Բաժիններ՝

«Ռուսական 270 միլիոն դոլարի վարկն էլեկտրաէներգիայի սակագնի վրա անշուշտ կանդրադառնա». Վահրամ Պետրոսյան

Վերջին մեկ ու կես տարում ատոմակայանում անվտանգության մակարդակին ուղղված միջոցառումները կաղում են։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն Վահրամ Պետրոսյանը։

Լրագրողների մեկը հետաքրքրվեց, թե որքա՞ն կարող են ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնել, և որքանո՞վ է դա անվտանգ։ Ի պատասխան՝ Վ. Պետրոսյանը խոսեց միջազգային փորձի մասին. «Նմանատիպ բլոկների կյանքի տևողությունը երկարացվել է Ռուսաստանում՝ 30 տարի նախագծային շահագործման ժամկետից հետո, Ֆինլանդիայում՝ 30 տարի, Հունգարիայում՝ 30 տարի, Ուկրաինայում՝ 30 տարի։ Դա դեռ չի նշանակում, որ մենք միանշանակ ասում ենք, որ այն պետք է երկարացնենք 30 տարի։ Հիմա կարելի է վստահ ասել, որ որոշ միջոցառումներ, ստուգումներ, հատկապես՝ ռեակտորի հետ կապված հաշվարկներ կատարելուց, անվտանգության հիմնավորման հաշվետվությունը պատրաստելուց հետո՝ պետք է ստանալ լիցենզիա, ու այդ դեպքում հայտնի կլինի՝ քանի տարի հնարավոր կլինի երկարացնել»։

Հարցին՝ ՀԾԿՀ-ն վերջերս հայտարարեց, որ ռուսական 270 միլիոն դոլարի վարկը ներառվելու է սակագնի մեջ, սա որքանո՞վ կբերի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, Վ. Պետրոսյանն այսպես պատասխանեց.

«Ես տնտեսագետ չեմ, բայց կարող եմ ասել, որ դա, անշուշտ, սակագնի վրա կանդրադառնա։ Ես ուզում եմ մի փաստ ասել, որ հիմա նաև մոդեռնիզացման աշխատանք է տարվում ատոմակայանում, անշուշտ պետք է այդ հիմնավորումները կատարվեն, ու եթե մենք այսօր 92 տոկոս հզորության տակ ենք աշխատում, ապա կարելի է բարձրացնել հզորությունը մինչև 440 մեգավատտ, այսինքն՝մոտավորապես 40-50 մեգավատտ ավելի արտադրանք է տալու, ինչը հիմա չի տվել, ու եթե դա հաշվենք տարվա կտրվածքով կամ օրական արտադրված էլեկտրաէներգիայի քանակով, դա մեծ էլեկտրաէներգիայի քանակություն է, մեծ գումարներ կբերի, որը կարող է որոշ չափով մեղմել ավելացումը»։

Հարցին, թե ի՞նչն է հիմա սպառնում ատոմակայանի անվտանգ շահագործմանը, Վ. Պետրոսյանը պատասխանեց, որ գոյություն ունի միջոցառումների համակարգ, որին իրենք միացել են, և այդտեղ շարադրված է, թե ինչ միջոցառումներ կան, որոնք պետք է կատարվեն. «Այդ միջոցառումների շարքը պետք է վերցնել ու կատարել»։

Ճշտող հարցին էլ, թե՝ չի՞ կատարվում, Վ. Պետրոսյանն այսպես պատասխանեց. «Պետք է ասել, որ վերջին մեկ ու կես տարում անվտանգության մակարդակին ուղղված միջոցառումները կաղում են ատոմակայանում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս