«Երազը երկար չտևեց». Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչների բաց նամակը Ալեքսեյ Միլլերին
«ԳԱԶՊՐՈՄ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին
Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչներից
(«Գազպրոմ Արմենիա» կողմից կառուցվող ուսումնամարզական կոմպլեքսի հարևանությամբ ապրող բնակիչներից)
Հարգելի պարոն Միլլեր,
Ինչպես հայտնի է, 2015թ.-ի ապրիլի 14-ին՝ Երևանի ավագանու N 313-Ա որոշմամբ սկիզբ դրվեց «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի կողմից «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» ծրագրին, որն, ինչպես բազմիցս մամուլում, ՀՀ Նախագահի աշխատակազմի և «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքերում Ձեր կողմից նշվել է, իրականացվում է «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակում և ունենալու է բացառապես սոցիալական ուղղվածությություն (հղումները՝ http://www.president.am/hy/press-release/item/2017/06/16/President-Serzh-Sargsyan-met-with-Chairman-of-the-Gazprom-Alexey-Miller/http://armenia-am.gazprom.com/press/news/2017/06/1306/):
Սպորտային համալիրը կառուցվում է Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեի 31841.05 քմ մակերեսով հողատարածքում: Ընդ որում, համաձայն Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոստման, տվյալ տարածքում քաղաքապետարանի կողմից պետք է համայնքի բնակիչների համար պուրակ կառուցվեր: Ինչևէ, մենք՝ համայնքի բնակիչներս, այդպես էլ պուրակի կառուցմանը ականատես չեղանք: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ թաղամասին ամենամոտ դպրոցը և մանկապարտեզը տեղակայված են այնքան հեռու, որ հաճախել պետք է միայն տրանսպորտային միջոցի օգնությամբ, որպես սփոփանք ստացանք նոր խոստում, այն է ապահովել թաղամասի երեխաների անվճար ուսումը «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» շրջանակում կառուցվող դպրոցում և մանկապարտեզում:
Առաջին հայացքից թվում էր հիանալի գաղափար, թաղամասի երեխաները հնարավորություն կստանաին անվճար հաճախել բարձրակարգ դպրոց և մանկապարտեզ: Միակ անհանգստացնող փաստն այն էր, որ ևս 3 տարի բնակիչները պետք է շարունակեին ապրել շինարարական փոշու մեջ: Սակայն երազը երկար չտևեց: Թաղամասի բնակիչները՝ Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման ընթացքի, ինչպես նաև դպրոցի ու մանկապարտեզի ընդունելության կարգին ծանոթանալու նպատակով պարբերաբար զանգահարում են «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ և, ի զարմանս բոլորի, պարզվում է, որ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի կողմից հանրությանը որպես սոցիալական և բարեգործական ներկայացված ծրագիրը ընդամենը նոր բիզնես նախագիծ է, իսկ դպրոցի տարեկան վարձը կազմելու է մոտ 1 մլն դրամ (մանկապարտեզը մի քիչ պակաս):
Իսկ եթե հաշվի անենք, որ բնակիչները հանդիսանում են «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի շահառուներ և իրենց բնակարանները ձեռք են բերել հիպոթեքով, և այն հանգամանքը, որ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 250.000 ՀՀ դրամ, ստացվում է, որ այն հասանելի չի լինելու թաղամասի միջին աշխատավարձ ստացող երիտասարդ ընտանիքի համար։ Նախագիծը հասանելի է լինելու հասարակության որոշ խավի համար միայն, որոնք ունեն միջինից զգալի բարձր եկամուտ։ Հետևաբար այս նախագիծը լինելու է հասարակության որոշ շերտերի համար ընդամենը վճարովի լավ կրթության այլընտրանքային հնարավորություն, որը չունի որևէ սոցիալական բաղադրիչ: Արդյոք դա է ենթադրում վերոնշյալ սոցիալական ծրագիրը:
Հարգելի պարոն Միլլեր, քանի դեռ ընկերության կողմից պաշտոնապես չի հրապարակվել ուսումնական հաստատությունների վճարովի լինելու փաստը, հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» ծրագիրը ի սկզբանե բնորոշված է եղել որպես սոցիալական, ինչպես նաև այն, որ համալիրի մերձակայքում առկա չէ որևէ դպրոց և անվճար մանկապարտեզ, խնդրում ենք հնարավորություն ընձեռել թաղամասի երեխաներին անվճար հաճախել իրենց կողմից այսքան սպասված ուսումնական հաստատությունները: Ի վերջո, չինական դպրոցը բացվեց անվճար ի նշան հայ-չինական բարեկամության, գուցե փոխվե՞ն վարձավճարի հանդեպ մոտեցումները ի նշան հայ-ռուսական բարեկամության: