Հայկ Հարությունյանն առաջարկում է էլեկտրիֆիկացնել Երևանի հանրային տրանսպորտը
Էներգետիկայի հայկական գործակալության հիմնադիր, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանն առաջարկում է Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների շրջանակում գործարկել էլեկտրական շարժիչով ավտոբուսներ: Նախկին փոխնախարարը նշել է այն առավելությունները, որոնք բնորոշ են հանրային տրանսպորտի էլեկտրաֆիկացումը:
«Մոտ 90 տոկոս խնայողություն վառելիքի ծախսից, էական տնտեսումներ շահագործման եւ պահպանման ծախսերից, զրո արտանետումներ եւ մաքուր օդ, աղմուկի կտրուկ նվազեցում, մեր միակ շանսը՝ վառելիքը տեղում արտադրել էլեկտրաէներգիայի տեսքով՝ տեղադրելով արևային վահանակներ կանգառներում և ավտոկայաններում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Ըստ նրա՝ միակ բացասական կողմը կարող է լինել սկզբնական ներդրման չափը, որը, տարբեր մոդելներից կախված, միջինում 25 տոկոսով ավելի թանկ է, սակայն մասնագետները կանխատեսում են, որ մինչեւ 2025թ. գինը կհավասարվի։ «Լավատեղյակ լինելով մաքուր էներգիայի ֆինանսավորման մեխանիզմներին՝ հավաստիացնում եմ, որ, եթե Երևանը որոշի ամբողջովին էլեկտրիֆիկացնել հանրային տրանսպորտը, գրանտային և մեղմ վարկային ռեսուրսները այդ սկզբնական գնի տարբերությունը նույնպես կչեզոքացնեն։ Ցանկացած այլ ներդրում հանրային տրանսպորտի մեջ հիմա կլինի ժամանակավրեպ։ Այսքան սպասել ենք։ Հիմա պետք է ամենալավն անել ու ամենաարդյունավետն անել բոլոր տեսանկյուններից»,- հավելել է նա:
Հայկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ վերջին 4 տարվա ընթացքում միայն Չինաստանում արտադրվող էլեկտրական ավտոբուսների տարեկան քանակը աճել է 100 անգամ՝ անցնելով 100 հազար հատի սահմանը: Դա բերել է գնի կտրուկ նվազեցման և արդեն իսկ շատ չինական, եվրոպական, ամերիկյան, նաև ռուսական քաղաքներ հստակ ծրագրեր են իրականացնում, որ ամբողջովին էլեկտրիֆիկացնեն հանրային տրանսպորտը։