Բժիշկները պարզել են, թե որքան պետք է քնել առողջ լինելու համար
Սրտաբանության եվրոպական ընկերության մասնագետները որոշել են առողջության համար քնի լավագույն ժամաքանակը. համապատասխան մամուլի տեղեկագիրը հրապարակված է ընկերության պաշտոնական պորտալում։
Ինչպես նշել է հետազոտության հեղինակը՝ դոկտոր էպայմինոնդաս Ֆոնտասը, ներկայում բժշկությանը քիչ բան է հայտնի սիրտ-անոթային համակարգի վրա քնի ազդեցության մասին:
Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են փոխադարձ կապը քնի տեւողության եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման միջեւ: Վերլուծվել են ավելի քան 1 միլիոն չափահաս մարդկանց 11 հետազոտությունների տվյալները, որոնց մոտ ավելի վաղ սրտի հետ կապված խնդիր չի եղել: Հետազոտված պացիենտներին բաժանել են երեք խմբի, որոնցից մեկում մարդիկ օրական քնում էին ութ ժամից ավելի, մյուս խմբում՝ վեց ժամից պակաս, իսկ երրորդում՝ վեցից մինչեւ ութ ժամ:
Հետազոտության արդյունքներով՝ գիտնականները պարզել են, որ օրական վեց ժամից պակաս տեւողությամբ քունը սրտի իշեմիկ հիվանդության եւ ինսուլտի զարգացմանը ռիսկը մեծացնում է 11 տոկոսով այն դեպքում, երբ ութ ժամից ավելի քնի տեւողությունը՝ արդեն 33 տոկոսով:
Այսպիսով՝ քնատությունը եւ շատ քնելը տարբեր չափով մեծացնում են սրտի հիվանդություններից եւ ինսուլտից մահվան ռիսկը դիտարկումների միջին ժամանակաշրջանի ընթացքում, որը կազմել է շուրջ իննուկես տարի, պարզել են մասնագետները:
Ֆոնտասը նշել է, որ կարճատեւ քնի դեպքերը հազիվ թե լուրջ վնաս հասցնեն առողջությանը, սակայն անցկացված գիտափորձի արդյունքներով՝ այն բանի բավականաչափ տեղեկություններ են հավաքվել, որ անհրաժեշտ է խուսափել չափից ավելի շատ քնելուց:
Ճիշտ քունը առողջ կենսակերպի կարեւոր բաղադրիչն է, եզրափակել է գիտնականը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Քիլի համալսարանից հետազոտողները եկել են այն եզրակացության, ավելի քան ութ ժամ տեւողությամբ քունը կարող է վնասել նաեւ մարդու հոգեբանությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: