Բաժիններ՝

Քննությունների կենտրոնացումը բազմաթիվ ռիսկեր ունի

Օրերս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ դպրոցների ավարտական քննությունները այսուհետ անցկացվելու են կենտրոնացված ձևով։ Ավելին, դպրոցների տնօրենները և ուսուցիչները պատասխանատվություն են կրելու իրենց աշակերտների արդյունքների համար։ Վերջին պնդումը վիճարկելի է այն առումով, որ բազմագործոն ցուցանիշից հանվում են բոլոր դետերմինանտները և մնում են միայն տնօրենն ու ուսուցիչը։

Ընդ որում, հասկանալի չէ, թե որ ուսուցիչն է պատասխան տալու երեխայի արդյունքի համար. դասվա՞րը, միջին դպրոցի ուսուցի՞չը, թե՞ ավագ դպրոցի ուսուցիչը։ Մինչդեռ, բացի տնօրենից և ուսուցչից, աշակերտների առաջադիմության վրա ազդում են բազմաթիվ կրթական և ոչ կրթական գործոններ։

Օրինակ՝ երեխայի բնատուր ընդունակությունները, ընտանեկան վիճակը, սոցիալական վիճակը, դպրոցի ֆիզիկական վիճակը, ուսումնական պլանը, դասագրքերը, կրթության կառավարման որակը։ Եթե երկրում կտրուկ աճել է ամուսնալուծությունների թիվը, հազարավոր ծնողներ մեկնել են արտագնա աշխատանքի, առկա է աղքատության բարձր տոկոս, կրթական քաղաքականությունը խելամիտ ձևով չի մշակվել և իրականացվել, ապա տնօրենների և ուսուցիչների աշխատանքն էապես դժվարանում է։

Տարբեր տարիներին անցկացված հետազոտությունները վկայում են, որ դպրոցի ազդեցությունն աշակերտի առաջադիմության վրա 10-20%-ի սահմաններում է։ Դա, իհարկե, փոքր թիվ չէ, բայց բավարար չէ բոլոր աշակերտներին բոլոր առարկաների գծով դրական շեմի հասցնելու գործում։ Պրակտիկ դասավանդման փորձ ունեցող մարդիկ շատ լավ գիտեն, որ կան աշակերտներ, որոնց հնարավոր չէ միայն դասավանդման արդյունքում հասցնել դրական շեմի։ Նրանց անհրաժեշտ են աջակցության այլ տեսակներ ևս։

Կարդացեք նաև

Դեռևս խորհրդային տարիներից հայտնի է, որ դպրոցներում անցկացվող ավարտական քննությունների արդյունքները չեն արտացոլում աշակերտների իմացության մակարդակը։ Այդ խնդիրն առկա է նաև այսօր։ Քննությունների խստացումն այն բնական ռեակցիան է, որն առաջ է գալիս, երբ տեսնում ես, թե ինչքան սուբյեկտիվ են թվանշանները։ Բայց քանի որ կրթությունը բարդ, համալիր համակարգ է, միշտ չէ, որ միագիծ մտածողությունն արդարացնում է։ Դիտարկենք ավարտական քննությունները կենտրոնացված անցկացնելու ռիսկերը։

Այս որոշման իրագործումը կարող է ունենալ բազմաթիվ կողմնակի ազդեցություններ։ Օրինակ՝ օբյեկտիվ և խիստ ձևով անցկացնում ենք քննությունները, և պարզվում է, որ մի քանի հազար տղաներ չեն կարող ավարտել դպրոցը, քանի որ առնվազն մեկ քննությունից անբավարար են ստացել։ Քանի որ խոստացել ենք օբյեկտիվ լինել, ապա ոչ մի զիջման չենք գնում և այդ երեխաներին թողնում ենք նույն դասարանում։ Ինչպե՞ս է լուծվելու բանակի համալրման հարցը։

Մեկ այլ հնարավոր հետևանք։ Քննության արդյունքում 10 հազար աշակերտ առնվազն մեկ քննությունից անբավարար է ստանում։ Քննությունների օբյեկտիվ անցկացման դեպքում սա միանգամայն իրատեսական արդյունք է։ Արդյո՞ք կառավարությունը պատրաստ է լրացուցիչ 2 մլն դոլար հատկացնել այս աշակերտներին մեկ լրացուցիչ տարի դպրոցում պահելու համար։ Ընդ որում, 19 տարեկան մարդուն դպրոցում պահելը դժվար թե դրական արդյունք տա։

Այս որոշումից շահելու են այն դպրոցները, որոնցում սովորում են բարեկեցիկ ընտանիքների երեխաները։ Այս երեխաները մասնավոր պարապմունքների են գնում։ Եվ հիմա, եթե խստացվեն քննությունների պահանջները, ապա նրանց ծնողները լրացուցիչ գումարներ կհատկացնեն ավելի շատ մասնավոր պարապմունքների համար։ Այն երեխաները, ովքեր մնալու են դպրոցի դասերի հույսին, ձախողվելու են։ Սոցիալական արդարության տեսանկյունից սա անընդունելի է։

Բացի մասնավոր պարապմունքների ծավալների աճից, այս որոշումն ամբողջությամբ խեղաթյուրելու է դպրոցի ուսումնական գործընթացը։ Դպրոցներն իրենց ամբողջ եռանդն ուղղորդելու են քննական առարկաներին, և անտեսվելու են ոչ քննական առարկաները։ Տարիներ առաջ, երբ ԱՄՆ-ում ներդրվեց «Ոչ մի երեխա չպետք է հետ մնա» ծրագիրը, որը նույնպես նախատեսում էր քննությունների խստացում, այցելել էինք ամերիկյան մի դպրոց։

Մեր այն հարցին, թե՝ «արդյո՞ք օգտագործում եք ուսուցման նորարարական մեթոդներ», ուսուցիչը պատասխանեց. «մենք ամեն ինչ մի կողմ ենք դրել և աշակերտներին վարժեցնում ենք, որպեսզի քննություններին բարձր միավոր ստանան»։ Նույնը կլինի Հայաստանում։ Մի կողմ կդրվեն «Հասարակագիտություն», «Ֆիզիկա» և մնացած առարկաներն ու այդ դասաժամերին աշակերտներին կվարժեցնեն քննական 3 առարկաներից։

Մինչև քննությունների կենտրոնացումը, անհրաժեշտ է նաև վերանայել քննական առաջադրանքների բովանդակությունը։ Այսօրվա քննական առաջադրանքները մեծ մասամբ ստուգում են աշակերտի անգիր անելու ցածրարժեք կարողությունները։ Այս ամենի ապացույցն են գիտելիքների ստուգման TIMSS-2015 միջազգային ստուգատեսում Հայաստանի դպրոցականների արդյունքները։ Դրանք ընդհանուր առմամբ ցածր են, բայց շատ ցածր են մեր դպրոցականների մտածելու հմտությունները։ Սրա պատճառներից մեկն այն է, որ մեր քննությունների ժամանակ հիմնականում ստուգում ենք փաստական գիտելիքը։ Իսկ փաստական գիտելիքի արժեքն աշխարհում շատ ցածր է։ Հետևաբար՝ ի՞նչ իմաստ ունի խստացնել մի գործընթաց, որն առանձնապես օգտակար չէ։

Կարևոր է նաև հաշվի առնել 2 բան։ Նախ՝ դպրոցի հիմնական նպատակն ակադեմիական արդյունքներ ապահովելը չէ։ Շատ ավելի կարևոր են մարդկային, քաղաքացիական որակները։ Աշխարհի շատ երկրներ այսօր նվազեցնում են դպրոցական քննությունների դերը և շեշտը դնում մարդկային որակների զարգացման վրա։ Նման իրավիճակում քննակենտրոն դպրոցական համակարգի ստեղծումն այնքան էլ նպատակահարմար չէ։ Երկրորդ, դպրոցներին ինքնավարությունից զրկելը ճիշտ չէ։ Հասկանալի է, որ Հայաստանում կա վստահության դեֆիցիտ։ Բայց դրա լուծումը վերահսկողության խստացումը չէ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե ինքնավարությունը չի խրախուսվում, մարդիկ կորցնում են լավ աշխատելու մոտիվացիան։ Եթե նախարարությունը դպրոցների ձեռքից վերցնի լիազորություններ, ապա մենք կունենանք մեքենայի անդեմ պտուտակ հանդիսացող տնօրեններ։ Լուծումը դպրոցներին օգնելն է։ Նախարարությունը և կառավարման մյուս մարմինները նախ պետք է բարելավեն իրենց աշխատանքը, որից հետո հնարավոր կդառնա նաև դպրոցների աշխատանքի բարելավումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս