպումից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող հանրային իշխանական գործառույթ իրականացնել որևէ մարմին կամ պաշտոնատար անձ, եթե նախատեսված չէ Սահմանադրությամբ:

Սակայն, դրա հետ մեկտեղ, Սահմանադրության 163-րդ հոդվածը սահմանում է, որ «Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ»: Սահմանադրությունը չի սահմանափակում մասնագիտացված դատարան­ների շրջանակը: Նման քայլ արվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 4-րդ գլխով՝ 24-26-րդ հոդվածներով, որպես մասնագիտացված դատարաններ դիտարկելով բացառապես վարչական դատարանը և սնանկության դատարանը:

Դատական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու ճանա­պարհով Հայաստանում «Սահմա­նադրական պատասխանատվության և հակակո­ռուպ­­ցիոն մասնագիտացված դատա­րանի» ստեղծումը սահմանադրականության որևէ խնդիր չի կարող առա­ջացնել և միանգամայն հնարավոր է: Սակայն անհրաժեշտ կլինի օրենսդրորեն հստակեցնել նման դատարանի իրավազորության շրջանակները, դիմող սուբյեկտների կազմը, դատավարական հնարավոր առանձնահատկություն­ները:

– Արդյո՞ք նման դատարանի ստեղծումը չի ստվերի գոյություն ունեցող դատական համակարգը 

– Նման դատարանի հնարավոր ստեղծումը պետք է զուգորդվի գործող դատարանների ու դատավորների անկախության ամրապնդման անհրաժեշտ երաշխիքների ապահովման հետ:  Նրանք ոչ թե միմյանց փոխարինող, այլ փոխլրացնող գործառույթ պետք է իրականացնեն: Դրա լավագույն օրինակն էր վարչական դատարանի ստեղ­ծումը կամ ներկայումս նախատեսվող՝ սնանկության դատարանի ստեղծումը: Խոսքը վերաբերում է համակարգային ամբողջության մեջ դատական իշխանության անկա­խության ամրապնդման ճանապարհով արդարադատության արդյունավետու­թյան բարձրացմանը: Իսկ դա հնարավոր է, եթե արդարադատությունը դառնում է երկրի առջև ծառացած գլոբալ մարտահրավերների հաղթահարման  գործում միջոց:

– Պարոն Հարությունյան շնորհակալություն եմ հայտնում մեր հարցերին պատասխանելու և ներկայացված համառոտ վերլուծականի համար: 

– Խնդրեմ: Պարզապես կցանկանայի ավելացնել, որ այս հարցերի վերաբերյալ ես փոր­ձում եմ նախապատրաստել հայեցակարգային ամբողջական ու համալիր մոտե­ցումներ, որում կփորձեմ առավել ամբողջական պատասխան տալ Ձեր կողմից հնչեցրած ու բազում այլ հարցերի:

 

Տեսանյութեր

Լրահոս