
ԱՄՆ-ը Թուրքիայի պատճառով ցանկանում է ընդլայնել ռազմական ներկայությունը Հունաստանում. Wall Street Journal

ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությունը բանակցություններ է վարում՝ նպատակ ունենալով ընդլայնել գործողությունների մասշտաբները Հունաստանի տարածքում՝ օգտագործելով այդ երկրի ռազմաօդային ու ռազմածովային բազաները Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին՝ կապված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման Անկարայի պլանների հետ: Այդ մասին հայտնել է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնատարներին:
Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ աշխարհաքաղաքական եւ աշխարհագրական գործոնները մեծացնում են Հունաստանի ռազմակայանների գրավչությունը ԱՄՆ-ի զինուժերի համար: Երկու երկրներն էլ անհանգստանալու հիմքեր ունեն ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող Թուրքիայի գործողությունների կապակցությամբ: Ընդսմին Հունաստանն իր բարենպաստ կլիմայով եւ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական օբյեկտներով թույլ է տալիս անցկացնել շուրջօրյա ռազմաօդային վարժանքներ: Ամերիկացի զինվորականները նպաստավոր են համարում այդ երկրում իրենց զորքերի ժամանակավոր տեղաբաշխման առկա հնարավորությունները:
Ինչպես տեղեկացրել են հրատարակության աղբյուրները, բանակցությունները վարում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Կերտիս Սկապարոտին: Նա, սակայն, չի առաջարկում ամերիկյան զորքերն ու տեխնիկան Հունաստանում տեղակայել մշտական հիման վրա: Պոտենցիալ բոլոր առավելություններով հանդերձ՝ Հունաստանի ռազմական օբյեկտների առավել հաճախակի օգտագործումը Վաշինգտոնի կողմից չի դիտվում որպես Թուրքիայում Ինջիռլիկի ավիաբազայի փոխարինում, վստահեցնում են թերթի աղբյուրները:
Հրատարակությունը հիշեցնում է ԱՄՆ-ի զինուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդին, որը, ինչպես անցած շաբաթ հայտնել է Պենտագոնը, Աթենքում Հունաստանի զինուժերի գլխավոր շտաբի պետ Էվանգելոս Ապոստոլակիսի հետ կայացած հանդիպմանը քննարկել է երկկողմ փոխգործակցության ընդլայնումը: Մասնավորապես, Դանֆորդը շնորհակալություն է հայտնել հունական կողմին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: