Շարքային գրպանահատ գեներալի դասը

Վերջին շաբաթներին անդադար խոսվում է էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազման մասին: Առաջնագծում, բնականաբար, քաղաքական ու հասարակական դեմքեր են: Կառավարությունը խոստացել է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ կանցկացնի:

Մարդիկ փորձում են միավորներ հավաքել: Եվ ահա «Տաշիր» ընկերության խումբը հայտարարում է, որ հուլիսի 1-ից անապահով ընտանիքներին մասնակի կփոխհատուցվի էլեկտրաէներգիայի սակագինը: Նույնիսկ հաշվարկներ են հրապարակվում, որ անապահով ընտանիքների համար 25-30 տոկոսով կնվազի էլեկտրաէներգիայի վճարները:

Մեզ հիշեցնում են, որ նման մի բան եղել է 2015թ. օգոստոսից մինչև 2016թ. հուլիսը: Դա հանրահայտ «Էլեկտրիկ-Երևան» շարժման արդյունքն էր, որին հաջողվեց մոտ 11 ամսով հետաձգել սակագնի բարձրացումը: Հիմա խոսքը կրկին ամսական 250 կՎտժ-ից պակաս օգտագործող ընտանիքների մասին է: «Ո՞ւմ հաշվին է լինելու այս էժանացումը» հարցը կանխելով՝ «Տաշիր» ընկերությունը բացատրում է, ու դա անելու է իր եկամուտների հաշվին: Հավանաբար կարելի է այս բացատրությունն ընդունելի համարել:

Կառավարությունն էլ հավանաբար կընդունի այս առաջարկը: Չնայած, որ երկակի սակագնային քաղաքականությունը տրամաբանորեն պիտի համարվեր կոռուպցիոն ռիսկ և չխրախուսվեր: Հատկապես, որ վերջին օրերին էլեկտրաէներգիայի սակագնի մասին տրամագծորեն հակառակ պնդում պարունակող տեղեկատվություն է տարածվում:

Հայտնի է, որ մեր նախորդ կառավարությունը 2015թ. փետրվարին Ռուսաստանի հետ 270 մլն դոլար արժողության վարկային պայմանագիր է կնքել: Մեր կառավարության միջնորդությանբ կնքված այդ պայմանագրով ատոմակայանի 2-րդ` գործող միակ բլոկի շահագործման ժամկետների երկարաձգման ծրագրի իրականացման համար 270 մլն դոլար է վարկ վերցվելու: Ասել է թե՝ շուտով այդ գումարը ներառվելու է էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքի մեջ:

Հետևաբար՝ ինքնարժեքը բարձրանալու է, ու հեռու չէ այն պահը, երբ ՏՄՊՊՀ վսեմ հապավում-անունը կրող հանձնաժողովը հայտ կստանա սակագնի բարձացման մասին: Կստանա: Պատասխանատու և պատշաճ մասնագիտական քննարկում կանցկացնի: Հետո կտա իր համաձայնությունը: Առաջին դեպքը չէ: Հետևաբար՝ ոչ գուշակություն է, ոչ` պայծառատեսություն, այլ կենսափորձ: Կենսափորձ, որ ձգվում է հանձնաժողովի ստեղծման օրվանից ի վեր:

Սույն հանձնաժողովն ում ասես չի մեղադրել իր տիտանական աշխատանքը չըմբռնելու և չգնահատելու դիտավորության հանցակազմով: Իսկ երբ որևէ մեկն առաջարկել է սակագնի առաջարկը քննարկելուն զուգընթաց՝ «ՀԷՑ»-ից պահանջել տեղեկանք, ասենք, խոշոր զվարճանքի համալիրի կամ քաղաքային մեկ-մեկուկես թաղամասի տարածք զբաղեցնող հայտնի առանձնատների էլեկտրաէներգիայի ծախսի ու վճարների մասին` միշտ նույն պատասխանն է ստացել:

«Դա մեր լիազորությունների մեջ չի» խրոխտ պատասխանը միշտ փակել է բոլոր հարցերը: Օրինակ, ժամանակին էլեկտրացանցում կորուստները միշտ հաշվարկվել են ընդհանուր: Վերջին տարիներին էլեկտրացանցերի կորուստները «կոտրվում են» միայն ներքին սպառողների վրա: Արտահանվող էլեկտրաէներգիայի սակագնի մեջ կորուստները չեն հաշվարկվում: Կորուստները ցանցերում հնարավոր են, եթե այդ հոսանքագծով էլեկտրաէներգիա մատակարարվում է միայն ներքին սպառողին: Այսինքն՝ մեր տնտեսվարողներին ու բնակչությանը: Ասեք, որ «հաջողված» հնարք է:

Վերջին օրերին միայն ամենաալարկոտ մարդը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում չի գրում գեներալ Մանվել Գրիգորյանի մասին: Բոլորս ենք ցնցված: Զինվորի բաժնի ու աշակերտական նամակների նկատմամբ վերաբերմունքը բոլորիս համար աններելի է:

Բայց հետաքրքիր է, ասենք, այս առիթով կհրապարակվե՞ն արդյոք, թե որքան հոսանքի վարձ է վճարվել գեներալապատկան առանձնատների և կալվածքների համար: Կհանդգնե՞ն հրապարակել, թե ամսական որքան վարձ են վճարում եվրոպական միջնադարյան միապետների պալատների կամ ժամանակակից խոշոր անասնաֆերմայի մակերես զբաղեցնող առանձնատների տերերը յուրաքանչյուր ամիս մատակարարված էլեկտրաէներգիայի ու գազի դիմաց:

Թե՞ բոլորով շարունակելու ենք զարմանալ, որ սահմանի վրա 150 դոլար արժեցող գազն ինչո՞ւ է կրկնակի գնով վաճառվում բնակչության ու տնտեսվարողների վրա: Զարմանալո՞ւ ենք, թե ինչու է տարիներ շարունակ սարքավորումների ձեռքբերման և արդյունավետության բարձրացման միլիոնավոր դոլարներ վարկային ու ոչ վարկային միջոցներ ներգրավող էներգետիկ համակարգը շարունակում ցանցում 11-12 տոկոս կորուստի մասին «զեկուցել»:

Թե՞ ժամանակն է հասկանալու, որ այդ ամենը կոռուպցիայի արդյունք է: Կոռուպցիա, որի ապացուցումը շատ ավելի բարդ խնդիր է, քան շարքային գրպանահատ գեներալի արարքը: Որի մասին, ի դեպ, ես էլ խոսելու բառեր չեմ գտնում:

Տեսանյութեր

Լրահոս