«Թավջութակն ինձ համար սիրո գործիք է». Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող Ջոնաթան Սվենսեն
Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող, 21-ամյա թավջութակահար Ջոնաթան Սվենսենը (Դանիա) միջազգային ստուգատեսի շնորհիվ իր համար բացահայտեց կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Հունիսի 14-ի երեկոյան պարզ դարձավ այս տարվա խաչատրյանական մրցույթի հաղթողի անունը: Մրցութային արդյունքներից անմիջապես հետո «Արմենպրես»-ն առաջինը հնարավորություն ունեցավ ծանոթանալու խաչատրյանական ժյուրիի սրտերն իր պրոֆեսիոնալիզմով գերած երիտասարդ թավջութակահարի հետ: Մեզ հետ զրույցում Ջոնաթան Սվենսենը պատմում է մրցույթից ստացած իր տպավորությունների, Խաչատրյանի երաժշտությունը բացահայտելու, թավջութակի առանձնահատկությունների ու առաջիկա ծրագրերի մասին:
Երջանիկ և միևնույն ժամանակ ուժասպառ
Անկեղծ ասած՝ շատ հոգնած եմ: Շատ երկար շաբաթ էր՝ լի բազում ելույթներով ու սթրեսով: Բայց ես շատ շնորհակալ եմ բոլորին, հայ ժողովրդին, Հայաստանին, մրցույթի կազմակերպիչներին: Կարող եմ ասել, որ շատ երջանիկ եմ ու միևնույն ժամանակ ուժասպառ:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթի մասին
Ճիշտ է՝ փորձերի ընթացքում ամեն ինչ շատ արագ ստացվեց, բայց պետք է ասեմ, որ նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հրաշալի էր: Շատ ուրախ էի նրա նվագախմբի հետ նվագելուս համար: Մեծ հաճույքով կցանկանայի կրկին հանդես գալ այս նվագախմբի հետ:
Արամ Խաչատրյանի գործերը կատարելու մասին
Արամ Խաչատրյանի գործերից երբեք չեմ կատարել: Առաջին անգամ սովորել եմ նվագել նրա երաժշտությունը հենց այս մրցույթի համար: Շատ հաճելի երաժշտություն էր:
Միջազգային առաջին մրցանակը
Սա առաջին միջազգային մրցույթն է, որին մասնակցում եմ: Նախկինում մասնակցել եմ միայն Դանիայում և Շվեդիայում անցկացվող մրցույթների:
Երաժշտական ընտանիք
Իմ ծնողները երաժիշտներ են, երկուսն էլ ջութակ են նվագում: Հայրիկս նաև դիրիժոր է: Իմ մեջ երաժշտության նկատմամբ սերն առաջացավ շատ վաղ: Գիտե՞ք, ես, կարելի է ասել, ծնվել եմ երաժշտություն լսելով: Երբ ես 3 տարեկան էի, դիրիժորի դեր էի խաղում՝ չինական ձողիկներով: Բայց, երևի, 4 տարեկանում հասկացա, որ իսկապես ուզում եմ նվագել:
Թավջութակի ընտրությունը
Ես ինքս եմ ընտրել այս գործիքը: Իմ կյանքում ոչ ոք երբևէ իմ փոխարեն որոշումներ չի կայացրել: Ես ինքս եմ միշտ որոշել ՝ ինչ անել: Անգամ երբ երեխա էի: Ինձ ոչ ոք չի ասել՝ թավջութակ նվագել սովորիր:
Ես սիրում եմ այս գործիքը: Սիրում եմ, թե ինչպես ես նստում գործիքի կողքը, ասես գրկում ես այն: Թավջութակն ինձ համար սիրո գործիք է: Նվագելիս ոտքերումդ զգում ես գործիքի թրթիռները: Իրականում կարծես ֆիզիկապես կարող ես զգալ գործիքը, մոտ լինել գործիքին: Սա յուրահատուկ զգացողություն է: Եվ ես շատ եմ սիրում գործիքից հնչող ձայնը: Այն յուրահատուկ է, շատ խորը: Ես սիրում եմ բոլոր գործիքները, բայց թավջութակն ինձ համար ամենայուրահատուկն է: Այն բոլոր գործիքներից ամենալավն է արտահայտում մարդկային զգացողությունները:
Հայ թավջութակահարների մասին
Հայ թավջութակահարներից լսել եմ Նարեկ Հախնազարյանի կատարումները: Չեմ հանդիպել նրան, բայց հիասքանչ կատարող է: Հույս ունեմ՝ մի օր կհանդիպենք:
Առաջիկա ծրագրեր
10 օրից մեկնում եմ Միացյալ Թագավորություն: Մի շարք պրոֆեսիոնալ անգլիացի երաժիշտների հետ ձայնագրելու եմ ժամանակակից կոմպոզիտորների լարային կվարտետներ: Այս աշխատանքը կներկայացվի ալբոմի տեսքով: Բացի այդ, ես շատ եմ նվագում կամերային երաժշտություն: Հուսով եմ, որ նաև այս մրցույթն էլ ինձ համար նոր հնարավորություններ կբացի:
Ռոզա Գրիգորյան
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի