Արցախը հանձնել է Փաշինյանը․ դա տեղի ունեցավ մեր աչքի առաջ. Նրա հայտարարությունները նախընտրական տրյուկներ են. Բագրատյան
Նիկոլ Փաշինյանն այսօր էլի հիշել էր նախկիններին․ առհասարակ, ավանդույթի համաձայն, նախընտրական ելույթներում նախկինների թելը մշտապես անցնում է Փաշինյանի խոսքուզրույցներում։
Այսօր՝ հերթական ճեպազրույցի ժամանակ, երբ լրագրողները կառավարությանը մեղադրեցին 2021 թվականի ծրագիրը չկատարելու և, ի վերջո, Արցախը հանձնելու մեջ, Փաշինյանն արձագանքեց՝ իրենց ծրագրի նախաբանում նշված էր առաջնահերթությունը՝ խաղաղությունը տարածաշրջանում։
Լրագրողները հիշեցրին նաև Փաշինյանի հայտարարությունը, որով նա ճանաչել էր Լեռնային Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս։
Փաշինյանն արձագանքեց՝ նախ նկատելով, որ՝ «ոչ մի կառավարություն այնքան շատ բան չի արել Ղարաբաղի համար, որքան մեր կառավարությունը», ապա հավելեց՝ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է՝ Հայաստանի անկախ պետություն լինելը թույլ չտալու համար։
«Եվ այդ գործընթացը ղեկավարել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, հիմա էլ նրանց հարակից ռուսաստանա-բելառուսական օլիգարխներին են բերել՝ հասկանալով, որ իրենց քարտը մարված է»,- նշել է նա։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 168․am-ի հետ զրույցում թարմացրեց Փաշինյանի հիշողությունը․ «Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը կիսաանկախ պետություն էր, և ստեղծվել էր Մինսկի խումբ, որը ճանաչել էր՝ Ղարաբաղի ինքնորոշման պրոբլեմն իրավական է, արդար է, և պետք է լուծում գտնել։ Դա աշխարհի ռեակցիան էր։
Ղարաբաղն ամբողջությամբ անկախ չէր, բայց Ղարաբաղում մենք օրինական կիրառում էինք հայկական դրամը, Ղարաբաղի արտադրական սուբյեկտներն անում էին էքսպորտային և իմպորտային օպերացիաներ, ավելին՝ Ղարաբաղի քաղաքացիները՝ ռեզիդենտները, ստանում էին հայկական անձնագիր, և տրվում էին վիզաներ, նրանք կարող էին ազատ ճամփորդել, և այլն։ Այսինքն`Արցախը կարողացել էր շատ բաների հասնել։ Արցախի կարգավիճակը բացարձակ օրինական էր, քանի դեռ Մինսկի խումբը որոշում չէր կայացրել։
Արցախն Ադրբեջանին հանձնել է Նիկոլ Փաշինյանը․ դա տեղի ունեցավ մեր աչքի առաջ. Մնացած բոլոր հայտարարությունները՝ նախագահների, ինչ-ինչ օլիգարխների մասով, դրանք նախընտրական հերթական տրյուկներ են, որով փորձում են մոլորեցնել ընտրողներին»։



