Բաժիններ՝

Հայ Մեծանուն Երախտավորների աճյունները պետք է վերահուղարկավորվեն Կոմիտասի անվան պանթեոնում. Ավետիս Բերբերյանը դիմում է վարչապետին

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է ԵՐԱԶԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ».
( Ն. Փաշինյան)

Հարգարժան պարոն Վարչապետ, Խոսքս հոդվածի չեմ վերածելու: Ունեմ ԵՐԱԶԱՆՔ, որը մի շատ նուրբ հարցի հետ է կապված: Բոլորս քաջ գիտենք, թե ինչպես, տարիների ընթացքին հետևողականորեն ապականվեց Երևանի քաղաքային պանթեոնը, թե ինչպես սանտիմետր առ սանտիմետր ծախվեցին գերեզմանատան պուրակները, քայլելու համար նախատեսված արահետները: Շատերը կհիշեն ոռոգման ջրի համար նախատեսված առուները, որոնք վայրենաբար ցամաքեցրին ու կտոր-կտոր գերեզմանների վերածեցին: Շատ տխուր պատկեր է, երբ այցելում ես այդ գերեզմանատուն, որովհետև հաճախ, ոտքի ճանապարհ անգամ չլինելու պատճառով, պարզապես ստիպված ես լինում ուրիշների գերեզմանները տրորելով անցնել, հասնել հարազատիդ, բարեկամիդ, ընկերոջդ, Ուսուցիչներիդ ու Վարպետներիդ շիրիմներին …

…Եվ այս գերեզմանատանը ամփոփված են հայ ժողովրդի մշակույթի հսկաներ՝ Առնո Բաբաջանյանը, էդգար Հովհաննիսյանը, Ավետ Տերտերյանը, Մինաս Ավետիսյանը (Մինաս) , Ավետ Ավետյանը … Ես չգիտեմ, թե ժամանակին ինչ պատճառներով, ում և ինչ խարդավանքների արդյունքում մեր այդ մեծերի աճյունները չեն ամփոփվել Կոմիտասի անվան պանթեոնում և հավատացեք , նույնիսկ էականը դա չէ հիմա… էական է այն, որ այդ մեծությունները, իրենց ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին պատկանելուն զուգահեռ՝ վաղուց, շատ վաղուց համայն հայության բացարձակ արժեքներն են և հայ ժողովրդի հպարտությունն ու արժանապատվությունը: Կարևոր եմ համարում նաև անդրադառնալ Ազատության Հրապարակում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանին, որը մի կողմից շրջապատված է սրճարաններով, մյուս կողմից հսկա աղբարկղերով, ստորգետնյա օդափոխիչ համակարգով, իսկ հենց առջևում՝ երկու-երեք մետր հեռավորության վրա, տեղադրված են փչովի (բատուտ) խաղահրապարակներ:

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվելիս, Ձեր խոնարհումը Մեծն Թումանյանի շիրիմի առջև խորքային գիտակցության և մեծ հարգանքի խորհրդանշական դրսևորում էր հանդեպ Հայ Մեծերը և, ընդհանուր առմամբ, նոր մշակույթի ձևավորման քայլ էր և, երևի հենց դա’ իմ մեջ վերստին արթնացրեց հույս, որ միգուցե, այլ մեծ ու փոքր երազանքների շարքին, որը մեր պետության ու երկրի քաղաքացիներից յուրաքանչյուրն ունի, նաև ա՛յս երազանքը կյանքի կոչելու ժամանակն է, որովհետև վստահ եմ, որ նման որոշման դեպքում երևույթն ինքնին կմղի բազմաթիվ այլ խեղաթյուրված արժեքների վերաիմաստավորման, ու մեր Ազգային գիտակցությունը մի քանի աստիճան ևս կբարձրանա: Տարիներ առաջ, շինծու և անհիմն բանավեճեր տեղի ունեցան հայ ժողովրդի մեծագույն զավակ, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս և մեծատառով Հայ՝ Գրիգոր Գուրզադյանի հուղարկավորության շուրջ:

Գուցե իր տիեզերական մեծությամբ նա չեր տեղավորվում օրվա իշխանությունների «մեծ մտավորականների» մասին ունեցած պատկերացումների նեղ կաղապարի մեջ… ինչևէ, Կոմիտասի անվան հայոց երևելիների պանթեոնում նրան չհուղարկավորելը պատճառաբանվեց ո’չ մի քննադատության չդիմացող ձևակերպմամբ, թե իբր, պանթեոնը մշակույթի’ մեծերի վերջին հանգրվանն է, այլ ոչ գիտնականների:

Վստահ եմ, որ նրանք որևէ տեղեկություն իսկ չունեին անզուգական էսսեիստ և նկարիչ Գուրզադյանի մասին: Սակայն, հիմա խոսքն այդ մասին չէ, այլ անհեթեթ այն ձևակերպման, ըստ որի Կոմիտասի պանթեոնը միայն մշակույթի մեծերի համար է, ու եթե այդպես է, ապա մշակութային ո՞ր հանճարեղ պոռթկումի համար են այնտեղ իրենց վերջին հանգրվանը գտել որոշ քաղաքական գործիչներ…

Կոմիտասի անվան պանթեոնում մի գերեզման կա, որն իր մակերեսով, շուրջ 4-5 գերեզմանատեղ է զբաղեցնում: Ամենևին, որևէ կերպ չվիրավորելով Անդրանիկ Մարգարյանի անձն ու գործունեությունը, այնուամենայնիվ վստահ եմ, որ հենց ինքը՝ Անդրանիկ Մարգարյանը, պիտի զարմանար այդ որոշումը կայացնողների փոխարեն. որոշում, որ ոչ միայն խայտառակ ոտնձգություն էր հայ մեծերի հիշատակի և ընդհանուր առմամբ հայ ժողովրդի hանդեպ,այլ շարունակում է մինչև այսօր հաճախ լուռ, հաճախ էլ բարձրաձայն արդարացի ընդվզման ալիք բարձրացնել:

Եվ ուրեմն, արդարացի պահանջն ինքն է ստիպում, որպեսզի վերը նշված Հայ Մեծանուն Երախտավորների աճյունները վերահուղարկավորվեն Կոմիտասի անվան պանթեոնում:

Այո, ունեմ երազանք՝ խոնարհվել Նրանց շիրիմների առջև Կոմիտասի անվան պանթեոնում՝ Ազգիս երևելիների՝ Իրենց ընկերների և մշակույթի զինակիցների կողքին:

Ես , գեթ մի ակնթարթ չեմ կասկածում կամային որոշումներ կայացնելու Ձեր ունակությանը: Անհնարին ոչինչ չկա, և երեկ անհնարին թվացողն այսօր կարելի է իրականություն դարձնել:

Եթե այս խնդրի տրամաբանական լուծման համար անհրաժեշտ լինի ստորագրահավաք սկսել, ապա պատրաստ եմ ո՛չ միայն ես, այլ վստահ եմ պատրաստ կլինեն նաև հազարամյա հայ մշակույթի մերօրյա շատ ու շատ նվիրյալներ և Հայաստանի բազմահազար հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներ:

Հարգանքով և դրական արձագանքի ակնկալիքով, կոմպոզիտոր ՝ Ավետիս ԲԵՐԲԵՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս