«Այդ բոլշևիկյան մոտեցումը՝ ձեռքից վերցնենք հարստությունը, չպետք է լինի, դա կարող է շատ բիզնեսմենների վանել Հայաստանից»
Հարցազրույց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ
– Պարոն Խուրշուդյան, վերջին օրերին իրավապահների կողմից իրականացվող լայնածավալ գործողություններն ու բացահայտումները տնտեսական ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ։
– Ե՛վ դրական, և՛ բացասական։ Դրական՝ նրանց համար, ովքեր ուզում են մաքուր աշխատել, իսկ բացասական՝ նրանց համար, ովքեր պատրաստ են մաքուր աշխատել, բայց մինչ այս պահը խաղի կանոնների պատճառով ստիպված չէին աշխատում և հիմա անորոշության մեջ են։ Անորոշությունը միշտ բացասական է ազդում մարդկանց վրա։
Մի պարզ օրինակ. համարենք՝ ես թալանչի եմ, բայց այդ թալանած գումարը չեմ տարել Շվեյցարիայում պահել, այլ այստեղ շինարարություն եմ արել և բանվորներին աշխատավարձ եմ տվել, ցեմենտ եմ գնել, և ցեմենտի գործարանին աշխատավարձ է գնացել, այսինքն՝ թալանը նույնիսկ ինչ-որ չափով տնտեսություն է զարգացնում։
Իհարկե, եթե թալանը չլինի, այդ նույն փողը կծախսվի դրական իմաստով, և արդեն տնտեսության կառուցվածք կփոխվի։ Ահա այդ լայնամասշտաբի սուբյեկտների հետ փոխկապակցված տնտեսական հատվածը, որը կար և մնում է, օրինակ՝ շատ շինարարություն Հայաստանում ստվերում է արվում, հատկապես անհատական բնակարանաշինությունը, և այլն, այդ ոլորտները հիմա անորոշության մեջ են և չգիտեն՝ շարունակե՞լ բիզնեսը, թե՞ ոչ, որովհետև ինչ-որ պայմանագիր են ունեցել, որը, ենթադրենք, ատկատով է եղել, շարունակե՞ն, թե՞ ոչ։ Այսինքն՝ եթե մեր տնտեսության այդ անառողջ հատվածի դեմ տոտալ պայքար գնա, տնտեսական որոշակի անկում կլինի, բայց դեպի առողջացումը։
Մակրոմասշտաբով դա դժվար թե ազդի, տնտեսական աճը կգրանցվի, բայց կառուցվածքային մասում ինչ-որ տուժողներ անպայման կլինեն, որոնք թալանի հետ կապ չունեն, ուղղակի սպասարկել են այն մարդկանց, ում դեմ այսօր լայնածավալ գործողություններ են արվում։ Այդ մարդիկ մի օրում կարող են գործազուրկ դառնալ։ Իսկ սպասումների առումով շատ կարևոր է, որ մարդիկ խաղի կանոնները տեսնեն և հասկանան։ Նոր խաղի կանոնների մասին մենք ոչինչ չգիտենք, և միայն ասել, որ օրենքով է, բավարար չէ, որովհետև մեր օրենքները կատարյալ չեն, և կարող է պարզվել, որ շատ բաներ անհնարին է օրենքով անել, պետք է բարելավել։
– Իսկ ներկայիս հարկային դրույքաչափերի, օրենքների պայմաններում հնարավո՞ր է մաքուր աշխատել և ունենալ շահույթ։
– Այո, շատերն աշխատում են, իհա՛րկե հնարավոր է։ Հայաստանում հարկային բեռը բարձր չէ, Հայաստանը համարվում է բավականին ցածր բեռ ունեցող երկիր, որտեղ հեշտ է աշխատել։ Հայաստանում միշտ խոսում էին, որ խանգարում են բիզնեսին, չէին խոսում, որ հարկերն են բարձր։ Իրականում Հայաստանը գրավիչ է այդ առումով։ Ով չի փորձել բիզնես անել, սկսում է քննադատել, ով փորձել է, զարմանում է, որ ստացվում է։ Նախկինում էլ էր այդպես, շատերն էին բիզնես անում, հիմա առավել ևս կարող են անել։
Բայց մենք շուկայում ունենք աղճատվածություն։ Թիվ 1 հարցն այսօր մնում է մրցակցությունը, որ պետք է ազնիվ լինի։ Մենք անազնիվ մրցակցության շատ դեպքեր ենք ունեցել նախկինում, որոնց մասին չի խոսվում, ընդհուպ՝ մինչև մարդուն ֆիզիկապես արգելելը, որ բիզնեսով զբաղվի, բռնություն և այլն, ինչ ասես եղել է, «ռազբորկաներ», իրար վրա կրակել և այլն։
Այսինքն՝ բիզնես անելու համար ոչ թե արդար էին մրցակցում, այլ նույնիսկ կրիմինալ մեթոդներով սկսում էին քեզ խանգարող դիտարկել և վնասել։ Այսօր դա փոխվել է, ինչը նշանակում է, որ մարդիկ պետք է փորձեն մտնել բիզնես։ Բայց ինձ մտահոգեց այն, որ ասվեց, որ ԱԱԾ-ն երաշխավոր է կանգնում ներդրողին։ Չգիտեմ՝ ինչո՞ւ դա ասվեց, բայց չպետք է այդպես լինի։ Լավագույն տարբերակը վեճերն ու խնդիրները դատական կարգով լուծելն է, բայց դրա համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։
Կարճաժամկետ առումով շատ կարևոր է, որ սեփականության իրավունքը լինի անձեռնմխելի, այսինքն՝ դա է ցանկացած ձեռնարկատիրության, տնտեսության հիմքը։ Այսօր նույնիսկ հասարակ բնակչության կողմից եմ լսում՝ հարստությունը ձեռքից վերցնենք։ Այդ բոլշևիկյան մոտեցումը չպետք է լինի, դա կարող է շատ բիզնեսմենների վանել Հայաստանից։
Մի ժամանակ քննարկվում էր ֆինանսական ամնիստիա կոչեցյալը, որ, իմանալով հանդերձ, որ ոչ օրինական է ձեռք բերված հարստությունը, գիծ է գծվում, ներվում է, որից հետո սկսում է չափվել։ Մենք ունենք այդ օրենքը, որը թերի է, դա ապօրինի հարստացման մասին օրենքն է, որով վերջապես քրեականացվեց հարցը, բայց դրա ենթաօրենսդրական ակտերն այնպես են գրվել, որ կյանքի կոչելը շատ դժվար է։ Պետք է ամեն ինչ շատ խիստ կերպով արվի։ Օրինակ՝ դրա կետերից մեկը, որ մի անգամ Հայաստանում ներդրվեց, հետո մոռացան, պետք է ամեն տարի բոլորը եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։
– Այսինքն՝ ոչ միայն պետակա՞ն հատվածը։
– Այո, բոլորը եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն, որովհետև անօրինական հարստացման դեպքում պաշտոնյան կարող է հարստությունն ուրիշի անունով գրանցել։ Դրա համար բոլորը պետք է հայտարարագիր տան։ Սա իրական դեպք է, որ Էստոնիայում մի դասախոս տուն է գնել, սկզբում գործ չի հարուցվել, պահանջել են եկամտի աղբյուրը ցույց տալ, բայց նա չի կարողացել, և տունն առգրավել են։ Շատ պարզ է։
– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գործարարներին ասել է՝ այլևս Բաղրամյան 26 ճամպրուկներ չուղարկել, բայց աշխատել միայն օրենքի դաշտում։
– Ես դրան պատասխանեմ քաղաքագիտորեն՝ ճամպրուկներ միշտ պետք են, բայց օրինական։ Ո՞րն է օրինական ճամպրուկը։ Մենք բիզնես շահը չպետք է մոռանանք։ Ցանկացած բիզնես ուզում է պաշտպանված լինել, եթե ինչ-որ օրենք է ընդունվում, որն իրեն վնասում է, պետք է կարողանա պաշտպանվել և հակառակն անել։ Դա լոբբիզմ է կոչվում։ Այսինքն՝ քաղաքակիրթ երկրներում այդ ճամպրուկները կան, բայց օրինական են, լոբբիստական գործունեության մեջ են ներդրվում, ստեղծվում են հիմնադրամներ, արշավներ են կազմակերպվում, որ ինքն էլ իր շահն առաջ տանի և կարողանա քաղաքական գործչի վրա ազդել։
Ուղղակի լոբբիզմը պետք է թափանցիկ, երևացող և օրինական լինի։ Լոբբիզմի կլասիկ ձևն այն է, որ նախընտրական հիմնադրամներին են փող տալիս, որ իր պատգամավորը գնա խորհրդարան։ Նախկինում այդպես չէր, և շատ մեծահարուստներ իրենք էին գնում պատգամավոր դառնում, որպեսզի իրենց շահերը պաշտպանեն։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի նշած այդ «ճամպրուկի» գաղափարն այն էր, որ անձն իր բիզնեսն էր պաշտպանում, ուղղակի՝ անօրինական։
Հիմա դա պետք է արվի օրինական ձևով, լոբբիզմի միջոցով։ Ամենամեծ անարդարությունն այնտեղ է, որ ով մուտք ունի վարչապետի մոտ իր ճամպրուկով, միայն նա երաշխավորված լինի։ Դա, իհարկե, քաղաքական պրոցեսներ են, բայց պետք է հասկանալ, որ քաղաքականությունն էլ զարգանալու տեղ ունի, և բիզնեսն էլ տեղ ունի քաղաքականության մեջ, բայց լրիվ այլ և քաղաքակիրթ մեթոդներով։
– Ներկայիս կառավարությունից, որ ժամանակավոր է համարվում, պե՞տք է սպասել տնտեսական լուրջ հաջողություններ, թե՞, այնուամենայնիվ, նրա առաջնահերթ խնդիրը պետք է լինի ազատ, արդար ու թափանցիկ արտահերթ ընտրությունների կազմակերպումը։
– Առաջնահերթությունները հիմա լրիվ ուրիշ են դրված, երևի ավելի ճիշտ են դրված։ Բայց ես այլ կդնեի, տնտեսականը դեռևս չեմ տեսնում գերակայությունների մեջ։
Մարդիկ թերահավատ էին կառավարության հանդեպ, վստահությունը շատ ցածր էր, որովհետև չէին տեսնում ու չէին հասկանում։ Շատ սուբսիդիաներ էր գնում բիզնեսին, բյուջեն ինչ-որ կերպ կատարվում էր։ Առաջինը, որ պետք է արվեր, մարդկանց ներքաշելն է այդ պրոցեսի մեջ։ Ասվեց այդ խոսքը՝ «ներառական տնտեսություն», բայց դա քիչ է, մարդիկ պետք է մասնակցություն ունենան որոշումների կայացմանը, սկսեն վստահել, որ իրենց վճարած 1 լումա հարկը հանրօգուտ է լինելու։ Այդ քայլը կարևոր է, և դա անելուց հետո հնարավոր է լուրջ արդյունքներ ունենալ։
Հիմա շանս է բացվել կտրուկ տնտեսական փոփոխություններ անելու։ Հնում դա դժվար էր, շատ արգելակներ կային։ Այժմ այդ արգելակները դուրս են եկել, բայց վտանգ կա, որ առանց արգելակների՝ կարող է սխալ ուղղությամբ գնանք։ Այսինքն՝ այդ ղեկի հարցն է, թե ուր ենք գնալու, որովհետև երբ հստակ տնտեսական քաղաքականություն չի հայտարարվում, նշանակում է՝ ղեկը բաց ես թողնում ու հայտարարում, թե ուր ուզում է՝ թող գնա։ Հայաստանը փոքր երկիր է, կարող է մեծ հոսանքների տակ ընկնել և սխալ ուղղությամբ գնալ։
Մենք պետք է, իրոք, այսօր այդ տնտեսական քաղաքականության շուրջ խոսենք։ Լուծումը ես ինքս էլ այս պահին չեմ կարող ասել։ Պետք է սկսենք գրեթե զրոյից, որովհետև սոցիալականն ու տնտեսականը փոխկապակցված են, երբեք իրար հետ չեն դիտարկվել։ Մի պարզ օրինակ՝ ծերացող երկրները մտցնում են ծերերի զբաղվածության ծրագիր, դա սոցիալական ձեռնարկատիրության էլեմենտներից մեկն է։ Սկսենք մտածել՝ այդ մարդիկ ի՞նչ են անելու։
– Ակտիվ ծերացման մասին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը խոսում էր։
– Այո, խոսում էր, նույնիսկ գրվել են որոշ բաներ, բայց չի ներդրվել։ Այսինքն՝ տնտեսական քաղաքականությունը հիմա շատ ակտիվ և բազմակողմ պետք է լինի։ Նախկինում խոսել են, բայց ռեալ քայլ չեն արել։ Հայաստանի տնտեսությունը, իրոք, կենտրոնացած է Երևանում, և արդյունքում՝ նաև բնակչությունը։ Մենք այդ ապակենտրոնացման մասին շատ ավելի լուրջ պետք է խոսենք ու գործենք, քան նախկինում։ Երևանը տնտեսական հրեշ է դարձել, թեկուզ՝ բնական ճանապարհով, բայց դարձել է։ Իսկ մենք չենք կարող Հայաստանում ունենալ մի քաղաքի շուրջ տնտեսություն։
Մենք ունենք համայնքներ, որոնց ճակատագիրն օդում է կախված, այսինքն՝ ռադիկալ լուծումներ են պետք, ունենք համայնքներ, որ պետք է փակվեն, բայց մարդկանց հետ խոսելով և այլընտրանք առաջարկելով։ Այնքան փոքր են, որ անիմաստ է դրանք պահել։ Մենք այդ գերփոքր համայնքների մասին ընդհանրապես չենք խոսում։
ԱՄՆ-ի նման պետությունն ունի այդ լուծումը, այնտեղ կան համայնքներ, որ ՏԻՄ-երն ինքնուրույն լուծարվում են, որովհետև չեն կարողանում իրենք իրենց կառավարել։ Հայաստանում այդ առումով սահմանադրականության հարց է առաջանում, բայց մենք այդ խոսակցությունները պատերի ներսում ունենում էինք, դա չէր դառնում քաղաքականություն, հիմա պետք է փորձ արվի իրականացնելու, որովհետև այդ շանսը բացվել է։ Բայց այստեղ մի բայց կա, խնդիրն ընտրություններն են, որոնցից հետո կարող է լիովին այլ կառավարություն ձևավորվել, թեկուզ նույն վարչապետը լինի։ Դա շատ բարդացնում է լուրջ բարեփոխում սկսելու ռիսկը, որովհետև չգիտես, թե հաջորդ կառավարությունը արդյոք կշարունակի՞ այն։ Հետևաբար՝ ընտրություններն ամենակարևորն են։