«Հայաստանյան դաշտում խնդիր կա, և դա բացարձակ անձնական խնդիր չէ». Ժիրայր Շահրիմանյան
«Նորամուտ»-ի հերոս այս կոմպոզիտորի գործերը հաճախ են կատարվում արտերկրում: Նա համագործակցում է այնպիսի անսամբլների հետ, ինչպիսիք են «Sinfonia Toronto» նվագախումբը (Կանադա), «New Trombone Collective» օկտետը (Հոլանդիա), «Թերոիր» դաշնամուրային տրիոն (ԱՄՆ), «Սոֆիա» երգչախումբը (Ուկրաինա), ինչպես նաև բազում մենակատարների հետ: Մի շարք միջազգային և հանրապետական մրցանակների դափնեկիր 30-ամյա Ժիրայր Շահրիմանյանը «Արմենպրես»-ի հեղինակային «Նորամուտ» նախագծում պատմում է երաժշտական գործունեության, արտասահմանյան կոլեկտիվների հետ համագործակցության, ժանակակակից հայ երաժշտարվեստի խնդիրների և իր առաջիկա ծրագրերի մասին:
Երաժշտական ընտանիք
Երաժիշտների ընտանիքից եմ, մայրս ջութակի ուսուցիչ է, հայրս՝ կիթառի: Մեր տանը միշտ երաժշտություն է հնչել: 12-13 տարեկանում որոշեցի երաժիշտ դառնալ: Մինչ այդ երաժշտական դպրոց էի գնում՝ դաշնամուրի: Մի քանի նախասիրություն ունեի, հաղթեց երաժշտությունը: Ստեղծագործելու փորձերից հետո հասկացա, որ հենց սա է իմ աշխարհը, իմ հետաքրքրությունը: Մինչ այսօր իմ հետաքրքրությունը պահպանվում է:
Ինձ համար դաշնամուրը որպես գործիք ծնողներս են ընտրել: Շատ շնորհակալ եմ նրանց, որովհետև կոմպոզիտորի համար ամենաճիշտ գործիքն է: Կոմպոզիտորների մեծ մասը դաշնակահարներ են եղել: Երբեմն երգիչների, տարբեր գործիքներ նվագողների հետ հանդես եմ գալիս իմ ստեղծագործությունների կատարմամբ: Դաշնակահարի ուղին չշարունակեցի՝ մտածելով, որ հաջողության հասնելու համար պետք է մեկ ուղղությամբ խորանալ:
Շահրիմանյան ազգանվան մասին
Անգլերեն Վիքիպեդիայում մեր ազգանվան հետ կապված հոդված կա, ուղղակի տառերն այլ կերպ են դասավորված: Շահրիմանյանների գերդաստանը շատ հին է, բավականին հզոր: Մեր արմատները 16-րդ դարից սկսած Երևանում են: Տոհմում եղել են հայտնի վաճառականներ, մեծահարուստներ: Հիմնականում մեր տոհմի նվիրատվությամբ է ստեղծվել Սուրբ Ղազար կղզու Լազարյան ճեմարանը: Այնտեղ կա մեր ազգանվամբ փողոց: Բոլոր փաստաթղթերն էլ պահպանված են: Գերդաստանում եղել են նաև գիտնականներ, մտավորականներ: Այդպես գերդաստանը հասել է 20-րդ դար: Իմ մեծ պապիկը ևս Երևանում հայտնի մանկավարժ է եղել: Այն քիչ տոհմերից է, որ մոտ 500 տարի բնիկ երևանցիներ են: Եթե Շահրիմանյաններ կան, ապա մեր ազգականներն են:
Արտասահմանյան կոլեկտիվների հետ համագործակցություն
Հիմա շատ հեշտ է այլ երկրների ստեղծագործողների հետ համագործակցել, որովհետև կա համացանց, արվեստագետներն իրենց շփումները դրա շնորհիվ ավելի ինտենսիվ են դարձրել: Առաջին համագործակցությունս եղավ Նյու Յորքի «Մինիատյուրիստ» անսամբլի հետ, որը կատարեց իմ ստեղծագործություններից մեկը: Ես այդ ժամանակ դեռ Կոնսերվատորիայի ուսանող էի, և առաջին անգամ իմ գործը հնչեց արտերկրում: Կամաց-կամաց կապերս ընդարձակվեցին, սկսեցի համագործակցել նվագախմբերի, երգչախմբերի հետ: Քանի որ նոտաներս թվայնացված են, համացանցով ուղարկում եմ տարբեր կոլեկտիվների, երաժիշտների, եթե ցանկություն լինում է համագործակցելու, համագործակցում ենք: Ավելի շատ գործերս հնչում են արտասահմանում, քան Հայաստանում, բնական է, որովհետև այնտեղ հնարավորություններն ավելի մեծ են:
Ժանակակակից հայ երաժշտարվեստի թիվ մեկ խնդիրը
Հայաստանյան դաշտում խնդիր կա, և դա բացարձակ անձնական խնդիր չէ: Մեր պետական կոլեկտիվները՝ նվագախմբերը, երգչախմբերը, որոնք պետությունից ստացվող աշխատավարձով են աշխատում, վերջին 15-20 տարիներին համակարգված կերպով հայ երաժշտություն չեն կատարում: Լավ կլինի, որ նվագախմբերի երկացանկում 30-40 տոկոսը հայ երաժշտություն լինի, դրան զուգահեռ՝ համաշխարհային դասական երաժշտություն: Մեկը մյուսին պետք է լրացնի և չճնշի: Մեր նվագախմբերի, երգչախմբերի մեծ մասն իր վրա հայ երաժշտություն կատարելու ֆունկցիան չի վերցնում: Քանի որ մենք՝ երիտասարդներս հեղափոխություն արեցինք, և ես էլ ակտիվ մասնակից էի, հուսով եմ, որ այդ հարցում էլ վերանայում կարվի: Ես էլ հետամուտ կլինեմ դրան:
Մի բան է, որ մի հեղինակ անձնական կապեր է ունենում, և ինչ-որ անսամբլ կատարում է իր ստեղծագործությունը, մեկ այլ բան է, երբ դա լինում է համակարգված, ինչպես եվրոպական և ամերիկյան երկրներում է: Բոլորովին պետք չէ համատարած կատարել այն, ինչ գրվել է: Բայց պետք է կատարվեն այն կոմպոզիտորների գործերը, ովքեր հասել են որոշակի հաջողությունների, հնչում են երկրից դուրս: Ճիշտ է, որ նրանց գործերն էլ կատարեն, և հայ կոմպոզիտորների գործերի կատարումը ներառված լինի նվագախմբերի տարեկան ծրագրերում:
Կոմպոզիտորների միության նորաստեղծ նվագախմբի մասին
Հոյակապ գաղափար է, Աստված տա՝ ստացվի: Իհարկե, դժվարությունների հետ է կապված:
Եթե կոմպոզիտորը չլսի իր ստեղծագործությունը, չտեսնի իր սխալները, չվերանայի դրանք, ապա չի աճի, չի դառնա միջազգային մակարդակի ստեղծագործող:
Կոմպոզիտորների միության նվագախմբի հետ արդեն համագործակցում եմ: Լարային նվագախմբի համար «Սերենադ» եմ գրել, նվագախումբը նախատեսում է այս աշնանը կատարել այն: Հայաստանում «Սերենադը» երբևէ չի կատարվել: Շատ ոգևորիչ է, որ երիտասարդները նվագում են հայ կոմպոզիտորների գործեր:
Նոր ստեղծագործություն
Այս պահին գրում եմ Երկրորդ սոնատը թավջութակի և դաշնամուրի համար: Սրանից երեք տարի առաջ գրեցի Առաջին սոնատը, որը կատարեցինք իմ տաղանդավոր ընկերոջ՝ Սերգեյ Կոսեմյանի հետ: Այս աշնանը նա ԱՄՆ-ից գալու է Հայաստան, հուսով եմ, որ նաև այս երկու սոնատների պրոֆեսիոնալ ձայնագրություն կանենք: Նոր սոնատը 15-20-րոպեանոց ստեղծագործություն է:
Ստեղծագործողն ու ոգեշնչումը
Ստեղծագործությունների լավ կատարումները շատ լուրջ ոգևորում են: Նույնիսկ, եթե ներկա չես կատարմանը, ստանում ես ձայնագրությունը, տեսնում ես, թե ինչ բարձր մակարդակի կատարում էր, ծափահարություններ են հնչում, նյութեր ես կարդում. այս ամենը ոգևորում է: Այսինքն՝ այն, ինչ անում ես, միայն քեզ չէ հետաքրքիր, այլ մարդիկ էլ են հետաքրքրվում:
Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան
Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի