
Կառավարությունը ՊԵԿ-ին լրացուցիչ 1 մլրդ 873 մլն դրամ կհատկացնի

Կառավարությունը պետական բյուջեից Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի 1 մլրդ 873 մլն դրամ՝ ծխախոտի ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների ձեռքբերման համար: Այս մասին որոշումը հաստատվեց գործադիրի հուլիսի 19-ի նիստում:
Ըստ հիմնավորման, ՊԵԿ-ի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրով ձեռք է բերվել 310 հազար հատ ծխախոտի, 41 հազար հատ ալկոհոլային խմիչքի ակցիզային դրոշմանիշեր և 800 մլն հատ դրոշմապիտակներ: Կատարված վերլուծությունից պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում անհրաժեշտ է լրացուցիչ ձեռքբերել 100 մլն հատ տեղական ծխախոտի ակցիզային դրոշմանիշեր և 400 մլն հատ դրոշմապիտակներ:
Կանխատեսման համար հիմք են հանդիսացել հարկային օրենսգրքով 2018 թվականի հունվարի 1-ից դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա նոր ապրանքների ավելացումը, 2017 թվականի ընթացքում դրոշմապիտակների և ակցիզային դրոշմանիշերի տրամադրման գործունեության փաստացի արդյունքների վերլուծությունը, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների պահանջարկի վրա հավանական ստվերի կրճատման ազդեցությունը: