Բաժիններ՝

Թանգարան՝ քարայրում. Արենիի քարանձավն անվերջ ուսումնասիրելու կարիք ունի

Քարե դարից մինչ միջնադար շահագործված Արենիի քարանձավում ուսումնասիրման նյութը երբեք չի սպառվում: Տարիների աշխատանքից հետո անգամ ուսումնասիրված է դրա միայն 3-4 տոկոսը: Նաև պեղածը պահպանելու խնդիր կա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների շրջայցի ընթացքում քարանձավի հսկիչ Արմենակ Մելքոնյանը նշեց՝ քարայրը կարող է հրաշալի թանգարան լինել հենց տեղում ու գրավել ավելի մեծ թվով զբոսաշրջիկների:

Քարանձավի կառուցվածքը

Քարայրն ավելի քան 6000 տարվա պատմություն ունի: Այն եռադահլիճ է: Հնագիտական աշխատանքներ, սակայն, կատարվել են միայն առաջին դահլիճում 2007-ին Հայաստանի ազգագրության և հնագիտության ինստիտուտի կողմից՝ Բորիս Գասպարյանի ղեկավարությամբ: Քարանձավի բնակելի հատվածը դեռ չի գտնվել:

Սակայն ուսումնասիրված տարածքներից մեկը շատ նման է խոհանոցի: Դրա մասին են վկայում գտածոները: Քարայրը բաց է, և կենդանիները հանգիստ մուտք ունեն այնտեղ:

Ուսումնասիրված և ուսումնասիրման ենթակա նյութը

Քարանձավում աշխատանքները շարունակվում են մինչ օրս՝ տարեկան 1-2 ամիս: Ցանկացած հնագիտական պեղավայրում աշխատաքներ կատարելուց հետո անհրաժեշտ է արդյունքները մշակել և հրատարակել, որպեսզի հետո պեղումները շարունակելու թույլտվություն ստացվի: Խնդիր է ոչ միայն գտնելը, այլ նաև գտածը պահպանելը:

Քարանձավը 6 000 տարեկան է, որտեղ 4000 տարի խաղողից գինի են ստացել: Գտնվել են նաև այդ խաղողի կորիզները: Չնայած կատարված մեծ աշխատանքին՝ քարանձավի ընդամենը 3-4 տոկոսն է ուսումնասիրված դեռ: Քարայրի հսկիչն ասում է. «Մեր կյանքը չի հերիքելու դրա ուսումնասիրությունն ավարտին հասցնելու համար»:

Քարայրի եզակիությունը

Քարանձավն օգտագործվել է քարե դարից մինչ միջնադար: Կարստային քարանձավը մարդիկ չեն բացել: Այն լվացվել և բացվել է ջրի կողմից: Հիմնականում նման քարանձավերը լինում են խոնավ, բայց սա եզակի է, քանի որ տարվա ցանկացած ժամանակ չոր է: Հսկիչը փաստում է՝ տարիներ շարունակ այնտեղ աշխատելով ոչ մի անգամ ջուր չի տեսել: Դրա շնորհիվ քարայրի ներսում գտածոները շատ լավ են պահպանվել:

Բացառիկ գտածոները

2008-ին քարայրի կավե անոթի միջից գտնվել է ներկայիս աշխարհի ամենահին՝ 5500 տարեկան կաշվե ոտնամանը: Այն ներկայում գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում: Այնքան լավ է պահպանված եղել, որ սկզբում ոչ ոք դրա տարիքը չի էլ պատկերացրել:

Ոտնամանը 24,5 սմ երկարություն ունի՝ հարմար է եվրոպական 37 համարի կոշիկ հագնողի ոտքին: Ասում են՝ այն եղել է աղջկա և բավականին թանկ: Հսկիչը փաստում է՝ հարյուրավոր զբոսաշրջիկների քարայր է բերում հենց այն հանգամանքը, որ այնտեղ է գտնվել աշխարհի ամենահին ոտնամանը:

Հուշարձանի գտածոների 90 տոկոսը կոկիկ վիճակում է եղել: Քարայրը չի լքվել, գտածոները շատ լավ են պահպանվել: Այս քարայրում է գտնվել նաև աշխարհի ամենահին գինեգործական համալիրը:

Գտնված բրոնզյա կոպեկները հուշում են նաև, որ մետաքսի ճանապարհին մոտ լինելով՝ մարդիկ ժամանակ առ ժամանակ կանգ են առել այնտեղ, օգտագործել որպես կացարան:

Թանգարան՝ հենց քարայրում

Քարայրում ներկայում շատ գտածոներ կան: Հսկիչը կարծում է, որ միայն Երևանում չպիտի լինեն թանգարանները: Արենիի քարանձավը հենց տեղում ևս կարող է թանգարան դառնալ: Աշխարհում տեղում թանգարան ստեղծելու շատ օրինակներ կան:

Արենիի քարայրում պահպանվող անհրաժեշտ անվտանգության կանոնները

Կան անվտանգության խիստ կանոններ, որոնք պետք է պահպանել քարանձավում: Առանց հսկիչի թույլտվության ոչ ոք չի կարող մտնել քարայր: Հսկիչը փաստում է՝ մարդկանց մշտապես իր աչքի տակ է պահում: Քարայրում դժբախտ դեպքեր չեն եղել: 10-15 մարդուց ավելի քարայրում չեն կարող լինել: 1 ժամ գոնե պետք է դադար տալ: Քարայրը պետք է շնչի, մարդիկ ջերմություն են արտադրում, որի արդյունքում օդափոխության համակարգը կխախտվի, և գտածոները շուտ կքայքայվեն: Քարանձավում առավելագույնը կարելի է մնալ 45 րոպե:

Քարայրին շաբաթը 7 օր հետևող միակ հսկիչը

Հսկիչ Արմենակ Մելքոնյանը 11 տարի է, ինչ ամեն օր պահպանում է քարայրը: Նախկինում երբեք չի պատկերացրել, որ այս գործով կզբաղվի ու այսքան կնվիրվի: Իրեն ընկերներից մեկն է առաջարկել: 9:00-19:00-ն քարայրում է լինում: Աշխատում է առանց շաբաթ-կիրակիի: Թեև շատ սիրով է աշխատում, սակայն հույս ունի, որ շուտով ամեն հարց կկարգավորվի, և գոնե կիրակի օրերին հանգիստ կունենա:

Աննա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս