Ադրբեջանցիները ոչնչացրել են Խնածախի հուշարձաններն ու հերոսների գերեզմանները. լուսանկարներ
Ադրբեջանական կողմը ոչնչացրել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները։ Այս մասին հայտնում է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) հարթակը։

Նշվում է, որ 2025 թվականին ադրբեջանական կողմը վերաբնակեցրել է Խնածախ գյուղը և տարածել ադրբեջանցիների «վերադարձը» փաստող լուսանկարներ: Արբանյակային լուսանկարները փաստում են, որ ադրբեջանական կողմը ոչնչացրել է գյուղի հուշարձանները։

«Դեռևս 2025 թվականի հուլիսին ոչնչացվել է գյուղի` Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները, Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղի պաշտպանների շիրիմները, որոնք գտնվում էին հուշարձանի տարածքում: Ոչ միայն ոչնչացվել է հուշարձանը, այլ նաև կատարվել են զգալի հողային աշխատանքներ, ինչն ակնհայտ երևում է, երբ համեմատվում են հուշարձանի 2023 թվականի արբանյակային լուսանկարները: Ոչնչացված հուշարձանի տեղում կանգնեցրել են գյուղի հնարած ադրբեջանական անվան (Xanyurdu kəndi) ցուցանակը»,–նշված է հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանների ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։

Նման գործելաոճը խախտում է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող` 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը։
«Հուշարձանի ոչնչացումը խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ մշակութային արժեքների պաշտպանության դրույթներն ունեն միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի` Փարիզում տեղի ունեցած 33-րդ նստաշրջանի գլխավոր կոնֆերանսի կողմից 2003 թ. ընդունված «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին» հռչակագիրն արգելում է ժառանգության դիտավորյալ ոչնչացումը։



