Դոնոր կազմակերպությունները՝ հայաստանյան ծրագրերի մասին
Հայաստանում զարգացման ծրագրերին են անդրադարձել մի շարք դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Հայաստանում ընթացող փոփոխություններին ուշադրությամբ հետևում են զարգացման ծրագրեր իրականացնող ամերիկյան կազմակերպություններն ու դոնոր կառույցները: Նման կառույցներից է Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI), որը ծրագրում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Քննարկվում է նաև այստեղ գրասենյակի բացման հնարավորությունը:
«Մենք բանակցում ենք USAID և պետքարտուղարության հետ այն օժանդակության շուրջ, որը պետք է տրամադրենք Հայաստանի կառավարությանը: Շուտով կարծում եմ դրանք կավարտվեն»,- ասում է Սթեֆան Նիքսը:
IRI-ի Եվրասիա տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Սթեֆան Նիքսն առանձնացնում է պետական կառավարման և քաղաքական կուսակցությունների ոլորտները, ուր կազմակերպությունն ունի մեծ փորձառություն: Նա ընդգծում է իրենց պատրաստակամությունը օժանդակել Երևանին՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու հարցում:
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում լուրջ բարեփոխումներ կիրականացվեն ընտրական համակարգում: Կտեսնենք, թե ինչ մոտեցումներ է որդեգրում կառավարությունը, ու եթե կարող ենք օգտակար լինել, ապա պատրաստ ենք օժանդակելու»,- նշում է Նիքսը:
Իր հերթին ԱՄՆ-ի Զարգացման միջազգային գործակալությունը, որը երկար տարիներ Հայաստանում ժողովրդավարության կայացման ու տնտեսական զարգացման ծրագրերի խոշորագույն դոնորներից է, կարևորում է ժողովրդավարական բարեփոխումների ծրագրեի իրականացումը:
«Դեմոկրատական բարեփոխումների աջակցման միջոցով շեշտը դրվում է պետական օղակների արդյունավետ գործունեության ապահովման վրա»,- նշում է գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը:
Անդրադառնալով տնտեսական զարգացման ծրագրերին՝ գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հայկանուշ Բագրատունյանն ընդգծում է, որ գործակալության հիմնական նպատակներից են երկրի բիզնես միջավայրի բարելավումն ու տնտեսական մի շարք ճյուղերի զարգացումը, մասնավորապես գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ու տուրիզմի ոլորտները:
Խոսելով այն հիմնական դժվարությունների մասին, որոնք ի հայտ են գալիս ծրագրեր իրականացնելու ընթացքում գործակալության ներկայացուցիչը մատնանշում է շահառուների համախմբվածության և դոնորների կողմից խնդրի ճիշտ մատուցման անհրաժեշտության վրա:
«Շատ կարևոր է, որ USAID ծրագրերն իրականացնողները կարողանան ճիշտ ուղի գտնել դեպի ծրագրի շահարուները»,- ասում է Բագրատունյանը:
Երկար տարիներ Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնող մեկ այլ կազմակերպության՝ Եվրասիա հիմնադրամի նախագահն էլ հույս է հայտնում, որ Հայաստանի որդեգրած նոր ուղին կնպաստի երկրի հետագա առաջընթացին:
«Այն ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում դժվար էր պատկերացնել մի քանի ամիս առաջ»,- իր հերթին նշում է Եվրասիա հիմնադրամի նախագահ Հորթն Բեբե-Սենթերը:
Հորթն Բեբե-Սենթերն ընդգծում է, որ հիմնադրամի ծրագրերը միտված են երկրի քաղաքացիական հասարակության կայացմանը, մանր ու միջին գործարարության զարգացմանն ու ներդրումների խրախուսմանը: