
Վրացական դիպլոմները կճանաչվեն Չինաստանում, չինականները՝ Վրաստանում. հրամանագիր

Չինաստանում կճանաչվեն վրացական դիպլոմները, իսկ Վրաստանում` չինականները. «Վրացական երազանք»-ը համապատասխան որոշում է կայացրել, որը թվագրված է հունիսի 9-ին և ուժի մեջ է մտել հրապարակումից անմիջապես հետո։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Փաստաթղթում նշված է.
«Վրաստանի միջազգային պայմանագրերի մասին» Վրաստանի օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 15-ին ստորագրված «Բարձրագույն կրթության որակավորումների և դիպլոմների/վկայականների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը։
Ըստ օրենքի` արտաքին գործերի նախարարությունը պետք է տեղեկացնի նախագահին և խորհրդարանին համաձայնագրի կնքման մասին։ Արտաքին գործերի նախարարությունը պետք է նաև չինական կողմին տեղեկացնի Վրաստանի կողմից համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտի մասին։